Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Բիզնեսին կաջակցեն շահութահարկի 30%-ի չափով

Lragir.am
Բիզնես - Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017, 14:53


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով սահմանվել է, որ եթե կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ապա առաջին հինգ տարիների ընթացքում այդ աշխատատեղերի մասով վճարված աշխատավարձը լրացուցիչ նվազեցվում է գործարար ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարվող շահութահարկի գումարից: Այլ կերպ ասած, ըստ ՊԵԿ նախագահի, դա նշանակում է, որ պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձերի ֆինանսավորման մասով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը խթան կլինի նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Վարչապետ Կարոն Կարապետյանը ճշտեց. «Այսինքն՝ նոր աշխատատեղ ստեղծողին մենք այդ ընկերության շահութահարկի մինչև 30 տոկոսը թույլ ենք տալիս, որ ինքն ուղղի աշխավարձ տալո՞ւն: Այդ վճարումները դեպի բյուջեն պակասում են, իր վրա լրացուցիչ բեռ չի նստում մինչև 30 տոկոս շահութահարկի մասով»: ՊԵԿ նախագահը հաստատեց, որ այդպես է:

«Մենք վարչարարությունը, նյութերի տրամադրումը, էդ ամեն ինչը հաշվարկել ենք, չէ՞, որ արհեստական քաշքուկներ չստեղծենք»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում են ստեղծվում նոր աշխատատեղերը, դրանք արդեն մեխանիկորեն հաշվարկելու են ՊԵԿ կողմից:

«Եկեք մենք մտածենք, որպեսզի ինքն աշխատի, այնպիսի գործիքակազմ և վարչարարություն նախատեսենք, որ արհեստական բարդություններ չստեղծվեն գործարարների համար»,- հանձնարարեց վարչապետը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com