Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել և Քաղաքական խորհուրդ ձևավորել. ՀԴԿ

Lragir.am
Ներքին կյանք - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 19:17


Հայաստանի դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդության գործողությունների վերաբերյալ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական «10 000-ոց» ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:

Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:

Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը: 

Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:

Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:

Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար: 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com