Չորեքշաբթի, 29 Մարտի, 2017

Հայաստանը հրաժեշտ կտա բլեֆին. Ինչ է ասել Թեհրանը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017, 17:18


Կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում է կապի ու տրանսպորտի նախարարության հիմնադրած «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը: Այդ ընկերությունը ստեղծվել էր Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցով զբաղվելու համար, 2009 թվականին:

Պետք է ենթադրել, որ փաստացի պատմության գիրկն է ուղարկվում Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը:

Այդ նախագիծը հռչակվեց 2008 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Սերժ Սարգսյանը իր նախագահության շրջանում առաջին ու վերջին ուղերձը հնչեցրեց ԱԺ ամբիոնից:

Դրանից հետո, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը չի առարկայացել: Ընթացքում տեղի են ունեցել ինչ որ հայտարարություններ, 2009 թվականին ստեղծվել է այդ կազմակերպությունը: Մի քանի տարի առաջ կապի ու տրանսպորտի նախարարությունը ինչ որ «Ռասիա ՖԶԵ» կազմակերպության հետ ստորագրեց հուշագիր, ըստ որի այդ կազմակերպությունը պետք է զբաղվեր շինարարության համար ներդրում ներգրավելու հարցով: Իրականում, դա այլ բան չէր, քան ընդամենը հերթական ցուցադրությունը, քարոզչություն:

Այդ շրջանակում, Հայաստանի կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը անգամ հայտարարել էր, թե Չինաստանի իշխանությունը փող է հատկացնելու շինարարությանը մասնակցելու համար:

Իրականում, Իրան-Հայաստան երկաթուղին չհետաքրքրեց որեւէ խոշոր ներդրողի՝ պետության, թե կազմակերպության: Կարծիք կա, որ պատճառը դրա թանկ՝ մոտ 3.2 միլիարդ դոլար, միեւնույն ժամանակ տնտեսապես ոչ գրավիչ լինելն էր, այսինքն ծախսը հետ բերելու ոչ այնքան տեսանելի հեռանկարը:

Անկասկած, այդ հանգամանքը ունի զգալի տեղ: Միեւնույն ժամանակ, օրինակ այդպիսի կարծիքներ հնչում էին Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության ընթացքում: Հայտարարվում էր, որ այն թանկ է եւ տնտեսապես ոչ շահեկան: Բայց նավթամուղը կառուցվեց:

Բանն այն է, որ այդօրինակ գլոբալ նախագծերը պայմանավորվում են ոչ միայն տնտեսական գործոններով, գնով: Բայց ներդրումների արժեքը կամ գինը որոշվում է ոչ միայն «հետգնման» տրամաբանությամբ, այլ նաեւ քաղաքական շարժառիթներով: Այդպիսի նախագծերի դեպքում բանը միայն առեւտրային շահութաբերության արագության հեռանկարը չէ , այլ նաեւ քաղաքական շահը, անվտանգության շահը:

Իրան-Հայաստան երկաթուղին որեւէ մեկին չէր կարող հետաքրքրել նաեւ այդ տեսանկյունից, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հսկայական քաղաքական ազդեցության ներքո:

Աշխարհի, կամ աշխարհում Ռուսաստանից բացի ազդեցիկ որեւէ ներդրողի համար այդ նախագիծը հետաքրքիր դարձնելու համար Հայաստանը պետք է ինքը դառնար քաղաքականապես հետաքրքիր, չընկալվեր իբրեւ ռուսական քաղաքականության անմնացորդ կցորդ, ենթակա, որի գործողություններում սեփական շահն ու ինքնիշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ռուսաստանի շահը:

Իսկ Ռուսաստանը այդ երկաթուղու նախագծի վերաբերյալ իր կարծիքը բավական պատկերավոր արտահայտեց՝ Հայաստան-Իրան երկաթուղին ոչ մի տեղ չտանող պատ է:

Ռուսաստանին այդ երկաթուղին ոչ միայն պետք չէ, այլ պետք չէ, որ այն կառուցվի թեկուզ այլ փողով, որովհետեւ դա կլինի թե Հայաստանում, թե ընդհանրապես Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման երկաթուղի:

Ինչ խոսք, ամենեւին երաշխավորված չէ, որ Ռուսաստանի ազդեցության տակ չլինելու պարագայում Հայաստանն արդեն գտած կլիներ հնարավոր ներդրողին, գործընկերոջը: Խնդիրն այն է, որ լինելով այդ ազդեցության տակ, Հայաստանը չէր էլ կարող իրականացնել լիարժեք ու արդյունավետ որոնում:

Այդպիսով, «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը կազդարարի գլոբալ մի բլեֆի ավարտ, ինչը ներկայիս պայմաններում վատ էլ չէ, կամ գոնե չարյաց փոքրագույնն է:

Հետաքրքիր է, որ որոշումը կառավարության օրակարգում է հայտնվում Իրանի նախագահի Հայաստան կատարած այցից մոտ երեք շաբաթ անց: Ըստ ամենայնի, Թեհրանը Երեւանին խորհուրդ է տվել մաքրել հայ-իրանական հարաբերությունը բլեֆներից եւ կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա:

Դրանցից մեկը կարող է լինել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, թեեւ դրա շինարարության ընթացքը, արդյունավետությունը, դինամիկան առաջացնում են մեծ հարցեր եւ դեռ պետք է պարզել, արդյոք այդ նախագիծը առարկայական է, թե նույնպես բլեֆ:

Դա էլ նույն ուղերձով հռչակված գլոբալ նախագծերից մեկն է, որը 2008 թվականից ի վեր իրականություն է ընդամենը 50-60 կիլոմետրով կամ 10 տոկոսով, այն էլ ամենամատչելի հատվածում, եւ այն էլ ոչ ամբողջությամբ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com