Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Հայկական բացառիկ անօդաչուն. Մոբիլիզացիայի հրամայականը

Lragir.am
Հարթակ - Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 20:00



Հարթակ հաղորդման հյուրը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում առկա վիճակի ու հեռանկարների մասին:

Ինչպիսին է ոլորտը ապրիլյան քառօրյայից երկու տարի անց, այդ քառօրյայի ընթացքում հնչած աղմկոտ հարցադրումների ֆոնին: Կարեն Վարդանյանի գնահատմամբ, փոխվել է շատ բան, հիմնականում իրենց իրականացրած մտավոր, գիտական ռեսուրսի մոբիլիզացիայի շնորհիվ, սակայն արվածը քիչ է այն մարտահրավերների ֆոնին, որ առկա են համաշխարհային մասշտաբով եւ որոնք ծավալվում են սիրիական թեժ կետում՝ Հայաստանից ոչ հեռու:

Կարեն Վարդանյանն անհրաժեշտ է համարում ռազմարդյունաբերության հեռանկարների շուրջ արագ համապետական եւ համահայկական մոբիլիզացիան, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի դիմագրավել հնարավոր ռիսկերին ու մատրահրավերներին, հույսը չդնելով Ռուսաստանի կամ այլ ուժային կենտրոնի պաշտպանության վրա:

Կարեն Վարդանյանի խոսքով, Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ, գիտատեխնիկական միտք եւ նաեւ մշակումներ, որոնք ցուցադրվեցին օրերս տեղի ունեցած ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսում: Նրա խոսքով, անհրաժեշտ է սակայն պրոտոտիպային այդ նմուշները արագ դնել լայն արտադրության եւ ապահովել բանակը:

Կարեն Վարդանյանը նշում է, որ հայկական մշակումներից շատերը իրենց պարամետրերով գերազանցում են ռազմարդյունաբերող «հեղինակություն» երկրների ունեցած զինատեսակներին:

Այդ ամենով հանդերձ, Կարեն Վարդանյանը համարում է, որ չկա համարժեք պետական մոտեցում եւ մտածողություն, չկա մոբիլիզացիան ապահովելու կամք եւ չկա հաղթելու ռազմավարություն: Կառավարությունը կոմերսանտների կառավարություն է եւ չի կարող ունենալ այդ ամենը, ասում է Կարեն Վարդանյանը, միաժամանակ ահազանգում, որ չկան իրավիճակի հնարավորինս ամբողջական ու խորքային գնահատականներ, վերլուծություններ, որոնք կդրվեն նաեւ ռազմարդյունաբերական մշակումներ իրականացնող մտավոր խմբերի սեղանին:

Կարեն Վարդանյանը ներկայացրել է նաեւ, թե հայկական ռազմարդյունաբերական որ անօդաչու ինչ մշակում է, որ անորսալի է եղել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական միջոցի համար, որը փորձարկման ժամանակ որսացել է բոլոր անօդաչուները, հայկականից բացի:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com