Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

ՀՅԴ վերջնագիր Սերժ Սարգսյանին. ՀՀԿ-ն զգաց, թե ինչ է կատարվում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 14:43


Պետք է անել այնպես, որ վարչապետը չփոխարինի կառավարությանը, հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ասելով, որ խորհրդարանական կառավարման մոդելի նպատակը գերկենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացնելն ու ավելի արդյունավետ մոդելի գալն էր: Ռուստամյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել ապակենտրոնացումը լիարժեք դարձնելու համար:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի այդ հայտարարությունը գործնականում կոշտ ակնարկ է Սերժ Սարգսյանին, կամ նրան վարչապետ «խնդրելու» մտադրության մասին ավելի ու ավելի բարձրաձայն հայտարարող ՀՀԿ-ին:

Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ապա կասկած անգամ չկա, որ նա իրենով ոչ միայն կառավարությանը, այլ ամբողջ իշխանությունը՝ խորհրդարանի մեծամասնությունն էլ հետն է փոխարինելու:

Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու պարագայում մեղմ ասած անհամարժեքություն կլինի խոսել իշխանության ապակենտրոնացման մասին: Ներկայում բավական գնահատականներ են հնչում Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական մոդելի ստեղծման մասին: Գործնականում, խորհրդարանական կառավարման տրամաբանության եւ մոդելի առումով ներկայում Հայաստանում ձեւավորվող համակարգը սկզբունքորեն չի տարբերվում այլ խորհրդարանական կառավարմամբ, առավել ժողովրդավար պետություններում առկա մոդելներից: Խնդիրը գործնականում այն չէ, որ վարչապետն ունի բավական ազդեցիկ լծակներ: Ի վերջո, վարչապետը դե յուրե ենթարկվում է խորհրդարանի մեծամասնությանը: Խնդիրն այն է, որ այդ լծակները ինքնաբերաբար դառնում են առավել ազդեցիկ, առնվազն իներցիայի շնորհիվ, եթե դրանք գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում:

Այլ վարչապետի ձեռքում դրանք ոչ միայն չեն լինի նույնքան ազդեցիկ, այլ ավելին՝ պատասխանատվության ծանրություն կդնեն այդ վարչապետի ուսին:

Այստեղ է խնդիրը, եւ մեկ դարից ավելի քաղաքական եւ այլ գործունեության փորձ ունեցող ՀՅԴ-ն անկասկած հիանալի է պատկերացնում այն: Արմեն Ռուստամյանն էլ խոսում է իներցիոն ընկալումների մասին, ասելով, որ պետք է ամեն ինչ անել այդ մտածողությունը փոխելու մասին:

Դրա առաջին քայլը կարող է լինել Սերժ Սարգսյանի դե յուրե իշխանությունից հեռանալը ապրիլի 9-ից հետո, երբ նա այլեւս վայր կդնի նախագահի մանդատն ու չի գնա վարչապետի պաշտոնի առաջադրման: Մի բան, որ Սարգսյանն ինքն անգամ հայտարարել է 2014 թվականին:

Ինչ խոսք, աներկբա է նաեւ, որ ՀՀԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն ունի իշխանությունը վերահսկելու գրեթե նույնքան, իսկ ինչ-ինչ նրբերանգներից ելնելով՝ նույնիսկ ավելի անկաշկանդ հնարավորություն: Սակայն, խնդիրն այն է, որ այդ տարբերակի պարագայում ապակենտրոնացված եւ բազմաշերտ, ըստ այդմ թեկուզ համեմատության մեջ առավել ճկուն եւ կենսունակ մոդելը կարող է սկսել իր աշխատանքը, կարող է սկսվել մտածողության փոփոխությունը, ինչից էլ կարող է մեկնարկել Հայաստանի այն «չորրորդ հանրապետությունը», որի մասին ՀՅԴ հետ հանդիպմանն ասել էր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Եվ ինչը, օրինակ, դուր չէր եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ու թերեւս շատ հանրապետականների, կամ բոլորին, որովհետեւ ՀՀԿ հեռացումը իշխանությունից կարող է սկսվել մտածողության փոփոխությամբ:

ՀՀԿ-ն թերեւս սկսել է ավելի ամբողջական պատկերացնել խնդիրը, եւ թերեւս դա է պատճառը, որ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ում ավելի է լրջանում Սերժ Սարգսյանին վարչապետ տեսնելու մտայնությունը: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն այլեւս հասկանում է, որ եթե Կարեն Կարապետյանի դեպքում խնդիր էր դրված ՀՀԿ «նոր ոգի» բերելը, ինչը բարեհաջող չեզոքացրին, ապա Արմեն Սարգսյանի դեպքում խնդիրը ընդհանրապես նոր իշխող մեծամասնություն բերելն է՝ իհարկե ոչ թե վաղը, այլ առաջիկա յոթ տարիների ընթացքում:

Դա թույլ չտալու միակ տարբերակը ՀՀԿ համար Սերժ Սարգսյանի վարչապետությունն է:

Սարգսյանը կամ այդ խնդրի ծուղակում է, կամ պարզապես օգտագործում է այդ խնդիրը ՀՀԿ ձեռքով կրակից իր վարչապետի կարգավիճակը հանելու համար, հաշվի առնելով 2014-ի իր հրապարակային հայտարարությունը:

Այդ իմաստով, ՀՅԴ խմբակցության ղեկավարի տեսակետը, որն ի դեպ ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստից հետո տարածված հայտարարության առավել պրակտիկ ու հանրամատչելի շարադրումն էր, կոշտ գնահատական լինելով հանդերձ, իր մեջ պարունակում է նաեւ վերջնագրային նրբերանգներ, կամ գուցե առաջացնում այդ կապակցությամբ հարց՝ ի՞նչ կանի ՀՅԴ-ն, եթե Սերժ Սարգսյանը գնա գերկենտրոնացման:

Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ տարակարծությունը կոալիցիայից դուրս գալու պատճառ չէ, քանի որ իրենց կոալիցիան հիմնված է առավել խորքային համաձայնությունների վրա: Իսկ ապակենտրոնացման մոդելի դե ֆակտո անցումն արգելակելը՝ Սերժ Սարգսյանի վարչապետությամբ, պայմանավորվածության խախտում եւ կոալիցիայից դուրս գալու պատճա՞ռ է, թե ոչ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com