Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Արմեն Սարգսյանի խոսքի ուժը. Նա ասել է Հայաստանի խնդիրը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:20


Հնարավոր է կառավարել ղեկավարելով, եւ հնարավոր է կառավարել առաջնորդելով, գաղափարներ, ուղենիշներ հաղորդելով: Այդ միտքը ի պատասխան նախագահի սահմանափակ լիազորությունների վերաբերյալ հարցի արտահայտել էր նախագահի առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը չէր համաձայնել, թե չորրորդ նախագահը անգլիական թագուհի է, ասելով, թե նախագահի պաշտոնը Հայաստանում օժտված է շատ ավելի մեծ լծակներով, քան եվրոպական խորհրդարանական կառավարմամբ շատ պետություններում: Ի դեպ, Արմեն Սարգսյանի մեկ այլ հետաքրքիր բնորոշումն էլ այդ առիթով «չորրորդ հանրապետության առաջին նախագահ» ձեւակերպումն է:

Ընդ որում, դատելով արձագանքներից, այդ ձեւակերպումն այնքան էլ նրան առաջադրող ՀՀԿ սրտով չէ: Սերժ Սարգսյանն ինչպես է վերաբերում դրան, դեռ պարզ չէ: Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, թե արդյոք նրա հետ առաջին առանձնազրույցում Արմեն Սարգսյանը շոշափել է չորրորդ հանրապետության թեման: Պետք է ենթադրել, որ այն շոշափվել է, եւ Արմեն Սարգսյանն այդ բնորոշումն առաջին անգամ ՀՅԴ հետ հանդիպմանը չէ, որ կիրառել էր:

Բնորոշումն իսկապես հետաքրքիր է, բայց ավելի շուտ ոչ ուղիղ իմաստով: Հայաստանում, ի տարբերություն օրինակ Ֆրանսիայի, հանրապետությունները սահմանադրական բաժանման ենթակա չեն, եւ այդ իմաստով իրավիճակը այլ է: Արմեն Սարգսյանն անկասկած գիտե դա եւ նրա չորրորդ հանրապետություն բնորոշումն ունի այլ, առավել խորքային իմաստ եւ այդ տեսանկյունից ազդակ է հանրությանը:

Դա երրորդ հանրապետության «մեջ» «չորրորդը» կառուցելու ազդակն է, կամ պարզապես իրավիճակի նրա ախտորոշումն ու լուծման առաջարկը: Խոսելով չորրորդ հանրապետության մասին, Արմեն Սարգսյանը թերեւս տողատակում շոշափում է առկա համակարգի խնդիրը եւ արձանագրում, որ ներկայիս համակարգը հնարավոր չէ ենթարկել սկզբունքային որակական փոփոխության: Պետք է կառուցել նոր համակարգ, կամ այլ կերպ ասած՝ «չորրորդ հանրապետություն»: Դա է թերեւս Արմեն Սարգսյանի առաջարկը, որն ինչպես միշտ առաջինը հասկացել է ՀՀԿ-ն, դրա համար էլ ընդունել է այն դժկամությամբ կամ պարզապես չի ընդունել:

Ինչպես է դրան վերաբերում հանրությունը, դեռ պարզ չէ, կամ երբեք էլ պարզ չի լինի, որովհետեւ պարզ չէ, թե ընդհանրապես ինչ ասել է Հայաստանում հանրություն, ինչպիսի բաղադրություն ունի այն, ինչպես է բնորոշվում, ինչ սահմանով կամ բովանդակությամբ: Ի վերջո, «չորրորդ հանրապետության» խնդիրը թերեւս հենց հանրության ձեւավորումն ու ձեւակերպումն է, եւ դրանից կարող է սկսվել չորրորդի կառուցումը:

Միեւնույն ժամանակ, ինչի է պատրաստ այդ իմաստով Արմեն Սարգսյանն ինքը: Լիովին հասկանալի է, որ պետք չէ ունենալ պատրանք, թե Սարգսյանը կունենա այն հռետորաբանությունը, ինչ որեւէ ընդդիմադիր գործիչ, մամուլ կամ քաղաքացիական ակտիվիստ: Մյուս կողմից, Արմեն Սարգսյանի նախագահական ուժը պետք է կամ կարող է լինել ոչ միայն նրա միջազգային տնտեսական եւ դիվանագիտական-քաղաքական կապերն ու կապիտալը, այլ խոսքը:

Ընդ որում, Սարգսյանը միանգամայն հստակ պատկերացնում է դա, ինչի մասին վկայում է կառավարելու տարբերակների վերաբերյալ նրա վերեւում մեջբերված միտքը՝ կառավարել ղեկավարելով եւ կառավարել առաջնորդելով:

Խոսքի ուժը Հայաստանում թերագնահատված է, միաժամանակ նաեւ արժեզրկված, գերազանցապես ընդդիմության պատճառով: Մինչդեռ, հենց խոսքի ուժի վրա էր կառուցված 2007-08 թվականի շարժումը, որը բացառիկ էր իր բնույթով եւ էներգետիկայով: Իհարկե, այն հետագայում եւս ենթարկվեց «քաղաքական ավանդույթներին», սակայն պերճախոս օրինակ էր հենց խոսքի ուժի առումով:

Խոսք, որը պարունակում է ոչ թե քաղաքական կամ քաղաքացիական պաթոս, որն իր դատարկությամբ ոչ միայն ոչնչով չի տարբերվում ռազմա-հայրենասիրական պաթոսից, այլ թերեւս առավել անկենսունակ երեւույթ է, այլ որը պարունակում է հանրամատչելի գաղափարներ, արժեքներ, զարգացման ուղենիշներ, մոդելներ, որոնք կարող են առաջացնել հանրության մոտ նախ ունկնդրելու, հետո մասնակից լինելու ցանկություն:

Կարո՞ղ է, կամ պատրա՞ստ է Արմեն Սարգսյանը առաջնորդել այդ ուժով, ունի՞ այդ ուժը: Տարածություն՝ այդ ուժի կիրառման համար, կա, այն էլ հսկա տարածություն: Խնդիրը կամքն է, համարձակությունը, կարողությունը, միաժամանակ հանրային կարող ռեսուրսների ներգրավումը:

Ընդ որում, առանցքայինն այստեղ այն է, որ խոսքի իշխանության իրացումը Արմեն Սարգսյանից պահանջելու է գնալ հակառակ թե հանրային, թե իշխող մեծամասնությանը: Վերջին հաշվով, այստեղ է բուն խնդիրը: Իշխող մեծամասնությունը հենված չէ հանրային անմիջական քվեի վրա, բայց գալիս է հանրային մտածողության եւ արժեհամակարգի խորքից: Հետեւաբար, հնարավոր չէ Հայաստանում իշխող մեծամասնություն փոխել, չփոխելով հանրային մեծամասնություն:

Միեւնույն ժամանակ, իշխող մեծամասնությունն է փորձելու, եւ թերեւս արդեն փորձում է հանրային մեծամասնությանը պաշտպանել Արմեն Սարգսյանից: Այդ պաշտպանությունը հաղթահարելը բավական բարդ խնդիր է եւ գործնականում անհնար, եթե չձեւավորվի նոր էլիտա: Նախագահի պաշտոնում դա է Արմեն Սարգսյանի գերխնդիրը, այլապես՝ իշխող «էլիտայի» դիմակ լինելը, յոթ տարի ժամկետով:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com