Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Տեղի է ունեցել պետության յուրացում. ինչպես, եւ ինչ է դա

Lragir.am
Հարթակ - Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 20:06



Հարթակ հաղորդաշարի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանն է: Նախորդ շաբաթ ԵԽԽվ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարեց, որ թեեւ դրա արդյունքը դեռեւս բավարար չէ, սակայն Հայաստանը շարունակելու է հետեւողական պայքարը այդ երեւույթի դեմ:

Արդյոք Հայաստանի իշխանության պայքարն այդ երեւույթի դեմ հետեւողական է: Հայկակ Արշամյանի կարծիքով, Հայաստանում հետեւողական պայքար լինելու դեպքում պատկերը կլիներ այլ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթները ընդամենը միջազգային հանրության վրա տպավորություն թողնելու եւ ֆինանսական աջակցություն ստանալու համար են:

Հայկակ Արշամյանի գնահատմամբ, Հայաստանում կոռուպցիա ասելով հաճախ պատկերացնում են միայն կաշառքը, ինչը թերեւս այդ երեուույթի ամենապարզունակ տարբերակն է, քանի որ առավել խնդրահարույցն ու խորքայինը դա քաղաքական կոռուպցիան է, տնտեսա-քաղաքական մենաշնորհերի հաստատումը, պետության յուրացումը:

Հայկակ Արշամյանն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի հանրային ընկալման խնդրին, ասելով նաեւ, թե գուցե նույնիսկ անհրաժեշտ է Հայաստանում կոռուպցիայի բնորոշման այլ տերմին, որն առավել ընդգրկուն կներկայացներ այդ երեւույթի արատավոր ամբողջ խորությունը, ընդհուպ հանրային մտածողության ու գիտակցության մակարդակ:

Միեւնույն ժամանակ, Արշամյանը կարծում է, որ հանրությունը շատ արագ կփոխվի, եթե իշխող «վերնախավը» փոխի միջավայրը, խաղի կանոնները, հետեւողական լինի օրենքի գերակայության հաստատման, իրավականության հաստատման հարցում:

Մյուս կողմից, ինչպես փոխել վիճակը «ներքեւից», ձեւավորել հանրային ավելի մեծ ճնշում, եթե  իշխանությունը, «վերնախավը» ոչ միայն չի ուզում փոխել այն վիճակը, որի վրա հենց կառուցել է համակարգը, այլ նաեւ փորձում է հավելյան միջոցներով ու գաղափարներով վերահսկել դրանք, ներառելով եկեղեցին, շրջանառության մեջ դնելով ազգ-բանակ հայեցակարգը:

Հայկակ Արշամյանն անդրադառնում է այստեղ առկա ռիսկերին ու պատճառներին, միաժամանակ հայտարարելով, որ ներկայիս վիճակը այն տարիների քաղաքականության հետեւանքն է, որը Հայաստանը կախյալ է դարձրել մեկ պետությունից եւ մսխել Հայաստանի անվտանգության ոչ ռազմական մեխանիզմների հնարավորությունը, կենսունակությունը:

Հայկակ Արշամյանը նշում է, որ կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողություն ձեւավորելու եւ դրա միջոցով իշխանությանը ներքեւից ճնշելու համար անհրաժեշտ է նաեւ, որ դոնորներն առավել շատ ռեսուրս հատկացնեն հանրային մեխանիզմների համար: Հայկակ Արշամյանը խոսում է նաեւ այդ առումով քաղաքացիական հանրույթում առկա եւս մի խնդրի մասին, որը էական ազդեցություն ունի արդյունավետության նվազման հարցում:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com