Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Տրանսպորտային միջանցքների հարցը Ռուսաստանի համար քաղաքական շահ կորզելու միջոց է

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 09:43


Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, Ձեր կարծիքով ինչո՞ւ Միխայիլ Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, երկու անգամ չեղարկվելով։ Այստեղ քաղաքական ենթատե՞քստ կա։

Ես չգիտեմ, թե ինչու է շնորհանդեսը չեղարկվել, բայց քաղաքական ենթատեքստ իհարկե կարող է լինել։ Սաակաշվիլին ոչ միայն Վրաստանի նախկին նախագահն է, այլև քաղաքական գործիչ է, որին համարում են Պուտինի թիվ մեկ թշնամին, նաև այսօր Պյոտր Պորոշենկոյի գլխավոր ընդդիմախոսն է։ Թեև ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է արգելել գրքի շնորհանդեսը, ու շատ հետաքրքիր է իմանալ, թե ով է չեղարկել շնորհանդեսը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն իրավունք ունեն որևէ գրքի շնորհանդես կազմակերպել, ու այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ Տարօրինակ է, որ այն չեղարկվել է, երևի ինչ-որ մեկը դա չի ցանկացել։ Մյուս կողմից, որքան հասկանում եմ, դա արել է ոչ թե կառավարությունը, այլ կոնկրետ մի քաղաքացի, ու նաև զարմանալի է այդ աղմուկը, որ այդտեղ բարձրացել է։

Պարոն Վասաձե, Վրաստանի կառավարության ներկայացուցիչը ռուս-վրացական բանակցություններում Զուրաբ Աբաշիձեն այնքան էլ լավատեսական կարծիք չի հայտնել ճանապարհային միջանցքների վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի իրագործման առնչությամբ։ Բացի այդ, բանակցությունների հերթական փուլը անպտուղ է անցել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նման համաձայնագրի իրականացման հնարավորությունը։

Ընդհանրապես, այդ համաձայնագիրը նրա համար էր, որպեսզի Ռուսաստանին ընդունեն Առևտրի համաշխարհային կազմակերպություն, բայց այն չստորագրվեց։ Իսկ հիմա, բնական է, որ Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանում այդ հարցում պայմանավորվել, որովհետև Ռուսաստանը համարում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ են, իսկ Վրաստանի համար դրանք օկուպացված տարածքներ են։

Մեկ տարի առաջ այդ տրանսպորտային միջանցքների մասին խոսակցություններն ավելի լավատեսական էին։ Հայաստանի կառավարությունը ևս հայտարարել էր, որ այլընտրանքային տրանսպորտային միջանցքների հույս ունի։ Կարծում եք՝ այդ հարցում պայմանավորվածությունները տորպեդահարում է Ռուսաստա՞նը։

Այն, որ նախորդ տարի այդպիսի հայտարարություններ են արվել, խոսում է այն մասին, որ նախ այդ հարցով հետաքրքրված մարդիկ ուղղորդվում են Ռուսաստանի կողմից։ Իրականում, Ցխինվալի տարածաշրջանով անցնող ճանապարհը շատ ավելի բարդ է, եղանակային պայմաններն ավելի վատն են, քան Լարսի ճանապարհը։ Այսինքն՝ եթե Լարսը կարող է փակվել, ապա Ցխինվալի ճանապարհը շատ ավելի շուտ կարող է փակվել։ Հաջորդը, այստեղ զուտ քաղաքական շահեր են առաջ մղվում, ոչ թե տնտեսական։ Սա մաքուր քաղաքականություն է։ Այդ ծրագիրը տնտեսապես ոչինչ չի տալիս ոչ Վրաստանին, ոչ էլ Հայաստանին, իսկ Ռուսաստանի համար այն քաղաքական շահ կորզելու նպատակ է հետապնդում։

Դուք տեսնո՞ւմ եք հայ-վրացական հարաբերությունների էլ ավելի խորացում այն բանից հետո, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրեց։

Ես կարծում եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ նորմալ զարգանում են։ Իհարկե, շատ լավ է, որ Հայաստանն այդպիսի համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, բայց ես չեմ կարծում, թե դա կարող է այս կամ այն կերպ ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա։ Մենք հարևաններ ենք, ու մեր հարաբերությունները անկախ ամեն ինչից զարգանում են։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com