Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից, տուրքերից և գույքահարկից

Lragir.am
Ներքին կյանք - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 11:48


Կառավարությունը կուսումնասիրի էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու հարցը, կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ներկայում գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալը խթանելու անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Նա ասաց, որ աշխատանքները պետք է տարվեն՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները: Այս գերատեսչությունները վերոնշյալ խնդիրն ուսումնասիրելուց հետո կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեն առաջարկություններ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com