Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

«Դասական» վերջակետ ինտրիգին. Որոշումն արդեն կայացվել է

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Կիրակի, 11 Փետրվարի 2018, 23:05


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում փաստացի հաստատել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նա ասել է, որ դա իր անձնական կարծիքն է, որը շատերն են կիսում, իսկ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն հետո նա անսպասելի ավելացրել է, որ այս ամենը նման է դասական ներկայացմանը. «Բոլորը գիտեն ինչով կավարտվի, սակայն միեւնույն է նայում են»:

Հարցազրույցից այնպիսի տպավորություն էր, որ Աշոտյանը եկել էր հենց այդ բառերն ասելու: Սա վերջակետ է երկար ամիսներ տեւած ինտրիգին՝ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա, թե կանցնի ստվեր՝ նշանակելով իր դրածոյին: Աշոտյանն ասում է, որ ի սկզբանե ոչ մի ինտրիգ էլ չի եղել, բոլորին ամեն ինչ պարզ է եղել, որովհետեւ սա «ժանրի կլասիկա» է:

Դրանից հետո, ելնելով «դասական սցենարից», բեմ պետք է բարձրանա գլխավոր հերոսը եւ «սխրանք գործի»: Վարչապետ դառնալու որոշումը հիմնավորելու համար Սերժ Սարգսյանին «դասական» ֆոն է պետք՝ սպառնալիք անվտանգությանը, շուրջբոլորը թշնամիներ են, ոչ ոք չի կարող հաղթել, եւ միայն հերոսը կսպանի վիշապին:

Ո՞վ է լինելու դասական ներկայացման «վիշապը»: Մի քանի թեկնածու կա: Առաջին հերթին, Սերժ Սարգսյանը, ինչպես խոստացել էր, կարող է «գրողի ծոցն ուղարկել» հայ-թուրքական արձանագրությունները եւ հայտարարել սփյուռքի (կարդա՝ ՀՅԴ-ի) հետ որոշ համատեղ քայլերի մասին:

Երկրորդ, Սերժ Սարգսյանը կարող է պատասխանել Իլհամ Ալիեւի ագրեսիվ հարձակմանը եւ քայլ անել Արցախի հետ հարաբերություններում, օրինակ, Հայաստանի ու Արցախի միջեւ անվտանգության համաձայնագիր ստորագրելով:

Հնարավոր է նաեւ ներքաղաքական «հերոսական» քայլ կատարվի: Օրինակ, ավարտին են մոտենում բազմաթիվ դատական գործընթացներ, որոնք որակվել են որպես դավադրության եւ զինված ընդվզման փորձեր: Խոսքը թե Սասնա ծռերի, թե Նորք Մարաշի զինված խմբի, թե Սամվել Բաբայանի մասին է: Մամուլում արդեն տեղեկություններ են հրապարակվել, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության ավարտին կարող է ներում շնորհել այդ գործով անցնողներին, որոնցից շատերն իրական հերոսներ են:

Այնպես, որ Արմեն Աշոտյանը ազդարարել է «Մերլեզոնյան բալետի» նոր ակտի մասին: 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com