Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Սամվել Կարապետյանը սկսում է հայկական երազանքի որոնումը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 13:21


Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Հայաստանում նավթ եւ գազ որոնելու Սամվել Կարապետյանի մտադրությանը: Կարապետյանին այդ հնարավորությունը տրվել էր մի քանի ամիս առաջ, կառավարության որոշմամբ, իսկ այժմ էլ բնապահպանության նախարարությունը տալիս է դրական եզրակացություն: Նավթն ու գազը նա պետք է որոնի Հայաստանի հյուսիսային մարզերում:

Եթե Սամվել Կարապետյանը ձեռնամուխ է լինում այդպիսի գործի, դա նշանակում է, որ կամ կա իրական տնտեսական հեռանկար, կամ իրավիճակը այն աստիճան վատ է, որ արդեն փողեր են ծախսվում ոչ «նաղդ» նախագծերի վրա:

Հայաստանում նավթի ու գազի մասին խոսակցություններ եղել են միշտ, հնչել են տեսակետներ, թե կա՝ չի կարող չլինել, պարզապես շատ մեծ խորության վրա, արդյունահանման համար բարդ պայմաններով, կամ քիչ ծավալներով: Ներկայում արդյունահանման ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հետազոտել եւ արդյունահանել պաշարներ, որոնք տեխնոլոգիական նախորդ շրջանում «անհասանելի» էին:

Մյուս կողմից, արդյոք նավթի ու գազի որոնումը, իսկ հաջողության դեպքում արդյունահանումը իսկապես չի պարունակելու բնապահպանական ռիսկեր, ընդհուպ սեյսմիկ ռիսկերի բարձրացում: Այդ հարցի վերաբերյալ թեժ բանավեճեր թերեւս դեռ կլինեն:

Միեւնույն ժամանակ, ուշագրավ է նաեւ խնդրի քաղաքական կողմը: Հայաստանը անկախության քառորդ դարի ընթացքում նավթի ու գազի մասով եղել է երկակի վիճակում: Մի կողմից եղել է լուռ կամ ցածրաձայն ափսոսանք, որ Ադրբեջանն ունի նավթ եւ գազ ու ստանում է ահռելի փողեր, իսկ Հայաստանը՝ ոչ: Նավթն ու գազը Ադրբեջանին տվել են մրցավազքի նկատելի առավելություն, միլիարդավոր դոլարներ, որոնք ներդրվել են Հայաստանի դեմ՝ քարոզչա-քաղաքական եւ ռազմական առումով: Իհարկե, այդ ամենով հանդերձ, Բաքուն անկարող է գտնվել հասնել այնպիսի առավելության, որը թույլ կտար հաղթել Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ դիմակայության թե «որակական», թե քանակական դինամիկան բավական բարձր է, եւ Հայաստանի համար ներկայիս տնտեսական ոչ էֆեկտիվ պայմաններում ավելի ու ավելի ծանր է «վաղվա պատերազմի» պատրաստ լինելը՝ ամենօրյա թեկուզ հարաբերական խաղաղություն ապահովելու համար:

Եվ ահա, տեղի է ունենում խորհրդանշական ակտ՝ ամենահարուստ հայը սկսում է Հայաստանում նավթ եւ գազ որոնել, համենայն դեպս ստանում դրա համար թույլտվություն: Դժվար է ասել՝ Կարապետյանը Հայաստանում նավթ ու գազ կգտնի՞, այն էլ արդյունահանման ենթակա պաշարներով, բայց հստակ է, որ նրա այդ նախաձեռնությունը դարձավ նրա նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի ներդրողների ակումբի որոշակի դատարկության վկայություն:

Բանն այն է, որ երեք տասնյակից ավելի ռուսաստանահայ մեծահարուստներ ներառող այդ ակումբը ստեղծված է արդեն գրեթե մեկ տարի, սակայն ոչ միայն չկա որեւէ հնչեղ նախաձեռնություն, որն իր մեջ կպարունակեր նաեւ հանրային էներգիայի գեներացման բովանդակություն՝ որեւէ խոշոր նախագծի տեսքով, այլեւ գործնականում չկա առանձնապես մեծ տնտեսական ակտիվություն, եւ Սամվել Կարապետյանն է ընդամենը հայտարարել տասը տարում էներգետիկ ոլորտում մեկ միլիարդ ներդնելու մասին, որի թերեւս զգալի մասը նա հենց այդ տասը տարում էլ կաշխատի իրեն պատկանող բաշխիչ ցանցերով Հայաստանի քաղաքացիներին էլեկտրաէներգիա վաճառելով:

Անկախության քառորդ դարի ընթացքում մի կողմից «ափսոսալով», որ Բաքուն նավթ ու գազ ունի, իսկ մենք՝ ոչ, եւ դեռ մի բան էլ շրջափակման մեջ, մյուս կողմից Հայաստանում գոնե այդ մասով ձեւավորվում էր նաեւ ռացիոնալ մտածողություն, որ ամեն ինչ չէ, որ նավթով ու գազով է պայմանավորված եւ գործնականում դրանք չէ, որ պետք է պայմանավորեն երկրի զարգացումը: Առավել եւս, որ Հայաստանն ունի մարդկային մտքի եւ նորարարության ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պարզապես պետք է ստեղծել պարարտ միջավայր, ապահովել ստեղծագործական ներուժի դրսեւորման նպաստավոր միջավայր:

Նավթից եւ գազից «ազատությունը» անկախ Հայաստանի թերեւս բացառիկ ազատություններից էր, որն իր մեջ պարունակում էր ապագայի ներուժ:

Պարզապես, այստեղ իհարկե առանցքային նշանակություն ունի այն, թե ինչպիսի մտածողության կրող կապիտալ է Հայաստանի ապագայի հիմքում, ինչպիսին է այդ կապիտալի պատկերացումը աշխարհքաղաքականության, դրանում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ, նաեւ այդ տեղի ու դերի համար անձնական պատասխանատվության զգացումն ու այն կրելու պատրաստակամությունը, հայկական երազանք ձեւավորելու ստեղծագործական կարողությունը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com