Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Պոլսի պատրիարքի ընտրությունը վիժեցվում է հայ եւ թուրք որոշակի շրջանակների ջանքերով

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 18:37


Մեր զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի Ռուբեն Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը, որ ենթադրվում էր տեղի կունենա դեկտեմբերին,  փակուղի է մտել այս փուլում։ Ո՞րն է պատճառը, դարձյալ Արամ սրբազանի միջամտությո՞ւնն եք այստեղ տեսնում։

Իսկապես բավական բարդ իրավիճակ է ստեղծել։ Թվում էր՝ նորընտիր տեղապահը, օգտագործելով բոլոր օրինական հնարավորությունները, գործընթացը տանում է տրամաբանական հանգրվանի, և պետք է արժանին մատուցել Գարեգին Բեկչյանին, ով օրենքի տառին հավատարիմ և նաև հստակ հավատարիմ մնալով այդ խնդիրը լուծելու գաղափարին, այդ հարցում լինելով անձնական շահից վեր, այսինքն՝ ուղղակի փորձելով լուծել խնդիրը՝ դրանում չտեսնել իր անձնական շահը, կոնկրետ իր՝ անպայման ընտրվելու հանգամանքը, փորձում է իրականացնել համապատասխան գործողություններ։ Ցավոք սրտի, այս պահին ստեղծվել է մի փակուղի, որը գնալով ավելի է խորանում և այդ փակուղու հարցում, ցավոք, համագործակցում են հայկական և թուրքական տարբեր ուժեր, անգամ երևում է մոտավոր շղթան, թե ովքեր են ընդգրկված այդ փակուղին ստեղծելու մեջ։ Ընդ որում՝ հիմա հնչող հայտարարությունները, տեսակետները ոչ միայն վիրավորում են իր պատրիարքին ընտրելու համայնքի տարրական իրավունքը, այլև շատ հաճախ անուղղակիորեն դեմ են Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմանը և ըստ եկեղեցական կարգի իրականացված փաստին, այսինքն՝ Գարեգին Բեկչյանին որպես տեղապահ ընտրելուն։ Նրանք հայտարարում են, որ Բեկչյանի տեղապահ լինելու պարագայում հնարավոր չէ այդ հարցը լուծել, որ թուրքական պետությունը չի ընդունում Գարեգին Բեկչյանին, նրան չի հրավիրում պաշտոնական միջոցառումներին՝ մոռանալով, որ եթե թուրքական պետությունը նրան չի հրավիրում, ապա Ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր համապատասխան միջոցառումներին Բեկչյանին հրավիրում է որպես տեղապահ և նրան վերաբերվում է ըստ իր կարգավիճակի։ Ցավոք սրտի, այս փակուղու ստեղծման մեջ ընդգրկված հայկական ուժերը բավական ակտիվացել են և գնալով էլ ավելի են պղտորում ջուրը, որը հանգեցնելու է այս փակուղու էլ ավելի դժվար լուծելի դառնալուն։

Նախկինում հայտարարվում էր, որ մինչև դեկտեմբեր Պոլսո հայոց պատրիարք կունենանք, բայց հիմա պետք է մոռանա՞լ դրա մասին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ե՞րբ է հնարավոր պատասխան ունենալ այս հարցում։

Այս խնդրի լուծումը վիժեցնելուն ուղղված ուժերի համագործակցությունը հետևյալ կերպ է տեղի ունենում. Արամ Աթեշյանը, օգտագործելով իր բոլոր լծակները, փորձում է ամեն կերպ խոչընդոտել այս նորմալ գործընթացին և գրեթե բացահայտ հայտարարելով, որ թուրքական պետությունը իրեն է ցանկանում տեսնել, և առանց իր գործուն մասնակցության այս խնդիրը չի լուծվելու։ Մյուս կողմից, համայնքի խոշոր օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկը՝ Պետրոս Շիրինօղլուն, ով նաև մեծ կապեր ունի թուրքական իշխանությունների հետ, բացահայտ հայտարարում է, որ Գարեգին Բակչյանն անցանկալի է, հայտարարում է, որ այս խնդիրը չի լուծվելու այս տարբերակով, ընտրություն չի լինելու։ Ցավոք, դրան միանում է հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով հարցազրույց էր տվել Պոլսի «Ժամանակ» թերթին, վերջինն էլ միտումը չթաքցնող վերնագրերով տպագրել էր։ Հարցազրույցը վերնագրված էր «Հորդորներ, որոնք հնարավոր չէ անտեսել», այսինքն՝ այդ հորդորներին պետք է ենթարկվել։ Ցավոք սրտի, հարգարժան Խաժակ սրբազանը նշում է, որ պետք չէ թուրքական պետության հետ հարաբերություններում համառել և պետք չէ հույսը դնել այդ պետության համար անընդունելի անձերի վրա։ Կոնկրետ նշվում է Գարեգին Բեկչյանի պարագան և նշվում է, որ թուրքահայ համայնքը բոլոր քայլերը պետք է համապատասխանեցնի Թուրքիա պետության հետ։ Զարմանալի է, որ սրբազանը կոչ է անում հրաժարվել հայ համայնքի ազգային ու կրոնական իրավունքներից և կոչ է անում ամեն կերպ համագործակցել թուրքական պետության հետ, լսել նրա հորդորները և հույս չդնել անցանկալի անձերի վրա։ Եվ այս շղթայի մեջ չորրորդը պոլսահայ մամուլի որոշ միջոցներ, մտավորականների ու լրագրողների որոշակի շրջանակներ ձայնակցում են և գրեթե առանց ամոթի հայտարարում, որ ճիշտ է այն մոտեցումը, որ համայնքն ու եկեղեցին անեն այնպիսի քայլեր, որոնք հաճելի կլինեն թուրքական պետությանը։ Ես սա համարում եմ ուղղակի ազգային խայտառակության մի օրինակ, երբ հոգևորականները, գործարարները, մտավորականներն ու լրագրողները միահամուռ կոչ են անում համայնքին ենթարկվել ավտորիտար հստակ հակումներ ունեցող թուրքական պետության կարգադրություններին։ Նրանք Գարեգին Բեկչյանին ու համայնքի մյուս հատվածին համարում են դոնկիխոտներ, քաջնազարներ։ Նրանք կոչ են անում զերծ մնալ համարձակության և իր իրավունքները պաշտպանելուն ուղղված որոշումներից։

Այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը։ Կաթողիկոսը մեկ անգամ չէ, որ հայտարարություններով հանդես եկավ և կարողացավ այն ժամանակ ազդեցություն ունենալ, հիմա ի՞նչ կարող է անել, երբ Պոլսո պատրիարքի ընտրությունների հարցում պառակտում կա անգամ եկեղեցու ներսում։

Այստեղ խնդիրը շատ հստակ է. Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսն արել են այն, ինչ ենթադրում է օրենքը, այսինքն՝ անցկացնել տեղապահի, ապա նաև պատրիարքի ընտրություն՝ համաձայն կարգի։ Այնինչ հիմա, եթե նույն Խաժակ սրբազանը, նույն Շիրինօղլուն կամ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, մյուս գործիչները հայտարարում են, որ Գարեգին Բեկչյանի որդեգրած ուղին տանում է դեպի փակուղի, եթե նրա արածը քաջնազարություն է և այլն, եթե նրանք կարևորում և ֆետիշացնում են այն, որ Թուրքիա պետությունը Բեկչյանին չի հրավիրում արձանագրային տոներին ու արարողություններին, ապա պարզ է դառնում, որ անտեսվում է Մայր Աթոռի և Գարեգին Բ-ի ուրվագծած ուղին, այսինքն՝ հետևել օրենքի տառին և ոգուն։ Բանը հասել է այնտեղ, որ  իմ կողմից հարգված Խաժակ սրբազանը հայտարարում է, որ պետք է հասկանալ Թուրքիա պետության տրամադրությունը, թե ովքեր կարող են լինել թեկնածու, ովքեր ոչ, և համագործակցել հենց «ցանկալի» թեկնածուների հետ, որոնք հաճելի են Թուրքիա պետությանը։ Այնինչ պատմությունը ցույց է տվել, որ բազմաթիվ անգամներ եղել են դեպքեր, երբ պատրիարքի աթոռը զբաղեցրել են մարդիկ, որոնք չեն եղել Թուրքիա պետության համար ցանկալի անձինք։ Այդ կոչերը հիմա առաջացնում են տարաձայնություններ, և ամենակարևորը, Խաժակ սրբազանը հանդես է եկել որպես պոտենցիալ թեկնածու, սակայն հայտարարել է, որ հրաժարվում է իր մասնակցությունից։ Բայց հրաժարվելով հանդերձ նա միջամտել է Պոլսո աթոռի գործերին՝ օգտագործելով իր հեղինակությունը՝ փորձում է լռեցնել պայքարի պատրաստ միտումները՝ բացահայտ կոչ անելով համագործակցել պետության հետ։ Նա նաև կոչ է անում, որ պետք չէ վեհափառին ներքաշել տեղական խնդիրների մեջ։

Բայց սա տեղական խնդիր չէ։ Պոլսո աթոռը հայոց եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկի գահակալի ընտրություն է, սա թաղապետի կամ մարզպետի ընտրություն չէ։ Եվ Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն պետք է ներքաշվի, այլև իր պարտականությունն է կարգավորել տարիներ տևած այս թնջուկը։ Միևնույն ժամանակ, Արամ Աթեշյանը ձեռք է բերում, թող ներեն ինձ, մի փոքր լկտի պահվածք՝ գրեթե արհամարհանքով, ծաղրանքով հայտարարելով, որ այս քաջնազարական մոտեցումները մի փոքր էլ կշարունակվեն, և հետո կգերիշխի ռեալ տրամաբանությունը, և բոլորը կհամախմբվեն պետության համար ցանկալի, պետության կամակատար Արամ Աթեշյանի կողքին։ Սա է գծված ուղին, սա են հրամցնում վերը նշված մարդիկ՝ Խաժակ սրբազանը, Շիրինօղլուն, Խաժակ սրբազանը և մյուսները։ Կարծում եմ՝ համայնքի ակտիվ հատվածը պետք է չընկրկի, չընկճվի, շարունակի պայքարը։ Իհարկե, այստեղ խնդիր ունենք, Գարեգին Բեկչյանը  ի վերջո տարիքով է և հայտարարում է, որ եթե դուք չեք ուզում իմ գծած ուղիով առաջ գնալ, ես ի վերջո կվերադառնամ Գերմանիա և վերջ։ Բայց նա այն վերջին հույսն է, որ կարող է պատրիարքական ընտրության հարցն ի վերջո տանել լուծման։

Ստացվում է՝ Արամ սրբազանի՞ց է այս պահին կապված պատրիարքի ընտրության հարցը։ Դեռ որքա՞ն կձգձգվի այս վիճակը։

Մի ամբողջ խումբ է գործում, և այդ խումբն արդեն բացահայտված է։ Մի կողմից Թուրքիա պետությունն է, որ հստակ մեսիջներ է հղում, որ տեղապահ Գարեգին Բեկչյանն իր համար անցանկալի է, նրան չի հրավիրում Թուրքիայի պետական արարողություններին։ Բայց այս մեսիջից զատ, արտահայտվում է Ստամբուլի գործարար շրջանակների ամենահայտնի մարդը՝ Շիրինօղլուն, ով միևնույն ժամանակ համարվում է հայ համայնքի կապող օղակը թուրքական իշխանությունների հետ։ Եվ Գարեգին Բեկչյանը երեկ հայտարարում էր, որ ինքը դիմում էր Շիրինօղլուին, որ նա հանդիպում կազմակերպեր թուրքական վերնախավի հետ այս խնդիրը լուծվելու համար։ Բայց պարզվում է, որ ոչ միայն Շիրինօղլուն այդ հանդիպումը չի կազմակերպում, այլ, ընդհակառակը,  աշխատում է այս վիճակն էլ ավելի խորացնել։ Դրան միանում  են մամուլի  միջոցներ, կոնկրետ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը և այլն։ Եվ ստեղծվել է ճահճանման մի իրավիճակ, որն այս փակուղին երկարատև է դարձնելու և տանելու է դեպի այն, որ կամ այս փակուղին շարունակվում է, կամ պետք է համաձայնվել Արամ Աթեշյանի շուրջ։ Սա է այդ պարզունակ պլանը, բայց հուսանք, որ այս պլանի դեմ կլինեն այլ հակաքայլեր, մանավանդ որ համայնքի ակտիվ հատվածն էլ լուրջ ներուժ ունի, կարող է քայլեր անել։

Եվ վստահ եմ, որ վճռական պահին Ամենայն հայոց կաթողիկոսը իր խոսքը կասի, բայց, այնուամենայնիվ, գոնե պետք է կոչ անի թեմական առաջնորդներին, որ գոնե չեզոք հայտարարություն անեն և բացահայտ չպաշտպանեն թուրքական պետությանը։ Խաժակ սրբազանի հայտարարությունները ուղղակի հնարավոր չէ առանց տարակուսանքի կարդալ, ինչպես է մեծարգո սրբազանը հայտարարում, որ ընտրության յուրաքանչյուր փուլ պետք է համաձայնեցնել թուրքական պետության հետ։ Այստեղ ուղղակի խախտվում է աշխարհիկության սկզբունքը, երբ եկեղեցու գործերին միջամտում է պետությունը։ Ստեղծում են անելանելի վիճակ, երբ գոնե հույս կար, որ կարող են տեղի ունենալ ընտրություններ, հիմա աթեշյանական խումբը գործընթացը լիովին կասեցնում է և տանում է դեպի փակուղի՝ արդեն բացահայտ համագործակցելով Թուրքիա պետության հետ։ Այն արատավոր երևույթը, որ ծանոթ է մեզ՝ «դաբրոների» ինստիտուտը, փաստորեն Պոլսո համայնքում այդ դաբրոների ինստիտուտը բավական ընկալել է, և այդ ընկալողների թվում են նաև սրբազաններ ոչ միայն Թուքիայում, այլև ԱՄՆ-ում, ինչը վհատեցնող է։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com