Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում

Lragir.am
Ներքին կյանք - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 19:10


ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Այսօր ստուգումներ են սկսվել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի շինության տարածքում:

Ստուգման արդյունքում ընկերությանը կտրվեն կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերը հանձնելուց որոշ ժամանակ հետո կիրականացվի կրկնակի ստուգայց, և եթե պարզվի, որ թերությունները վերացված չեն, այդ դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի:

Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com