Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Թեհրանի դիվանագիտական բռնկումը. բաց խաղ Երեւանի վրայով

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 17:49


Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Երեւանի Պետհամալսարանում մասնակցելով իրանագիտության դասասենյակի բացմանը, մի քանի ուշագրավ հայտարարություն է արել:

Մասնավորապես, դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին եւ եթե Հայաստանն էներգետիկ ոլորտում աշխուժություն ցուցաբերի, քայլեր կարվեն, եւ դա կզգացվի աշխատատեղերի ստեղծումով:

Ի՞նչ նկատի ունի դեսպանը «հարմար գին» ասելով, կամ «Հայաստանը մի քիչ աշխուժանա» ասելով: Օրինակ, Իրանը պատրա՞ստ է Հայաստանին գազ վաճառել ավելի ցածր գնով, քան Ռուսաստանը: Եթե այո, ապա ինչու՞ Թեհրանն այդ մասին չի հայտարարում կոնկրետ եւ հրապարակավ, պատասխանատվության կամ փաստի առաջ դնելով Հայաստանի իշխանությանը: Կամ, ի՞նչ է ակնկալվում էներգետիկ ոլորտում «եթե Հայաստանը մի քիչ աշխուժանա» ասելով: Խոսքը Հայաստանի ներքին դաշտում զուտ տնտեսական աշխուժության, մրցակցայնության բարձրացմա՞ն, թե՞ Հայաստանի քաղաքական ինքնիշխանության մասին է: Այդ դեպքում էլ, ինչու՞ Թեհրանն առավել կոնկրետ եւ հստակ չէ, որպեսզի Երեւանը չունենա պատասխանատվությունից խուսանավելու անհրաժեշտություն:

Թե՞ Իրանն ավելի շատ խոսում է ոչ թե Հայաստանի հետ, այլ «Հայաստանի վրայով» Ռուսաստանի հետ: Ընդ որում ուշագրավ է, որ Իրանի դեսպանը այդ բավականին հետաքրքիր հայտարարություններն անում է ներկայիս մի ժամանակահատվածում, երբ սիրիական թնջուկն է առավել բարդացել ու թեժացել, եւ այստեղ ակնհայտ է, որ օրինակ Մոսկվան ու Թեհրանը որոշակիորեն հարաբերություններ պարզաբանելու իրավիճակում են, կապված Աստանայի գործընթացի եւ ընդհանրապես վերջին ամիսների զարգացումների հետ, որ սկսեցին ծավալվել Սիրիայում Պուտին-Թրամփ հայտարարությունից հետո, երբ թվում էր, թե երկու կենտրոնները պայմանավորվել էին հանդարտեցնել եւ պահել իրավիճակը, սակայն իրականում ծավալվեց լիովին հակառակ զարգացում:

Այն նոր «որակ» ստացավ օրերս՝ Իսրայելի գործողությունների հետեւանքով, որը հարվածեց իրանական անօդաչու, իրականացնելով պատասխան գործողություն Սիրիայում իրանական ներկայության դեմ:

Իրավիճակը այդ «եռացող կաթսայում» իրապես բռնկվել է նոր թեժությամբ եւ ահա այդ ֆոնին հետաքրքիր են Երեւանում Իրանի դեսպանի բավական բաց եւ համարձակ, միեւնույն ժամանակ մեկնաբանման տեսանկյունից բավական բազմիմաստ հայտարարությունները:

Դրանց թվում օրինակ այն, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից Իրանը չի նկատել որեւէ էֆեկտ: «Եթե դուք նկատել եք, մեզ տեղեկացրեք այդ մասին», հայտարարել է դեսպան Սաջադին:

Ընդհանուր առմամբ, նրա հայտարարությունները մի կողմից առնչվելով Հայաստանի համար հնարավորություն ստեղծելու Իրանի ներուժին՝ երբ դեսպանն ասում է, թե Հայաստանի շահի համար ներգրավեք 80 միլիոնանոց Իրանի հնարավորությունները, մյուս կողմից պարունակում էին Երեւանին ուղղված թե նախատինք, թե դժգոհություն: Մյուս կողմից էլ, հայտարարելով, որ Իրանը Հայաստանի ԵՏՄ անդամակցության էֆեկտ չի տեսել, դրանով ակնարկում է Հայաստանի իշխանությա՞ն, թե՞ ընդհանրապես ԵՏՄ ոչ էֆեկտիվության մասին, այսինքն հայտարարում, որ ԵՏՄ-ն չի հետաքրքրում իրեն:

Իրանի դեսպանը հայտարարել է նաեւ, թե Հայաստանը պետք է անի ամեն ինչ խաղաղությունը պահպանելու համար, հիշեցնելով, որ Թեհրանը նպաստել է խաղաղությանը նաեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Թեհրանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր նաեւ քառօրյա պատերազմում խաղաղություն վերականգնելու ջանքի մասին, երբ այդ երկրի նախագահը հայտարարել էր, թե այդ օրերին պատվիրակներ են ուղարկել Երեւան ու Բաքու: Փաստացի, Թեհրանը դրանով ակնարկել էր, որ լոկ Ռուսաստանի ջանքով չէ, որ հաստատվել էր հրադադար:

Ներկայում Իրանը դեսպանի մակարդակով Երեւանին ահազանգում է խաղաղությունը պահելու անհրաժեշտության մասին: Դա այսպես ասած պրոֆիլակտիկ հիշեցու՞մ է, թե՞ Իրանը նկատում է կոնկրետ վտանգներ եւ կասկածում, որ Երեւանը դրանք չի գնահատում համարժեք:

Դեսպանի դիվանագիտական տեսանկյունից բավական «մերկ» հռետորաբանությունը հատկանշական է մեկ այլ իրողության ֆոնին: Փետրվարի 11-15-ը Իսրայել է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը: Հայ-իսրայելական օրակարգում Թել-Ավիվը փորձել է առաջ մղել իրանական խնդիրը: Նոյեմբերին, երբ Իսրայելում էր արտգործնախարար Նալբանդյանը, նրա եւ Իսրայելի վարչապետի հանդիպումից հետո իսրայելական պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Նաթանյահուն Հայաստանի արտգործնախարարի հետ խոսել է տարածաշրջանում իրանական ռազմական ներկայության աճի վտանգների մասին: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հարցի շոշափումը չկար:

Սակայն Թեհրանը բավական զգայուն էր արձագանքել տեղի ունեցածին: Դրանից օրեր անց տարածվեց Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. ««Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին ավելի մեծ վերահասությամբ ուշադրություն դարձնել սիոնիստական վարչակարգի գործելաոճին Կովկասում և Կենտրոնական Ասիայում»: Իր ձեւակերպման եւ բնույթի մեջ դա նույնպես բավական թափանցիկ հռետորաբանություն է դիվանագիտական հարթության վրա:

Հայաստանում Իրանի դեսպանը հանդես է գալիս բավական բաց դիվանագիտական տեքստերով, որոնց «հասցեականությունը» կարծես թե ունի ավելի լայն դիապազոն, քան զուտ պաշտոնական Երեւանը, հատկապես նկատի առնելով եւ այն, որ օրերս տարածաշրջանային այցով Երեւանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com