Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Իրենք ընկնելու են իրենց փորած փոսը: Իրենք արդեն քանդել են արդարադատությունը

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Հարցազրույց - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 21:12


Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, Ազգային ժողովն օրերս ընդունեց նոր Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ըստ որի՝ դատավորներին դատական նիստերի ժամանակ իրավունք է տրվում 100 հազար դրամի չափով սանկցիաներ կիրառել փաստաբանների նկատմամբ: Դուք ավելի վաղ ասել էիք, որ այս օրենքը չի գործի, քանի որ տուգանված փաստաբանները հայցեր ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այնինչ, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ՄԻԵԴ-ում փաստաբանների տուգանքի հետ կապված նախադեպ չկա, և այդ գործիքը չի աշխատի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որպես կանոն օրենքի օրինական լինելու հանգամանքը դիտարկում է կոնկրետ գործերով: Եվ քանի դեռ օրենքը չի կիրառվել որևէ ձևով, դա նշանակում է, որ նման հայտարարություններ անող անձն անտեղյակ է, չի հասկանում, թե ինչ է նշանակում իրավունքը: Եվրոպական դատարանի նախադեպերն իմանալով ու հասկանալով չէ, ինչպես մեր չակերտավոր իրավաբանները փորձում են մեկնաբանել: Երևի իրենք հենց այդպես էլ խորհրդատվություն են տալիս ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին, իսկ դրա հետևանքով գրեթե բոլոր գործերով ՀՀ-ն Եվրոպական դատարանում պարտվում է: Սա ցույց է տալիս, որ մեր Արդարադատության նախարարության համապատասխան բաժինը հեռու է հասկանալուց, թե ինչ են Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքները: Եվ ընդհանրապես, թե մեր արդարադատության իրականացման որակից, թե օրենքները գրողների տրամաբանությունից ու ելույթներից մի բան է ակնհայտ՝ այդ անձինք չեն պատկերացնում, թե ինչ է իրավունքը: Օրենքները գրվում են իրավունքները պաշտպանելու համար, չեն գրվում հենց այնպես: Այսինքն՝ եթե օրենքով իրավունքը չի պաշտպանվում, այդ օրենքն անիմաստ է, կարելի է չկիրառել: Այսքանը ոչ մեր իշխանության իրավաբաններն են հասկանում, ոչ էլ այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկում այդ օրենքներին: Հիմա այս օրենքում ներդրված այդ կանոնը խախտում է իրավունքը, և որպեսզի մեր «խելացի» իրավաբանները դա հասկանան, պետք է հասկանան իրավունքը: Բայց քանի որ չեն հասկանում, դրա համար էլ Եվրոպական դատարանից անհեթեթ օրինակներ են բերում: Իսկ եթե իրենք մի փոքր հասկանային իրավունքը, կհասկանային, որ այդ իրավունքը չի կարելի կիրառել փաստաբանի դեմ:

Ինչո՞ւ է ի վերջո նման քաղաքականություն վարվում:

Փաստաբաններին տուգանելու դրույթը մշակվեց հենց այն ժամանակ, երբ պաշտպանները փորձեցին իրենց պաշտպանյալների շահերից ելնելով գործողություններ կատարել: Այսինքն՝ օրենսդիրը հասկանալով, որ այստեղ խնդիր ունի, փոխանակ խնդիրը վերացներ, որ երկրում արդարադատություն իրականացվեր, փորձեց հակառակ կողմից գալ և ճնշել փաստաբաններին: Իրենք հենց դա չեն հասկանում, որ հիմա ոչ թե փաստաբաններին ու պաշտպաններին ճնշելու ժամանակն է, այլ հակառակը, արդեն իսկ ստեղծված իրավական անորոշության, ակնհայտ անարդար արդարադատության պայմաններում պետք է փաստաբաններին աջակցել: Հենց փաստաբաններն են այս արդարադատության չկայացումը բացահայտում, փաստաբաններն են բացահայտում դատավորների կամ դատախազների անօրինական վարքագծերը, և իրենք պետք է հիմնվեն այդ փաստաբանների բարձրացրած հարցերի վրա, որպեսզի խնդիրը լուծվի, և արդարադատությունն առաջ գնա: Այսօր, սակայն, ճիշտ հակառակն է իրականացվում, դատարաններին, մեղադրողներին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին անհասկանալի իրավունքներ են տալիս, անհասկանալի օրենքներ են ընդունում, որպեսզի իրավիճակային հարց լուծեն:

Եթե համեմատում ենք ՀՀ մյուս օղակների հետ, հենց փաստաբանությունն է կայացած այսօր: Փոխանակ իշխանություններն ուրախանան, հիմնվեն փաստաբանության վրա, փորձում են կոտրել փաստաբանությունը: Այնինչ, որպեսզի պետությունը պետություն լինի, քիչ թե շատ գնա ժողովրդավարական ճանապարհով, պետք է իշխանության ճյուղերը միմյանց հակակշռեն, պետք է լինի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություն:

Հիմա, եթե իրենք փաստաբանին թուլացնում են, նշանակում է, որ դատական իշխանությունն այլևս չկա: Եթե քչացնում են փաստաբանի ֆունկցիան, նույն հաջողությամբ կարող են ընդհանրապես հանել այդ ֆունկցիան: Իսկ դա նշանակում է, որ դատական իշխանությունը չի աշխատում: Իսկ եթե դատական իշխանությունը չի աշխատում, երկիրը չի կարող լինել երկիր, չենք կարող գնալ դեպի ժողովրդավարություն: Այս իրավիճակն է, քանի որ երկրի գլուխ կանգնածները չեն կարողանում հասկանալ, որ որքան ուժեղանում է փաստաբանությունը, այնքան երկիրն ուժեղանում է: Եվ միակ կետը, որի վրա պետք է հենվեն, փաստաբանների բարձրացրած հարցերի վրա ուշադրություն դարձնելն է:

Ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունը, կա՞ր նման փոփոխության անհրաժեշտություն:

Մենք վերջին 20 տարիների ընթացքում Քրեական դատավարության օրենսգիրքը գնալով կիրառել ենք իր ողջ հնարավորություններով: 1998 թվականին, երբ այդ օրենսգիրքն ընդունվեց, բազմաթիվ իրավունքներ չէին կիրառվում, չնայած օրենսգրքով սահմանված էին: Օրինակ՝ երբ կալանք էր կիրառվում, Վճռաբեկ դատարան չէր բողոքարկվում: Մեր երկար ջանքերից հետո դրանք բողոքարկվեցին, գործնական պրակտիկան եկավ ու հավասարվեց Եվրոպական պրակտիկայի չափանիշներին: Եվ փաստաբանները 20 տարվա ընթացքում քայլ առ քայլ հասել են այդ օրենսգրքի կիրառմանը: Հիմա իրենք մեկ հարվածով ամեն ինչ հետ են տանում: Հասկացող մարդը, թեկուզ եթե ուզի ուժեղ միապետական երկիր ստեղծել, միևնույն է, որպեսզի պետությունն ուժեղ լինի, դատական իշխանությունը պետք է աշխատի: Եթե դա չի աշխատում, պետությունը չի կարող պետություն լինել: Թեկուզ իշխանությունը վերարտադրելու համար կարևոր է, որ դատական իշխանությունն ուժեղ լինի:

Իրենց թվում է, որ իրենք այնքան խելացի են, որ կարող են ֆոկուս անել, և ինչ գրված է օրենքում՝ դրա ճիշտ հայկառակն են մեկնաբանում: Բայց սա մեկնաբանության հարց չէ, անտեղյակության ու անգրագիտության հարց է: Հատկապես «Սասնա ծռերի» գործով դատավարության մեկնարկից ենք նկատում այս միտումը: Դրա առաջին դրսևորումն այն էր, որ սկսեցին փաստաբաններին խուզարկել: Մենք բարձրաձայնեցինք, որ ըստ օրենքի՝ ոչ միայն չեն կարող փաստաբաններին խուզարկել, այլ անգամ չեն կարող զննել: Եվ այստեղից չակերտավոր խելացի մարդիկ որոշեցին ուժեղացնել Դատական դեպարտամենտը, դատական կարգադրիչներին շնորհեցին այնպիսի իրավասություններ, որ իրենք կարող են սահմանափակել փաստաբանների աշխատանքը: Նույնը սկսեցին դատարանները կիրառել, հետո դատարաններն սկսեցին Քրեական դատավարության օրենսգիրքն այնպես ոտնահարել, որ խաչ քաշեցին մինչ այդ կիրառված բոլոր իրավական նորմերի վրա: Եվ սկսեցին ճիշտ հակառակ գործողություններն իրականացնել: Ոնց ուզում, այնպես մեկնաբանում են օրենքները, որովհետև չգիտեմ ով է իրենց հուշել, որ կարևորն այդ դատավարությունների արդյունքն է: Էլի կարելի էր այդ արդյունքին հասնել, անգամ եվրոպական երկրներում են լինում քաղբանտարկյալներ ու պատվիրված դատավարություններ, բայց դա պետության հաշվին անելն անխելքություն ու հիմարություն է: Նրանք մտածում են, որ կարևոր չէ օրենքն ու փաստաբանը, կարևորը վերևից եկած պատվերը կատարելն է:

Այսինքն՝ դուք կարծում եք, որ նախկին Քրեական դատավարության օրենսգիրքը լավն էր, և փոփոխության կարիք չկա՞ր:

Փաստաբանների շնորհիվ այդ օրենսգիրքը կիրառվում էր, ՄԻԵԴ-ում գործեր շահվեցին,  և մենք ունեինք հարստացած ու կիրառված Քրեական դատավարության օրենսգիրք: Իրենց գործողությունների հետևանքով դուրս եկավ, որ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը բանի պետք չէր, այն անիմաստ համարեցին ու մի կողմ շպրտեցին: Շատ արագ ընդունեցին նոր օրենսգիրքը, և մեր 20 տարվա կիրառած դատական պրակտիկան մի կողմ դրեցին: Անգամ հանցագործություն կատարվեց, Դատարանների նախագահների խորհուրդը օրենքը մեկնաբանեց օրենքի բովանդակությանը հակառակ, որպեսզի «Սասնա ծռերի», Սեֆիլյանի գործով հասնեին իրենց ուզած արդյունքին: Այսինքն՝ մենք ունեցանք դատական իշխանության յուրացում: Բայց իրենք ընկնելու են իրենց փորած փոսը: Իրենք արդեն քանդել են արդարադատությունը, և պետությունն այսպես այլևս չի կարող գոյատևել: Ստիպված ցնցումներ պետք է լինեն, որովհետև իրավական անորոշություն որևէ մեկին պետք չէ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com