Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Ինչու է գյուղնախարարը լռության մատնում իրականությունը

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Ներքին կյանք - Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 17:53


Մասնագետները դեկտեմբեր ամսին ևս տավարի մսի և կաթնամթերքի գների բարձրացում են կանխատեսում՝ հաշվի առնելով այսօր շուկայում տեղծված իրավիճակը: Այս մասին Lragir.am-ին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ գյուղացիները խոշոր եղջերավոր կենդանիների համատարած մորթ են սկսել, դա կհանգեցնի նրան, որ կաթի ծավալներն էապես կնվազեն, մսից բացի կթանկանա նաև կաթնամթերքը: Ըստ Բերբերյանի՝ վերջին շրջանում միջինում մեկ կգ պանիրն արդեն թանկացել է մոտ 200 դրամով: Իսկ գարնանը, ըստ Բերբերյանի, սպասվում է, որ տավարի մսի դեֆիցիտ կլինի, գները կաճեն ևս մոտ 30-40 տոկոսով:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր լրագրողներին ասել է, որ տավարի մսի մեկ կիլոգրամը թանկացել է ընդամենը 100-150 դրամով:

«Մենք մեղավոր չենք, որ նախարարը շուկա չի գնում, վերջին երկու ամիսներին 500-600 դրամով տավարի մսի թանկացում է տեղի ունեցել»,- արձագանքեց Բերբերյանը:

Գյուղատնտեսության նախարարը նաև ասել էր, որ շուկան է կարգավորում գները, և որ խոշոր եղջերավոր կենդանիների զանգվածային մորթ չի սպասվում: Այնինչ, Հրաչ Բերբերյանը պնդում է, որ ամեն օր գյուղացիների հետ է հանդիպում, զանգվածային մորթն արդեն սկսվել է:

«Որոշ մասնագետներ տավարի մսի թանկացումը կապում են արտահանման հետ, բայց ես այդ կարծիքին չեմ: Մեր ունեցած տվյալներով՝ այս տարի մոտ 3500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է արտահանվել Հայաստանից, որն ընդհանուր հոտի 0.7 տոկոսն է կազմում: Դա չէր կարող էապես ազդել գների վրա: Ես դեռ մեկ-երկու ամիս առաջ ահազանգել էի, որ հանրապետությունում երաշտ է, իսկ նախարարությունը որևէ քայլ չի անում: Պետք էր գյուղ առ գյուղ կազմակերպեր կերի կուտակում և այս վիճակը մեղմացվեր, ինչը չարվեց»,- ասաց մասնագետը:

Ստեղծված պայմաններում, ըստ նրա, անասնակները մի քանի անգամ թանկացել է: Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում խոտի մեկ հակը 400-600 դրամ էր, այս տարի վաճառվում է 1200-2000 դրամով:

Երաշտն այս տարի ազդել է և բանջարեղնեի, և կարտոֆիլի բերքի վրա, իսկ գյուղատնտեսության նախարարությունը, Բերբերյանի խոսքով, այս մասին լռում է:

“Մենք կաթի արտադրության շեշտակի անկում ենք կանխատեսում, մորթը նոր է սկսել, էլի կթանկանա կաթնամթերքը: Դեռ նախքան ձյուն դնելը գյուղացիներն անասնակեր ունեն, իսկ հենց ձյունը դրեց, մորթը համատարած կլինի: Արդեն իսկ սկսել է մորթը, նայած որ գյուղում ինչ վիճակ է: Օրինակ՝ Սոթք գյուղում, եթե նախորդ տարվա այս ժամանակահատվածում երեք հովիվ կար, այս տարի մեկն է մնացել”,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների այն պնդումներին, թե պահանջարկ կա, այդ պատճառով էլ մսամթերքը թանկացել է, Հրաչ Բերբերյանը պատասխանեց, որ եթե աշխատավարձերն ու թոշակները չեն ավելացել, ինչպե՞ս է պահանջարկը մեծացել:

Մասնագետի խոսքով՝ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազման վրա ազդել է նաև արտագաղթը:

“Իսկ ինչո՞ւ նախարարը չի խոստովանում, որ նախորդ տարվա համեմատ այս տարի խոշոր եղջերավոր կենդանիները դեռ օգոստոսից պակասել են: Դե մարդիկ մեկնում են հանրապետությունից, դա էլ կապ ունի”,- հավելեց նա:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com