Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Էսկալացիայի նոր փուլ. ինչի են պատրաստվում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 16:49


Ռուսաստանի սահմաններին ԱՄՆ ռազմական ներկայության ամրապնդումն ազդանշան է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն ջանքերը կենտրոնացնի այդ ուղղությամբ երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար, հայտարարել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը:

Այսօր ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ սահմանների մոտ՝ Լեհաստանում ու Բալթյան երկրենրում, ԱՄՆ ԶՈւ մի ամբողջ դիվիզիա է տեղակայվել:

Ընդ որում, Շվիտկինը նշել է, որ Բալթյան երկրները «պետք է հստակ հասկանան, որ ԱՄՆ-ն նրանց պատանդի վիճակում է դնում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ»:

 «ԱՄՆ-ում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից դրոշներ պոկելու ամերիկյան գործողությունները, իմ կարծիքով, համակարգված աշխատանք, համակարգված միջոցառումներ են լարվածության էսկալացիայի համար», - ասել է Շվիտկինը:

Հիշեցնենք, որ այսօր ամերիկացի ազդեցիկ սենատորներ Մաքքեյնն ու Քարդինը նամակով դիմել են Դոնալդ Թրամփին՝ խնդրելով բացատրել, թե ինչու Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուժի մեջ չեն մտնում: Օրենքում նշված է, որ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 1-ին:

Ռուսաստանի Պետդումայում խոսում են երկու երկրների միջեւ էսկալացիայի նոր փուլի մասին: Ինչի՞ են պատրաստվում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Վաշինգտոնն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում, իսկ ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ստորաբաժանումը Ռումինիայում: Դա նշանակու՞մ է, որ Արեւմուտքը որոշակի գործողություններ է սպասում Ռուսաստանից Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ:

Ինչի՞ է պատրաստվում Ռուսաստանը: Դատելով պատգամավորի խոսքից՝ Ռուսաստանում Բալթյան երկրներին «պատանդ» են համարում:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com