Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Ծուղակը Ֆրանսիայի հրապարակում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 17:19


Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքում. Եվ ինչ պատահեց հետո

Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում, ուր տեղի է ունենում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շուրջօրյա հանրահավաք, զրուցել է լրագրողների հետ, ավելի շուտ նրանք են հարցեր տվել հրապարակ եկած Հովհաննիսյանին: Նա էլ հայտարարել է, որ այս պայքարը շղթա է նախորդ բոլոր պայքարների, ու եթե դիտարկվի շղթա, ապա հաջողությունը հնարավոր է: Հովհաննիսյանը ասել է, թե ինքը միշտ է ասել, որ պայքարը տեւական գործընթաց է:

Հարցին, թե միայն Սերժ Սարգսյանի հեռանալով կփոխվի՞ ինչ որ բան, նա ասել է, թե սա ախտահանում է:

Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մասնակցում էր նոր նախագահի երդմնակալության ու պաշտոնամուտի արարողությանը, նաեւ ջերմորեն ձեռքսեղմում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Բարեւն, ինչպես ասում են, Աստծունն է, թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի տարի առաջ փորձում էր անել Բարեւի հեղափոխություն, բայց փաստորեն չստացվեց՝ Կայսրինը կայսրին գնաց, Աստծունը՝ Աստծուն, Հովհաննիսյանին մնաց Երեւանի Ավագանու խմբակցությունը:

Բայց, ի՞նչ է ախտահանում Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում, ու ի՞նչ էր անում նա երդմնակալությանը, Սերժ Սարգսյանին ողջունելիս: Ըստ երեւույթին, կա կողմնորոշվելու խնդիր: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե կողմնորոշվել է ու եկել հրապարակ, եւ շղթայի մասին խոսելով, կարծես թե փորձում է ռեաբիլիտացվել 2013-ի անհաջողության համար:

Բարեւն Աստծունն է, իսկ անհաջողությունը՝ մարդու համար, ի վերջո ոչ ոք իրավունք չունի Րաֆֆի Հովհաննիսյանին, ու ընդհանրապես որեւէ քաղաքական գործչի անհաջողության համար պախարակել, գանահարել, բարձրացնել կախաղան: Բայց հանրությունն իրավունք ունի այդ ամենը, իհարկե չակերտավոր, անել քաղաքական ցանկացած գործչի հետ անհաջողության համար հստակ, միարժեք եւ համարձակ պատասխանատվություն չստանձնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը այժմ շղթայից է խոսում, 2013-ի համար պատասխանատությունը հերթական անգամ հնարավորինս տեղափոխելու, տարածելու համար, ու դրա համար անում է հանրային գիտակցության եւ քաղաքական մտածողության մանիպուլյացիայի փորձ: Որեւէ քաղաքական գործչի, ընդդիմադիր գործչի այդպիսի վարքագիծը՝ անձնական նկատառումով խաղը հանրային մտածողության հետ, խորքային վտանգի եւ վնասակարության տեսանկյունից գրեթե հավասարազոր է հանրային գրպանի հետ խաղացող իշխանության վարքին:

Երկու դեպքում էլ հանրությունն ունեզրկվում է՝ մեկի դեպքում նյութապես, մյուսի դեպքում՝ քաղաքական մտքի եւ բարոյականության առումով:

Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունն անհաջողության համար պատասխանատվությունը հստակ կրելու անհամարձակության իմաստով իսկապես կազմել է մի շղթա ու գցել հանրության վզին: Եվ այժմ ամբողջ խնդիրը հենց այն է, որ շղթան ոչ թե պետք է շարունակվի, այլ կտրվի, ու հանրության քաղաքական միտքը պետք է ազատվի տարիների ընդդիմությունների պատրաստած ծուղակից, որում անընդհատ պահում են հանրությանը, այդ շղթայված օղակը դարձնելով իշխանության հետ տարբեր իրավիճակներում եւ դրվագներում բաց ու փակ, ուղիղ թե անուղղակի տարատեսակ շփումների ու պայմանավորվածությունների «ռեաբիլիտացիոն կենտրոնի», երբ այս կամ այն պատճառով պայմանավորվածության ժամկետը սպառվում է կամ ընդհատվում: Այդ ժամանակ հանկարծ հիշվում է «շղթան»:

Դրա մեջ է հայաստանյան այսպես ասած ընդդիմադիր դիսկուրսը արդեն առնվազն երկու տասնամյակ, այս կամ այն արտաքին դրսեւորումով եւ հռետորաբանությամբ: Հայաստանում խնդիրը հանրությանը հենց այդ շղթայից, ծուղակից դուրս բերելն է եւ քաղաքական մտքի առումով շղթայազերծ գործընթաց սկսելը:

Պայքարը անշուշտ պետք է լինի տեւական, եւ եթե հանրության առաջ դրվում են ամպագոռգոռ եւ պաթետիկ կարճաժամկետ նպատակներ, ապա դա մեծ հավանականությամբ կամ խաբեություն է, կամ ինքնախաբեություն եւ անհամարժեքություն: Բայց տեւական պայքարի պատասխանատուն պետք է լինի մեկը՝ սկզբից մինչեւ վերջ, բոլոր հանգրվաններում: Մեկը տվյալ դեպքում կարող է լինել անհատ, խումբ կամ կուսակցություն, բայց մեկը, որը պատասխան կտա հասարակության յուրաքանչյուր հարցին եւ այդ հստակ ու պատասխանատու հարցուպատասխանի միջոցով կձեւավորի արդեն ոչ թե շղթա, այլ համակարգ, ընդդիմություն ինստիտուտ, որը կսկսի աշխատել ոչ թե դեպքից դեպք կամ առիթից առիթ, այլ ինքը կստեղծի իրավիճակ ու իրականություն, իր աշխատանքով, ստիպելով իշխող համակարգին նվազագույնը հաշվի նստել դրա հետ եւ ընդհուպ մտածել ռեաբիլիտացվելու մասին:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com