Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Վերակենդանացում եւ վերաիմաստավորում. իրավիճակ, որ ամենեւին շնորհավորելու չէ

Lragir.am
Հարթակ - Հինգշաբթի, 18 Հունվարի 2018, 22:40



Հարթակ հաղորդման հյուրն է 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Սաթիկ Սեյրանյանը ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց նախորդ տարեվերջին: Կառույցը տեւական ժամանակ գտնվում էր «լուսանցքում», գործնականում կատարելով զուտ ցուցանակային դերն: Վերակենդանացնել եւ վերաիմաստավորել կառույցն ու այն ծառայեցնել մեդիադաշտի խնդիրների լուծմանը, ընդ որում խորքային, համակարգային լուծումներ գտնելու համար: Խնդիր, որ կառույցի նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանի առաջ է. ինչպես է նա պատրաստվում լուծել այն, ինչ ճանապարհով եւ տեսլականով: Հակոբ Բադալյանը Սեյրանյանի հետ զրուցել է այդ եւ մեդիադաշտի լայն խնդիրների թեմայով: Սաթիկ Սեյրանյանն ասում է, որ ստացած «ժառանգությունն» այնպիսին է, որ ամենեւին առիթ չէ ընտրության կապակցությամբ իրեն շնորհավորելու համար:

Հայկական մեդիադաշտը Հայաստանում իշխող համակարգից դուրս չէ եւ չի կարող դիտարկվել առանձին, ըստ այդմ իր վրա կրում է համակարգից բխող խնդիրները եւ ազդեցությունը, որպես հետեւանք մի շարք արատներով հանդերձ: Մյուս կողմից, այդ խնդիրների գոնե իր մասով լուծումը կախված է հենց մեդիադաշտից, այնտեղ գործող սուբյեկտներից:

Միեւնույն ժամանակ, դաշտը բազմաշերտ է եւ տարածական, դրանով հանդերձ լրջորեն աղավաղված, ինչը առաջին հերթին հենց իշխանությանն է տալիս դաշտը պարբերաբար մանիպուլյացնելու եւ կառավարելու հնարավորություն: Ինչ անել այդ խնդիրները հաղթահարելու համար, ինչպես լուծել որոշակիորեն անկախ ռեսուրսների խնդիրը այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն ազատ չէ եւ չկան այսպես ասած ազատ ռեսուրսներ:

Սաթիկ Սեյրանյանն անդրադարձել է այդ հարցերին, դրանց լուծման գործում Ժուռնալիստների միության հնարավոր դերին, նախատեսվող կամ դիտարկվող փոփոխություններին, իմաստային, ֆունկցիոնալ թարմացումների անհրաժեշտությանը՝ թե դաշտի մասնագիտական, որակական աճի, թե իրավական պաշտպանվածության, թե ռեսուրսային խնդիրների առավել նպատակային ու հասցեական լուծումների անհրաժեշտության մասով:

Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ պետք է հասնել վիճակի, երբ դաշտը չի բնորոշվի այսպես ասած մեկ սանրի կտավով, իսկ իշխանությունը ստիպված կլինի հարգել մեդիան:





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com