Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Հայաստանը վերջակետ է դնում

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 21:57


Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է, որ այս պահի դրությամբ բանակցություններում առաջընթացի հնարավորության ակնարկ անգամ չկա:

Նա նշել է, որ հնարավոր բանակցությունների թեմա կարող է լինել միայն ու միայն վստահության միջոցների ձեւավորումը, սակայն Ադրբեջանին այդ օրակարգը ձեռնտու չէ:

Շավարշ Քոչարյանը փաստացի վերջակետ է դնում Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով բանակցությունների 10-ամյա պատմության վրա: Չնայած նա ասում է, որ Ալիեւին չի հաջողվի խուսափել հանդիպումից, սակայն եթե մոտ ժամանակներս առաջընթաց չլինի, հանդիպումներ կարող են պարզապես չլինել: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը թողնում է նախագահի պաշտոնը, նույն թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու, հնարավոր է՝ անկանխատեսելի արդյունքով:

Բացի այդ, Սարգսյան-Ալիեւ 10 տարվա ժամկետի հետ միասին տարածաշրջանում ավարտվում է նաեւ պատմական մի մեծ փուլ, փոխվում են կոնֆիգուրացիաները եւ դիրքավորումները:

Դա արձանագրել է նաեւ Շավարշ Քոչարյանը, ով նշել է, որ Բաքուն բոլոր չափանիշներով հայտնվում է միջազգային ճնշման տակ՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, այնպես միջազգային հանրության վերաբերմունքի մասով:

Նա ընդգծել է, որ 3-4 տարի առաջ Ադրբեջանի լոբբինգի արդյունքում Եվրոպայի խորհրդում ադրբեջանամետ բանաձեւեր էին ընդունվում: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ում միանգամից երկու հակաադրբեջանական բանաձեւ է ընդունել: «Նույնը վերաբերում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին կապված բանակցային գործընթացի հետ», - ասել է Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ միջնորդները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երեքը, տրամադրված են պատերազմ թույլ չտալու:

Այս պայմաններում Ադրբեջանը կամ կարող է ընդունել Հայաստանի եւ միջնորդների պայմաններն ու վստահության մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ արձանագրել ներկայիս սահմանները եւ անցնել բանակցությունների (չնայած դրանից հետո բանակցությունների իմաստ չկա), կամ էլ հրաժարվել գործընթացից: Դա, սակայն, ավելի շուտ կարող է հանգեցնել Արցախի միջազգային ճանաչման:

Հարցին, թե որն է բանակցությունների առարկան, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ վստահության մթնոլորտի ստեղծումն է:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում մասնակցում էին ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն առանձին հանդիպում չեն ունեցել: Սարգսյանն ու Ալիեւը վերջերս Նյու Յորքում էին, եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում եւս չեն հանդիպել: Ավելին, ՄԱԿ ամբիոնից ելույթներում նրանք հաստատել են կարգավորման հարցում մոտեցումների լիակատար հակադրությունը: Հայաստանը պնդում է խաղաղ ինքնորոշում, Ադրբեջանը խոսում է ուժով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:

Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջնորդների մոտեցումներին:

Սոչիում գագաթնաժողովից մի քանի օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտն անսպասելի հայտարարել է ղարաբաղյան կարգավորման իր առաջնահերթությունների մասին՝ նշելով բացառապես Արցախի ականազերծումը, դիպուկահարների հետքաշումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Տարածքների մասին խոսք չի եղել:

Ադրբեջանում նախագահի մակարդակով հայտարարում են, որ Արեւմուտքը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը նույն շարքում չի դասում ուկրաինականի, մոլդովականի եւ վրացականի հետ:

Հնարավոր է, Մոսկվան էլ, որը ժամանակին առաջ էր տանում տարածքային զիջումներ նախատեսող Լավրովի պլանը, ստիպված է եղել ճանաչել նոր դիրքավորումը: Այժմ Մոսկվան, հավանաբար, փորձում է բացատրել Ալիեւին, որ նա ստիպված է լինելու համակերպվել:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com