Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Արցախի հարցը լուծված է. Ռուսները հիմա ամենավատ բանն են անում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Հարցազրույց - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 17:50


Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ղարաբաղյան խնդրում «բանակցությունը վերսկսվում է առանց Հայաստանի նախապայմանի»: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի կոշտ պատասխանը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այս փուլում նման հայտարարություն անում:

Որովհետև Ադրբեջանի վիճակը նեղ է, Եվրոպայից ու Ամերիկայից արդեն թքում են այդ երկրի վրա: Համաշխարհային սկանդալի մեջ է հայտնվել, դրա համար էl գնում է նման քայլերի: Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը լավ պատասխան էր, պետք է շուտ լիներ դա: Մեր նախագահը երևի վիճակն ուսումնասիրել է, հասկացել է, թե Ալրևի վիճակն ինչպիսին է ու որոշել է ճնշել:

Վերջին շրջանում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում որևէ նոր բան նկատվո՞ւմ է:

Կաթվածահար վիճակում է բանակցային գործընթացը, որովհետև այդ բանակցությունները կոնֆիկտի հետ որևէ կապ չունեն: Բոլորը հասկանում են, որ կոնֆլիկտը լուծված է, հայ ժողովուրդն Արցախի խնդիրը լուծել է այն տեսքով, որով այսօր կա: Հիմա, այդ օբյեկտիվ հարցից հեռու անընդհատ ինչ-որ հարց է քննվում, որը չի արտացոլում իրական վիճակը, այդ պատճառով այս վիճակն է առաջացել: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հարցը լուծել է: Իսկ այդ խոսակցությունները միջազգային բանակցողների, Ալիևի հաստակողության և Հայաստանի անվճռականության արդյունք են:

Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանն առաջ քաշեց իր նախապայմանները, որ բանակցությունները պետք է վերսկսվեն վստահության մթնոլորտում, պետք է ներդրվեն հետաքննության մեխանիզմներ, շփման գծից հետ քաշվեն դիպուկահարները, երկար ժամանակ է անցել, բայց որևէ առաջընթաց չկա, ինչո՞ւ:

Ալիևն ամեն ինչ անում է, որ դա չլինի: Եթե այդ պայմաններն իրականացվեն՝ դիպուկահարների հեռացում, հետաքննության մեխանիզմների ներդրում, դա նշանակում է, որ հակամարտության այսօրվա գիծը վերածվում է պետական սահմանի: Դրա համար էլ հակառակն են անում:

Մինսկի խմբի համանախագահները չե՞ն ուզում պարտադրել, որ Ադրբեջանը կյանքի կոչի այդ պայմանավորվածությունները:

Չնայած գիշեր-ցերեկ մեր ուղեղը լցնում են, որ դա համանախագահների միասնական դիրքորոշումն է, բայց Ռուսաստանը դեմ է դրան: Ադրբեջանն ու Ռուսաստանը այս պարագայում միասնական են, որ դիպուկահարները չհեռացվեն: Ռուսաստանը չի ուզել ու չի ուզում դա, եթե ուզենա, այնտեղ խաղաղապահ ուժեր չի կարող բերել: Իսկ խաղաղապահները Ռուսաստանի փորացավն են: Եթե Ռուսաստանն ուզենա, որ դա այդպես լինի, Հայաստանին կզինի մինչև ատամները և հեքիաթ չի պատմի, որ եթե Ադրբեջանը մեզնից զենք չգնի, ուրիշից կգնի: Քո ի՞նչ գործն է, դու մի տուր, թող ուրիշից գնեն: Ռուսները մինչև հիմա ամերիկացիներին դատապարտում են, որ Հիտլերին գաղտնի ֆինանսական միջոցներ էին տրամադրել: Իրենք ավելի վատն են անում, հիմա Ադրբեջանի ձեռքից փողը բացահայտորեն վերցնում են, իրենց գործարաններն աշխատեցնում: Բայց Ադրբեջանը հաջողության չի հասնում: Հիմա, եթե Ադրբեջանի ժողովուրդը էշ չլիներ, կապստամբեր, կասեր՝ փողերս ի՞նչ եղան, բա ասում էիր՝ հարցը կլուծվի:

Իսկ մյուս համանախագահնե՞րը:

Այդ համանախագահներից ոչ ոք հարցի լուծում չի ուզում: Նրանք ասում են՝ խնդիրը պետք է կարգավորվի, իսկ կոնֆլիկտաբանության մեջ կարգավորվելն ավելի շատ նշանակում է կառավարել կոնֆլիկտը: Եթե լուծեն, չեն կարող կառավարել:

Ադրբեջանը պարբերաբար իր գործելաոճով փորձում է ձախողել ցանկացած գործընթաց, հետագայում ի՞նչ սպասել:

Ադրբեջանի ռազմավարությունը շատ պարզ է՝ այնքան ձգել իրավիճակը, մինչև Հայաստանի տնտեսությունը ոչնչանա, արտագաղթի հետևանքով երկիրը սպառվի: Այսօր արտագաղթը չի կասեցվում, երկրում արդյունաբերություն չի զարգանում, կոռուպցիան չի դադարում, տնտեսությունը չի զարգանում: Եթե մենք պետություն չդառնանք, այս վիճակը շարունակվելու է, 15-20 տարի հետո բանակ ո՞վ է զորակոչվելու: Երկու անգամ Ադրբեջանը փորձեց հարցը պատերազմով լուծել, բայց ոչ մի արդյունք չգրանցեց: Առաջինում անընդհատ շրջաններ կորցրեցին, երկրորդում էլ այդքան տեխնիկան փչացավ գնաց, մի քանի հեկտար հող վերցրին, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն չունեն: Հիմա նորից վերադարձան իրենց հին գործելաոճին՝ այս վիճակը պահել, մինչև Հայաստանը մոմի նման կհալվի: Իսկ որպեսզի այդպես չլինի՝ Հայաստանում պետք է ձեռքները սեղանին խփեն, օլիգարխներին զսպեն և արդյունաբերություն ստեղծեն, որ մենք կախման մեջ չլինենք Ռուսաստանից ու մյուսներից:

Ռուսաստանի հետ կնքված նոր վարկային պայմանագրով ևս 100 մլն դոլարի զենք պետք է այդ երկիրը մատակարարի Հայաստանին: Այսինքն՝ նորից կախվածության մե՞ջ ենք Ռուսաստանից:

Նրանց իրենց փողով ահռելի քանակությամբ զենք են տալիս, մեզ էլ վարկով մի քիչ տալիս են, որ կարողանանք լավ կռվել, որ որևէ մեկը չպարտվի: Ռուսներն ուզում են, որ կռիվն այնքան շարունակվի, մինչև իրենց ասենք՝ արի բարիշեցրու: 1990 թվականից զենքի առումով միշտ Ադրբեջանը գերիշխող դիրքում է: Նախկինում սովետական զենքն  էին տալիս, հիմա էլ փողով են տալիս: Այսինքն՝ Ռուսաստանը մեր դաշնակիցը լինելով՝ իր ոչ դաշնակցին ավելի է զինում, քան մեզ: Ռուսաստանն այս քաղաքականությամբ ուզում է, որ անընդհատ իր կարիքն ունենանք, իրենից զենք ուզենք, փող ուզենք: Ինքն էլ ասի՝ դե հացդ տուր, ջուրդ տուր, Ատոմակայանդ տուր: Երկրորդ, մենք պետք է ռուսներին հստակ ասենք, որ իրենք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, քանի որ Ադրբեջանի հետ են վարում դաշնակցային հարաբերություններ: Գուցե Հայաստանում մարդիկ կան, որոնց դաշնակիցն են, բայց մեր պետության դաշնակիցը չեն: Եթե մեր դաշնակիցը լինեին՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության մասին պայմանագիրը կչեղարկեին: Այդ պայմանագրով մենք կապանքների մեջ ենք, այդ պայմանագրից է բխում այս ամենը, որով Հայաստանը բաժանվել է ռուսների, թուրքերի ու վրացիների միջև:

Իսկ հիմա Ռուսաստանը մեզ չի կարող չզինել, որովհետև թուրք-ադրբեջանական ալյանսը հետո կխեղդի իրենց: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Թուրքիայի պոտենցիալը միանա Ադրբեջանի պոտենցիալին: Եթե մենք չլինենք, դրանք իրար կմիանան, դրա համար Ռուսաստանը մեզ օգնում է, որ ողջ ու առողջ լինենք, որ մենք նրանց դեմ լավ կռվենք, ինչն անում ենք: Մեր խնդիրը ո՞րն է՝ տնտեսություն ու արդյունաբերություն զարգացնել, որպեսզի այս կապանքներից դուրս գանք: Դրա փոխարեն մեր վերնախավը զբաղված է հարսանիքներով: Սա խայտառակություն է, երբ այս պայմաններում երկրի վերնախավը գիշեր-ցերեկ քեֆերի մեջ է:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com