Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ մնաց

Lragir.am
Բիզնես - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:20


2018 թ. փետրվարի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են  համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը:  Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com