Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Կարեն Կարապետյանին հեռացնելու պատճառը. անհարմար իրավիճակ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 12:16


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ ունենք նախատեսվածից ավելի տնտեսական աճ: Արդեն տեւական ժամանակ ազդարարվել է 7 տոկոս աճի մասին, թեեւ պաշտոնական ամփոփում դեռեւս չկա: Բայց, թերեւս կասկած էլ չկա, որ աճը կլինի այդ սահմանում, ինչը կնշանակի, որ կառավարությունը կրկնակի գերազանցել է իր նախատեսած ցուցանիշը:

Տարեվերջին իր հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանի կառավարության առաջ չի դնում աճի ցուցանիշային պլան, քանի որ առկա տեմպերը իրեն բավարարում են, գոհացնում, ըստ այդմ չկա պլան դնելու կարիք:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարում է, ոչ ուղիղ, սակայն խիստ թափանցիկ ակնարկով, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը գրեթե վճռված է, բոլորին հայտնի «սցենարային ավարտ», պարզապես մարդիկ շարունակում են հետաքրքրությամբ դիտել ընթացքը:

Արմեն Աշոտյանն անկասկած միակը չէ ՀՀԿ-ում, որ հայտնում է այդպիսի կարծիք: Ավելին, ՀՀԿ որոշ շրջանակներում կարծես թե կա մրցակցություն, թե ով ավելի համոզիչ կգեներացնի Սերժ Սարգսյանի վարչապետության անխուսափելիության կամ վճռվածության միտքը կամ տեսակետը: Միաժամանակ հստակ է, որ հրապարակավ այդօրինակ հայտարարությունը բավական պատասխանատու է, իսկ Արմեն Աշոտյանը առայժմ կարծես թե չի թողել անպատասխանատու գործչի տպավորություն: Թեեւ, նա կարծես թե թողել է «նահանջի» տեղ, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին չի հայտարարում լրիվ բաց տեքստով:

Ի վերջո, ի՞նչ կարող է իմանալ կուսակցությունը Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերի մասին ամբողջապես, կամ լիարժեք, եթե, օրինակ 2015 թվականին հանրապետականները չգիտեին, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի տանը հաշտվում է Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՀՅԴ-ի ու Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Այն Ծառուկյանի, որի դեմ դրանից ընդամենը չորս օր առաջ գրոհի էր հանել ամբողջ Հանրապետականին: Համենայն դեպս, հաշտության ընթացքում մամուլում հրապարակվում էին ՀՅԴ գործիչների հավաստիացումները, որ տեղի է ունենում այդպիսի բան, եւ ՀՀԿ գործիչների բավական նյարդային արձագանքը՝ որ իրենք չգիտեն, իսկ ՀՅԴ-ն՝ գիտե:

Հետո ՀՀԿ-ի համար անակնկալ Գագիկ Ծառուկյանը վերաբացեց քաղաքականության էջը, մի շարք ՀՀԿ-ականների համար ստեղծելով անհարմար իրավիճակ եւ ստիպելով բացատրել 2015-ին նրա հանդեպ սեփական վարքը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ, որ եղել էր այդ վարքի գերագույն գլխավոր հրամանատարը, ընդամենը հայտարարեց, թե ինքը համաձայն չէ նրա վերադարձին, բայց ի՞նչ կարող է անել:

«Կստիպի՞» Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ապրիլին բացատրել, թե որքան կարեւոր է, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ եւ ավելի ազատ ու անկաշկանդ ղեկավարի իշխանության ռազմավարությունը ՀՀԿ պոլիտբյուրոյի ղեկավարի կարգավիճակով, եւ որքան լավ կլինի, եթե վարչապետությունը շարունակի ասենք սպասվածից ավելի աճ արձանագրած Կարեն Կարապետյանը:

Դա իհարկե կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանին ինչ կստիպի ներքին ու արտաքին իրավիճակը: Եթե Սարգսյանը ստիպված էր «դիմել» կամ «չդիմադրել» Ծառուկյանի վերադարձին, ապա արդյոք արժե պատկերացնել, թե Ծառուկյանից որքան ավելի զորեղ գործոններ կան, որոնց «դիմադրելը» Սարգսյանը կարող է համարել անմտություն եւ նույնիսկ քաղաքական ինքնասպանություն:

Սարգսյանի վարչապետության հավանականությունն անկասկած չափազանց բարձր է, եւ խնդիրը այստեղ բոլորովին այլ է: Չափազանց շատ են գործոնները, որոնք թելադրում են քաղաքական որոշումներ Հայաստանում: Եվ այդ գործոնները ինչպես Հայաստանում են, այնպես էր Հայաստանից դուրս:

Ի դեպ, այդ համատեքստում, օրինակ, հետաքրքիր է, թե «սպասվածից ավելի» տնտեսական աճ արձանագրող Կարեն Կարապետյանին ի՞նչ ձեւակերպումով են հեռացնելու վարչապետի պաշտոնից, այսինքն «չեն առաջադրելու» վարչապետ: Դա պետք է ենթադրի «սպասվածից ավելի» ուժեղ մի պատճառ՝ Սերժ Սարգսյանին առաջադրելու համար: Սարգսյանը ներկայում գուցե ինտենսիվորեն փնտրում է այդ պատճառը, կամ դրա արտաքին լեգիտիմությունը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com