Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Ալիեւը Սարգսյանին պատասխանեց սպանությամբ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 11:46


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Տավուշի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հոկտեմբերի 10-ին զոհվել է Հայաստանի բանակի 19-ամյա զինծառայող: Այդ տեղեկությունը հաջորդել է Իլհամ Ալիեւի հայտարարության առիթով Սերժ Սարգսյանի տված կոշտ պատասխանին:

Ալիեւը հայտարարել էր, թե ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի: Սարգսյանը խոսնակի միջոցով արձագանքել էր, որ Ալիեւը խեղաթյուրում է իրականությունը, որ հայկական կողմը հետքայլ չի անի Վիեննայի օրակարգից, որը հրադադարի մեխանիզմի ներդրման օրակարգն է: Միաժամանակ Սարգսյանը ընդհուպ անձնական որակավորման թափանցիկ տողատակով կոշտ բնորոշումներ էր տվել Ալիեւի քաղաքականությանը, որակելով այն խայտառակություն:

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետեւանքով ողբերգական միջադեպերը հազվադեպ չեն, եւ Ադրբեջանը սպանության դիմում է պարբերաբար, ըստ այդմ բավական դժվար է ասել, թե արդյոք հերթական սպանությունը կապ ունի Սարգսյանի կոշտ արձագանքի հետ, եւ դա էլ Ալիեւի պատասխանն է Սերժ Սարգսյանին:

Միեւնույն ժամանակ, սահմանային մարդասպանության ալիեւյան քաղաքականությունը ունի նաեւ որոշակի բնորոշ գիծ՝ նա հատկապես դիմում է դրան այս կամ այն կարեւոր «բանակցային» հանգրվանից առաջ կամ հետո:

Համենայն դեպս, նկատելի է այդպիսի որոշակի օրինաչափությու»: Հետեւաբար կարող է առաջանալ հարց, թե արդյոք այս դեպքում բանը ոչ այնքան Սերժ Սարգսյանի պատասխանն էր, որքան այն, որ Սոչիում հոկտեմբերի 11-ին հնարավոր է թեկուզ ոչ պաշտոնական քննարկում՝ Պուտինի հովանու ներքո, քանի որ Սարգսյանն ու Ալիեւը միաժամանակ գտնվելու են Սոչիում՝ ԵՏՄ ու ԱՊՀ վեհաժողովների համար:

Հնարավոր է նաեւ, որ հենց Սոչիին ընդառաջ, Սոչիի կապակցությամբ որոշակի սպասումների հետ կապված է Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքել Ալիեւին, քանի որ նա կարծես թե ոչ միշտ է Ալիեւի հայտարարությունները արժանացնում այդօրինակ ուշադրության:

Ամենեւին բացառված չէ իհարկե, որ Տավուշի մարտական դիրքում հայ զինվորի սպանությունը պարզապես սահմանային հերթական ողբերգական միջադեպն է, որ համընկել է որոշակի քաղաքական իրադարձությունների, քանի որ ի վերջո այդպիսի միջադեպեր լինում են «անկախ» որեւէ քաղաքական հանգրվանից կամ զարգացումից: Դժբախտաբար, այդ մարդկային ողբերգությունները չկարգավորված հակամարտության, չդադարած պատերազմի, խրամատային դիմակայության գործնականում անխուսափելի հետեւանքն են:

Բայց դրանք գուցե անկախ ամեն ինչից թողնում են նաեւ քաղաքական հետեւանք, ազդեցություն են ունենում քաղաքական գործընթացների վրա: Այդ տեսանկյունից, Սարգսյանը կոշտ եւ դիմահար հայտարարություն ուղղեց Ալիեւին, իսկ Ալիեւն էլ փաստացի կրակեց Սերժ Սարգսյանի ուղղությամբ:

Ինչպես է դա ազդելու, ի՞նչ հետք է թողնելու Սոչիում նրանց համաժամանակյա ներկայության եւ ֆորմալ կամ ոչ ֆորմալ եռակողմ շփումների վրա, կամ թեկուզ Պուտինի հետ առանձին երկկողմ շփումների վրա, որոնցում անկասկած կշոշափվի նաեւ արցախյան հարցը:

Իրավիճակը բավական տխուր խորհրդանշականությամբ հիշեցնում է 2015 թվականի մարտը, երբ Սերժ Սարգսյանն աննախադեպ չոր եւ սուր բնորոշումով անդադարձավ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը: «Արարատի ստորոտին» խորագրով երեւանյան միջազգային մեդիաֆորումում նա պատասխանելով արտերկրի լրագրողների հարցերին, ասաց, որ երբ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, դա կարող է վատ անդրադարձ ունենալ հայ-ռուսական հարաբերության վրա, որովհետեւ անկախ, թե ինչ զենքով է Ադրբեջանը խախտում հրադադարը՝ հայ զինվորը մտածում է, որ իրեն սպանում են ռուսական զենքով:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարության հաջորդ օրն իսկ սահմանին տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիոն գրոհ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ:

Այժմ, Սերժ Սարգսյանի սուր եւ կոշտ արտահայտությանը հաջորդում է սահմանից զոհի մասին տեղեկությունը, կրակոցի հետեւանքով:

Դիվերսիայի հնարավորությունը հայկական կողմը սահմանափակել է զգալիորեն, հագեցնելով առաջնագիծը խորքային դիտարկման հետախուզական սաքավորումներով: Դրա շնորհիվ Ադրբեջանը փետրվարի 25-ին դիվերսիայի փորձին ստացավ ուժգին հարված: Դրանից հետո ադրբեջանցիները կարծես թե դիմում են առավելապես դիպուկահարների միջոցով մարդասպանության տարբերակին:

Կա մասնագիտական կարծիք, որ դիպուկահարի համար զինվորը հասանելի կդառնա միայն մարտական հերթապահության անվտանգության կանոնները խախտելու դեպքում: Միարժեք այդպես է, թե ոչ, իհարկե բավական բարդ է ասել: Խրամատային պատերազմը չափազանց ծանր է նաեւ հոգեբանական, նյարդային առումով:

Միեւնույն ժամանակ, բավական նյարդային ու բարդ հոգեբանական վիճակ է Ալիեւի մոտ, որը խորանում է ապրիլյան պատերազմից հետո, թե ներքին, թե արտաքին առումով: Աշխարհքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ապրիլյան ագրեսիայի տապալումը նրան բերել է փակուղի: Եթե մինչեւ ապրիլ մարդասպանության կամ այսպես կոչված ռազմական դիվանագիտության քաղաքականությունը նրա համար հաջողված շանտաժ էր, ապրիլից հետո այն ավելի ու ավելի ստանում է բումերանգի էֆեկտ:

Ալիեւը մերժում է եւ դիմադրում Վիեննայի օրակարգին, մյուս կողմից սակայն մերժման գործիք մնացած մարդասպանությունը էլ ավելի է ակնառու դարձնում այդ օրակարգի անհրաժեշտությունը:

Իհարկե, քաղաքական այդ համատեքստից դուրս եւ ամեն ինչից վեր է մարդկայինը, որն արժենում է երկու կողմի զինծառայողների կյանքեր: Սակայն, Վիեննայի օրակարգը հենց այդ կյանքերն ապահովագրելու օրակարգն է: Սակայն դրանից դուրս, հայկական կողմն անկասկած պետք է ունենա իր զինծառայողների կյանքն ապահովագրող իր գերակա օրակարգը, որը առաջնագծում զինվորի անվտանգության բարձրացմանը ուղղված անընդհատ քայլերն են՝ թե կարգապահության, թե ռազմա-տեխնիկական հագեցածության հարթության վրա:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com