Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Բոլորը երդվել են, եւ Սերժ Սարգսյանը փակել է թեման. Փակագծից դուրս

Lragir.am
Հարթակ - Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018, 23:18



Հարթակ հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առկա զարգացումների, մասնավորապես ընդդիմության դաշտում սրված ինտրիգների մասին, որ հատկապես ծավալվում են ԵԼՔ դաշինքում: 

Ստեփան Սաֆարյանը ասել է, թե ինչու է ԵԼՔ-ը կանգնել առկա իրավիճակի առաջ եւ ինչու էր այդ իրավիճակը դաշինքի դեպքում անխուսափելի: Սաֆարյանը բացել է որոշակի փակագծեր, ասելով, թե ինչու էր ԵԼՔ-ն իշխանության համար նպատակահարմար խորհրդարանում հայտնվելու տեսանկյունից եւ թե ինչու է ԵԼՔ-ն իշխանության համար այժմ դարձել ոչ անհրաժեշտ միավոր: 

Ստեփան Սաֆարյանը անդրադարձել է նաեւ ներկայում Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակային պայքարի հեռանկարին, ասելով, որ առավել կանխատեսելի է այդ ամենի ձախողումը, քանի որ նախ հանրության համար հստակ չեն նպատակներն ու քայլերը եւ ըստ այդմ չկա հանրային մեծ աջակցություն, եւ բացի այդ էլ ընդդիմադիր ուժերը սխալը սկսել են դեռեւս Սահմանադրության փոփոխությունից, եւ հնարավոր չէ հաղթել, եթե տանուլ են տրվել առաջին եւ երկրորդ պարտիաները՝ ներառյալ խորհրդարանի ընտրությունը: 

Ստեփան Սաֆարյանը ծավալվող զարգացումների համատեքստում անդրադարձել է նաեւ արտաքին գործոնների ազդեցությանը եւ կարծիք հայտնել, թե արտաքին որ ուժային կենտրոններին կարող է ձեռնտու լինել Հայաստանում արմատական տրամադրությունների թարմացումը: 

Ստեփան Սաֆարյանի խոսքով, Սերժ Սարգսյանը իր քայլերը եւ հաշվարկը պլանավորած իրագործում է դեռեւս 2013 թվականից եւ լուրջ չի լինի մտածել, թե 15 օրում հնարավոր է խափանել դրանք: Նրա խոսքով, Սարգսյանի «անփոխարինելիության» մասին ՀՀԿ-ականների հավաստիացումները ունեն մի ուշագրավ նրբություն եւ Սարգսյանին հավատարմության երդումը տվել են, ու նա արդեն իսկ փակել է թեման: Թե որն է այն, ու այլ մանրամասներ՝ դիտեք հաղորդման տեսագրությունում:





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com