Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Հայաստանի դեմ պատրաստված եվրասիա-թուրքական խաղը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 20:48


Ռուսաստանի դաշնության նախագահի խորհրդական Գլազեւի հայտարարությունը, թե ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համար պետք է Հայաստանի համաձայնությունը, Հայաստանում առաջացրել է հարցերի տարափ:

Գլազեւը ասել է այն, ինչը ինքնին պարզ ճշմարտություն է: Ընդհանրապես, ԵՏՄ-ին որեւէ այլ պետության անդամակցություն բացառվում է, քանի դեռ չի լինի անդամ պետությունների կոնսենսուսային համաձայնություն: Դա կազմակերպության կարգն է, կանոնը: Հետեւաբար, Գլազեւը ասել է այն, ինչ առանց այդ էլ պարզ պետք է լինի քիչ թե շատ կոմպետենտ մարդկանց համար:

Առաջանում է մյուս հարցը, իսկ ինչու՞ է ասել Գլազեւը, արդյոք նրան դա հուշել է ասենք Պուտինը, արդյոք դա պետք է եղել Մոսկվային: Այդ իմաստով բավական ուշագրավ միտք էր արտահայտել այն հավաքի կազմակերպիչը, որի համար Գլազեւը ժամանել էր Երեւան: Խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, որը Հայաստանում կազմակերպել էր հայ-ռուսական միջռեգիոնալ գործակցության ու Եվրասիական գործակցության ֆորումներ: Դրանց բացման իր խոսքում էլ Աբրահամյանը հայտարարել էր, թե տնտեսական շահերն ու գործակցությունը կօգնի նաեւ հաղթահարել հակամարտությունները:

Մասնավորապես ի՞նչ նկատի ուներ Աբրահամյանը, ինչ հակամարտությունը կարգավորելու պատկերացում ուներ նա այդ նախադասությունն արտաբերելիս, պարզ չէ: Բայց այդ համատեքստում էլ Գլազեւի հայտարարությունը դառնում է ավելի հետաքրքիր, այն իմաստով, թե արդյոք Ռուսաստանում կա պետական քաղաքականության սցենար, որ դիտարկում է այդօրինակ մի փորձ: Թե՞ Ռուսաստանում կա մարդկանց մի խումբ, որն ունի ինչ-ինչ շահեր, եւ այդ շահերը սպասարկելու համար փորձ է արվում սադրել որոշակի ինտրիգ Ադրբեջան-ԵՏՄ տիրույթում՝ Հայաստանի դերակատարումով:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ԵՏՄ կարգի համաձայն, որեւէ պետություն չի կարող ԵՏՄ-ում ունենալ անգամ դիտորդի կարգավիճակ, եթե վատ գործողություն է կատարում անդամներից մեկի կամ կազմակերպության հանդեպ: Նա նշել է, որ եթե մնան անգամ զուտ տնտեսության շրջանակում, ապա միայն Հայաստանի հանդեպ շրջափակումը բավարար է, որպեսզի Ադրբեջանը չլինի դիտորդ:

Արդյոք Շավարշ Քոչարյանն ակնարկում է, որ, եթե Ադրբեջանը վերացնի շրջափակումը, Հայաստանը դեմ չի լինի Բաքվի անդամությանը կամ դիտորդությանը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի համար որեւէ բան ինքնանպատակ չէ, այդ թվում Բաքվին ոչ ասելը: Հայաստանի դիրքորոշումը, ըստ Շարմազանովի, կախված է Հայաստանի շահից:

Երեւանի մոտեցումն այդ իմաստով տրամաբանական է: Ինչու՞ ոչ ասել Ադրբեջանին, եթե Բաքուն իսկապես ցանկանում է լինել ԵՏՄ անդամ կամ այսպես ասած ասոցացվել: Ի վերջո Հայաստանն այստեղ ունի իսկապես կարեւոր դեր, եւ այդ դերը պետք է ծառայեցնի իր շահին: Իսկ Հայաստանի շահն այդ դեպքում կպահանջի առաջ քաշել նվազագույնը տնտեսական պայմաններ:

Թե Ադրբեջանի, թե Թուրքիայի անդամության դեպքում Հայաստանը չպետք է արդարացնի մանիպուլյացիոն սպասումները, թե կլինի արգելակ: Հայաստանը պետք է լինի այսպես ասած խթանիչ, պարզապես շատ հստակ պայմաններով, որոնք, ի դեպ, ոչ թե Հայաստանի կամայականությունը կամ շահն են, այլ ընդամենը Եվրասիական տնտեսական միության պայմաններն ու կանոնները:

Բանն այն չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն կատարել դրանք: Ավելին, այդ պայմանները չեն կատարում նույնիսկ ԵՏՄ անդամ երկրները թե Հայաստանի, թե նաեւ միմյանց հանդեպ: Տվյալ դեպքում հարցն այն է, որ Հայաստանը թույլ չտա իրեն ներքաշել որեւէ գործընթացի մեջ իբրեւ գնդակ, որ տեղափոխվում է դաշտից դաշտ: Հայաստանը տվյալ դեպքում ունի ոչ միայն խաղացող, այլ նույնիսկ մրցավար լինելու հնարավորություն: Ամբողջ հարցն այն է, որ դրա համար անհրաժեշտ է դուրս գալ մի շարք բարդույթներից եւ կարծրատիպերից:

Դա այն դեպքում, եթե կա իհարկե որոշակի իրական գործընթաց Ադրբեջանի կամ Թուրքիայի մասով: Իսկ եթե նրանք ընդամենը խաղում են Ռուսաստանի հետ, ապա այս դեպքում առավել եւս Հայաստանը պետք է կանխի իրեն խաղաքարտ դարձնելու փորձը եւ փակի հարցը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com