Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Ժիրայր Սեֆիլյանի դեմ քաղաքական հաշվեհարդար ու քինախնդրություն է տեղի ունենում

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Շաբաթ, 10 Փետրվարի 2018, 14:42


Մեր զրուցակիցն է «Հանուն Հայաստան Պետության ճակատի» անդամ Ալեք Ենիգոմշյանը

Պարոն Ենիգոմշյան, երեկ դատական նիստին մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս։ Շատերը գնահատում են որպես քաղաքական հաշվեհարդար։ Ինչպե՞ս եք գնահատում։

Միանշանակ քաղաքական որոշում է, և դա այսօր չի պարզվել։ Իհարկե, այսօր երևացել է իրենց կողմից պատժիչ ակտի աստիճանը, բայց հենց ձերբակալման պահից էլ պարզ է եղել, որ սա քաղաքական գործընթաց է, ամբողջ ընթացքը եղել է քաղաքական և այսօր էլ շարունակում է այդպիսին լինել։ Իհարկե, ես չեմ ուզում հիմա վճռի պահանջի անհեթեթության մասին խոսել, ընդամենը մեկ հոգու ցուցմունքների վրա հիմնված, որ իբր ինքն էլ մեղադրյալ է, բայց չգիտես ինչու, ի տարբերություն մնացած բոլորի, ազատության մեջ է գտնվում, և նաև մեղադրյալներից մեկի ցուցմունքով, որի նկատմամբ ոչ զարմանալիորեն ամենամեղմ պատիժն առաջարկվեց։ Այդ մասին ավելորդ է խոսելը, որովհետև իրավական հիմնավորումներ չկան։ Զուտ իրավական առումով, ես վստահ եմ, որ պաշտպաններն առաջիկա շաբաթներին, երբ հաջորդ նիստը կլինի, բավարար բացատրություններ կտան, բայց դա, ցավոք, էլի ոչինչ չի փոխի, որովհետև ոչ այս դատական գործընթացը, որ ավարտվեց նման դատավճռով, ոչ էլ պաշտպանների  աշխատանքն է ինչ-որ բան փոխելու մի պարզ պատճառով, որ այս ամենը քաղաքական է։ Սրանով միաժամանակ և քաղաքական, և նաև անձնական քինախնդրության խնդիր է լուծվում, ու դա լուծվում է ոչ թե որևէ դատախազի կամ որևէ այլ չինովնիկի, այլ այս համակարգի, այս ռեժիմի պարագլխի կողմից։ Նա անձնական քինախնդրություն է դրսևորում, բայց այդ ամենի կողքին նման վճռի պահանջով նա նաև ասում է՝ ես անում եմ, ինչ ուզում եմ և ձեզնից ոչ ոք իրավունք չունի ոչինչ անել։ Այսինքն ասում է՝ ես շարունակելու եմ անել ինչ ուզում եմ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլև ցանկացածի նկատմամբ, իսկ ովքեր կհամարձակվեն ազնիվ ձևով, խաղաղ ձևով ընդդիմանալ, նրանց այսպիսի արձագանք եմ տալու։ Մի կողմից սա անձնական քինախնդրության խնդիր է, մյուս կողմից բռնատիրական երևույթի դրսևորում է։

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Այս գործը նո՞ւյնպես կհասնի ՄԻԵԴ։

Այո, մենք տեսնում ենք նաև, թե ինչ ոտնձգություններ են տեղի ունենում փաստաբանական համակարգի նկատմամբ։ Ըստ էության, այսպես կոչված դատական գործընթացներում առկա խեղկատակությունը այս դեպքում ևս գագաթնակետին հասցնելու գործընթաց է ընթանում։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի մահակի քաղաքականություն են կիրառում փաստաբանների նկատմամբ։ Այս ամբողջը միևնույն քաղաքականության տարբեր դրսևորումներն են։ Ինչ վերաբերում է զուտ խնդրի իրավական պաշտպանությանը, ես վստահ եմ, որ պաշտպանները և այստեղ, և Հայաստանից դուրս կանեն անհրաժեշտ ամեն բան։ Նրանք մինչև այսօր պատվով իրենց աշխատանքը կատարել են և այսուհետ էլ կկատարեն։ Երբ դատավճիռը լինի, այն կբողոքարկվի նախ Հայաստանում, ապա նաև Եվրոպական դատարանում։ Բացի այդ, մինչև վճռի արձակվելը, անցած ամիսների ընթացքում բազում իրավախախտումների կապակցությամբ ևս բազմաթիվ հայցեր կներկայացվեն Եվրոպական դատարան։ Այդ ամեն ինչը կարվի, բայց հարց է, թե ինչ արդյունք կտան այդ իրավական քայլերը Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների ճակատագրի հարցում։ Ցավոք, մենք գիտենք, որ Հայաստանում ոչինչ չպետք է ակնկալել նման քայլերից։ Ես չեմ հիշում, որ որևէ երկրում դատարանի որոշումով անարդար ձևով դատապարտված մարդը ազատ արձակված լինի Եվրոպական դատարանի վճռով։ ՄԻԵԴ-ի վճռով միայն տույժեր են նշանակվում, որն էլի ընկնում է հարկատուների ուսերին։

Հանրությունը և քաղաքացիները պետք է զգաստանան այս ամեն ինչից և չպետք է թողնեն, որ այս երևույթները շարունակվեն։ Ես վստահ եմ, որ Հայաստանում նույնիսկ քաղաքացիներին արհեստականորեն հոգնության աստիճանի հասցնելու այս պայմաններում քաղաքացիները զգաստանալու են ու թե Սեֆիլյանի պարագայում, թե ընդհանրապես երկրում տիրող այս անիրավության դեմ իրենց ձայնը բարձրացնելու են։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com