Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Սերժ Սարգսյանի ահազանգը Սոչիում. Հայաստանը դուրս է մնում ԵՏՄ-ից

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 10:05


Սոչիում ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան այն փաստի արձանագրումը, որ միություն որպես այդպիսին չկա: Ավելի ճիշտ, եթե կա էլ, ապա ոչ Հայաստանի մասով, չնայած Հայաստանը կարծես թե մնում է դրա ամենաեռանդուն ջատագովը, պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները, նույնիսկ կամուրջներ է առաջարկում Եվրոպային, Իրանին, արաբական աշխարհին եւ այլն:

Սերժ Սարգսյանի ելույթը արձանագրումն էր նաեւ այն հանգամանքի, որ ԵՏՄ երկրները ոչ միայն չեն գնահատում Հայաստանի այդ ջանքերը, ոչ միայն չունեն դրա կարիքը, այլ ավելին՝ Հայաստանը խանգարում է իրենց: Դա հստակ երեւում է Սերժ Սարգսյանի մատնանշած ամենատարբեր բնույթի խնդիրներից՝ սկսած ինտեգրացիոն ծրագրերից, վերջացրած հաշիվ-ապրանքագրերով, որոնց բախվել է Հայաստանն այդ միությունում:

Իսկ խնդիրները շատ են եւ գնալով խորանում են: Մասնավորապես, այլ երկրների կամ միությունների հետ ԵՏՄ հարաբերությունների հարցում:

«Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց», ասել է Սերժ Սարգսյանը մասնավորապես Չինաստանի հետ ԵՏՄ հարաբերության մասով:

Այս մեջբերումը շատ բանի մասին է վկայում:

«Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը չինական Մետաքսի նոր ճանապարհի նախագիծն է, եւ երեւում է ԵՏՄ անդամ երկրները, որոնք ընկած են այդ ճանապարհի մի ճյուղավորմանը, «սեպարատ» բանակցություններ են վարում Չինաստանի հետ: Սակայն դա ինչ որ առումով բնական է՝ Հայաստանը ոչ աշխարհագրորեն, ոչ էլ հաղորդակցական առումով եվրասիական տարածք չէ, եւ եթե Մետաքսի «եվրասիական» ուղին անցնի նաեւ Հայաստանով, ապա ստացվում է մի մեծ ու անիմաստ «պավառոտ»:

Մետաքսի ճանապարհը լինելու է բազմաճյուղ, բայց Հայաստանը կարող է հայտնվել լիովին այլ ճյուղավորման մեջ: Դա էլ տեղի է ունենալու՝ «ջուրը հոսում է ամենակարճ ճանապարհով ու նվազագույն դիմադրության ձեւով», ասվում է հին չինական իմաստության մեջ:

Հայաստանը մտնելով ԵՏՄ, հայտնվել է անբնական վիճակում բոլոր առումներով: Սակայն անհնար է դիմադրել բնական գործընթացներին ու բնական շահերին, քանի որ ջուրը միշտ գտնում է իր ճանապարհը: Հայաստանի ու ԵՏՄ ջրերը տարբեր հունով են հոսում, եւ Սերժ Սարգսյանի ելույթն ընդամենն այդ իրողության ապացույցն է:

Աշխարհքաղաքական խոշոր նախագծերը եւ նոր զարգացումները ավելի են խորացնելու այս հանգամանքը: Հայաստանը դուրս է մնալու ԵՏՄ-ից, որովհետեւ քաղաքական շահերի ու քաղաքակրթական պատկանելության այլ հարթությունում է:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com