Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Փորձում էին օգնել Հայաստանին, բայց չի կարելի օգնել մի երկրի, որը չի ուզում իրեն օգնեն

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 10:34


Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակցությունները սկսվում են առանց Հայաստանի նախապայմանների՝ նկատի ունենալով վերահսկողական մեխանիզմների տեղադրման հարցը։ Դրան կոշտ արձագանքել է ՀՀ նախագահի գրասենյակը։ Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա Սարգսյան-Ալիև հանդիպումից։

Որևէ արդյունքի հասնելու նախադրյալներ չկան, բայց կարծում եմ, որ բավական լուրջ ճնշում է լինելու Սերժ Սարգսյանի վրա, և դա հիմնականում լինելու է ռուսական կողմից։ Ռուսները փորձում են իրենց համար խնդիրներ լուծել, այն է՝ գայթակղել, նաև ինչ-որ տեղ կաշառել Ադրբեջանին, վերջինիս ԵՏՄ մտցնելու համար։ Ալիևի խոսքերից ու տոնայնությունից զգացվում է, որ ինչ-որ ակնկալիք կա։ Հիմա կտեսնենք, թե այդ ամենն ինչով կվերջանա։ Արդյունքի բացակայությունը ես Հայաստանի համար դրական կհամարեմ, որովհետև եթե լինի արդյունք, ապա այն մեզ համար բացասական է լինելու։ Նկատի ունեմ այն, որ Ռուսաստանը շարունակելու է պնդել, որ եկեք հանձնեք 3 շրջան կամ 5 շրջան, մնացածը հետո կքննարկենք տարբերակով։

Վերջերս Պուտինի խորհրդական Գլազևը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Վերջին շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու հավանականության մասին։ Այս փուլում դա որքանո՞վ է հավանական և արդյոք Գլազևի հայտարարությունն ուղերձ էր ՀՀ իշխանություններին։

Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը համաձայնեց անդամակցել ԵՏՄ-ին, ես գրեցի՝ մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանը ԵՏՄ կազմ մտցնելու պուտինյան ծրագրերում։ Ակնհայտ էր, որ երբ մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, կորցնում ենք բոլոր տեսակի հետաքրքրությունները Ռուսաստանի համար։ Դրանից հետո Ռուսաստանի  խնդիրը դառնում էր Ադրբեջանին ևս ԵՏՄ մտցնելը։ Եվ Գլազևը, և մյուսներն այդ պլանների շրջանակում են խոսում։ Իրենք ունեն այն ամենը, ինչ Հայաստանից կարող էին ստանալ, դրանից ավել բան վերցնել չեն էլ կարող, հետևաբար հիմա կենտրոնանալու են Ադրբեջանի վրա։ Հիմա խնդիրը հետևյալն է. արդյոք Ալիևը կհամաձայնի մտնել ԵՏՄ, թե ոչ։ Մի քանի տարի առաջ ես ավելի վստահ էի ասում, որ չի համաձայնի, բայց հիմա այդ վստահությունը չունեմ, որովհետև Ալիևի դիրքերը թուլանում են, նավթի գներն ընկնում են, և հարավ-կովկասյան ղեկավարները հասկանում են, որ քանի որ իրենք չունեն ժողովրդի աջակցությունը, իրենց թիկունքը մնում է միայն Մոսկվան։ Այսինքն, պետք է հնարավորինս ամեն ինչ զիջել Մոսկվային, դրա դիմաց պահել իրենց իշխանությունը։ Այս անգամ, իհարկե, Ալիևը ոչ մի նման համաձայնություն չի տա, բայց այդ տոնայնությամբ ճնշումներն ու բանակցությունները կշարունակվեն։

Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում իրավիճակը բավական թեժ է, լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ինչի՞ կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հակամարտությունը և ռուս-թուրքական մերձեցումը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի համար։

Իմ կարծիքով՝ կրկնվում է այն իրավիճակը, որն ունենինք Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Թուրքիան, պարտվելով պատերազմում, իրեն նետեց իր ամենամեծ թշնամու՝ Ռուսաստանի գիրկը՝ երեկվա իր ամենամեծ թշնամու։ Հիշենք, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ ռուսներն ու թուրքերն իրար դեմ էին կռվում։ Կարծում եմ՝ Էրդողանը նույն քաղաքականությունը կիրականացնի։ Ռուսներն ու Պուտինը կընդունեն այդ քաղաքականությունը, և դա կներկայացվի որպես մեծ հաջողություն, որ տեսեք, Միացյալ Նահանգների և Արևմուտքի՝ այսպիսի հզոր դաշնակցի մեզնով արեցինք, իսկ Հայաստանի համար վատ կլինի, քանի որ երբ ռուսներն ու թուրքերը մերձենում են, ռուսները միշտ մեր հաշվին Թուրքիային լավություններ են անում, մեր հաշվին հարցեր լուծում: Հետո Թուրքիան կհասկանա, որ Ռուսաստանը պարզապես ի վիճակի չէ ապահովել իր զարգացումը, որովհետև Թուրքիայի տնտեսության համար մեծ գումարներ, վարկեր են պետք, մեծ տեխնոլոգիաներ են պետք, որը Ռուսաստանը չունի, բայց այդ կարճ մերձեցման ժամանակահատվածը, որը 3-5 տարի կտևի, մեզ համար ծանրագույն ժամանակահատված կլինի, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դա էլ Աստված գիտի։

Պարոն Պապյան, Մինսկի խմբի վերջին հայտարարություններում  այլևս չենք տեսնում ընդգծված դիրքորոշում՝ կապված Մինսկի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պատրա՞ստ է բանակցությունների գնալ՝ առանց այդ նախապայմանների կյանքի կոչման։

Ամեն ինչ կախված է Ռուսաստանից։ Ռուսաստանն ինչպես որոշի, Հայաստանն այդպես էլ կանի։ Դա այնքան ակնհայտ է, որ որևէ մեկը չի էլ կասկածում։ Նախկինում ինչո՞ւ էին ակտիվ մյուս երկու համանախագահ երկրները, նրանք փորձում էին օգնել Հայաստանին, ինչ-որ մի բան անել, բայց չի կարելի օգնել մի երկրի, որն իրեն չի ուզում օգնեն։ Հիշեք Հայաստանին արված վերջին առաջարկները և Հայաստանի կողմից դրանց լռության մատնումը, հսկայական ներդրումային ծրագրեր և այլն։ Մեզ արդեն ընկալում են Ռուսաստանին ածանցյալ ինչ-որ մի բան, ոչ ոք չգիտի՝ որպես երկի՞ր է, թե որպես գուբերնիա, հետևաբար որևէ բան անել թշնամու դաշնակցի համար, իսկ Ռուսաստանն արդեն բացահայտ թշնամի է Արևմուտքի համար, որևէ մեկը չի ուզում, Ռուսաստանն էլ որևէ բան չի ուզում անել Հայաստանի համար, և մենք հայտնվել ենք կատարյալ մեկուսացման մեջ՝ անտեսված Արևմուտքից, անտեսված Ռուսաստանից և սպասում ենք տեսնենք ներքին առևտրի ժամանակ ինչպես կլուծվի մեր ճակատագիրը, և արդյոք հերթական անգամ ժողովուրդը, զինվորները, սպաները անձնազոհությամբ պետք է փորձեն շտկել քաղաքական սխալները՝ վճարելով բարձր գին՝ իրենց արյունով։

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Մենք մեր մի կորպուսը դնում ենք այլ երկրի հրամանի տակ, մեր բանակը մի կորպուսով պակասեց։ Դրանով մենք արդյոք ավելի ուժեղացա՞նք, իմ կարծիքով, մենք ավելի թուլացանք, իսկ ինչպես պատերազմի ժամանակ իրեն կպահի Ռուսաստանը, մենք դեռ չգիտենք։ Եթե միացյալ զորախումբն իրենից ինչ-որ մի բան է ներկայացնում, մենք միացյալ բանակ ունեինք Ռուսաստանի հետ Սումգայիթի ջարդերի ժամանակ, Բաքվի ջարդերի ժամանակ։ 5 միլիոնանոց միացյալ բանակ ունեինք, որը ոչինչ չարեց, հիմա ինչ-որ մի քոսոտ զորախումբ ինչ-որ հա՞րց պետք է լուծի։ Պարզապես Ռուսաստանը մի անգամ ևս փորձեց աշխարհին և իրեն ցույց տալ՝ кто в доме хозяин։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com