Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Իմպերիան գնում է կործանման, նրա սվինները չեն բավարարելու, որ պահի իր դրածոներին

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 22:29


Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն շտապում հայտարարել, որ եթե ընտրվի, ինքը 4-րդ հանրապետության առաջին նախագահն է լինելու։

Երրորդ Հանրապետությունը հայտարարեց անկախություն, բայց հենց Երրորդ Հանրապետության ընթացքում էլ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, Երրորդ հանրապետությունը հանձնեց անկախությունը։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մենք ասենք 4-րդ հանրապետություն, որովհետև 4-րդը պետք է լինի նորանկախ հանրապետություն, նոր երկիր պետք է լինի։ Խորհրդանշական է՝ բազմաթիվ թերություններով Սահմանադրության փոփոխությունը, որը ենթադրում էր էլի 4-րդ հանրապետություն, բայց բացասական իմաստով, այսինքն 4-րդը ինքնավարություն պետք է լիներ, կամ 4-րդ հանրապետության ռեզերվացումը։ Հիմա այդ ռեզերվացումը կասեցվեց, բարեբախտաբար, նաև մեր ջանքերով, մենք դիմադրեցինք, մենք ցույց տվեցինք, որ վտանգավոր կլինենք Իմպերիայի համար։ Ճիշտ այնպես, ինչպես վտանգավոր էինք 1980-90-ական թվականներին Խորհրդային Միության համար, ճիշտ այդքան էլ վտանգավոր կլինենք Եվրասիական միության համար։ Մենք մեզ փյունիկ ենք ասում, այդ հրաշք, հառնող թռչունի պես նորից վերակենդանանում ենք։ Հիմա 4-րդ հանրապետությունը դառնում է անկախության նոր ուղի, և այդ անկախությունը ճիշտ 1980-ական թվականների նման սկսվում է Իմպերիայից, որը գնում է ինքնասպանության։ Իմպերիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը Ալեքսանդր Երրորդ իմպերատորն է, այդ հետամնաց ռեակցիոները, հետադիմության խորհրդանիշը, իսկ դա նշանակում է, որ Իմպերիան գնում է կործանման, ու Ռուսաստանն առաջիկայում գնալու է նոր ժողովրդավարացման։ Հայաստանը, փաստորեն, կարծես դիմացավ այդ Եվրասիական միությունում, որն արդեն սկսում է իր քայքայիչ գործունեությունը։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, ակնհայտորեն ոչ քրեաօլիգարխիկ, այլ իրական հայկական մշակույթը ներկայացնող նախագահի հավակնորդը՝ թեկնածուն, նա չի լինելու սովորական չինովնիկ, նա լինելու է քաղաքական արժեքները կրողներից մեկը։ Եվ դա հայկականի և եվրոպականի կրողն է լինելու, իր վրա է դրված։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր Արմեն Սարգսյանին այն ժամանակ իշխանությունից զրկեցին, պատճառ դարձան, որ նա հեռանա, նրանք այսօր էլ նրան դեմ են։ Հեռվից, ընդհատակից նրա հասցեին քննադատություն կա՝ իբր նա անգլիացի է, բրիտանացի, ծերացած, անհայտ մշակույթի կրող և այլն։ Ես կարծում եմ, որ նախ կարևոր է, որ Հայաստանը չհանձնվեց, պարզվեց՝ Հայաստանին կուլ տալ չեն կարող։

Բայց հետևելով, թե վերջին օրերին ինչ օրինագծեր են բերվում ԱԺ, որոնցով թուլացվում են երկրի նախագահի լիազորությունները, ըստ էության, նոր նախագահը լծակներ չի ունենալու, չի կարողանալու ազդեցություն ունենալ գործընթացների վրա։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, որ Հայաստանը ուժեղ նախագահ չի ունենալու։

Այո, այդպես կլինի, եթե շարունակվի Հայաստանի ռեզերվացումը։ Այսինքն՝ եթե ռուսական իմպերիան էլ բավարար քանակությամբ ռեսուրսներ ու կամք ունենա Խորհրդային Միությունը կամ Ռուսական իմպերիան վերականգնելու, օրացույցը հետ տալու, իհարկե, ամեն ինչ դառնալու է ձևական, բայց ես կարծում եմ, որ այդպես չի լինելու։ Ռուսաստանի ռեսուրսները սպառված են, Ռուսաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ կամք ունի իմպերիա դառնալու։ Այդ ժամանակ նույնիսկ եթե մարդիկ պաշտոններ չունենան, ճիշտ այնպես, ինչպես 1980-ականներին ոչ մի պաշտոն էլ չունեին Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչները, բայց դարձան իշխանության այլընտրանքային կենտրոնը՝ առանց որևէ մանդատի։ 70 տարվա ռեպրեսիաներից հետո շարժման հեղինակները հենց այնպես Ազատության հրապարակում ուղղորդում էին իշխանությանը, այսինքն այլ իշխանություն էին։ Երբ Խորհրդային Միությունը փլվեց, պարզվեց՝ Հայաստանի Կոմկուսի իշխանությանը զուգահեռ կա մի ուրիշ իշխանություն, որը իշխանության լծակները վերցրեց իր ձեռքը, և Հայաստանը չենթարկվեց փլուզման, մենք չմնացինք ԽՍՀՄ փլատակների տակ, պատերազմում էլ հաղթեցինք ու Ղարաբաղը միացրեցինք։ Հիմա ես ասում եմ, որ նույնիսկ այդքան ձևական մանդատը, որ հիմա տրվում է Արմեն Սարգսյանին, խորհրդանշական է և առանձնանում է այսօրվա քաղաքական իշխանության անհատներից։ Ու ես կարծում եմ, որ մենք ձևավորում ենք այլընտրանքային իշխանություն։ Փաստորեն, մենք հիմա կունենանք մանդատ կրող այլընտրանքային, ոչ եվրասիական իշխանության կենտրոն, դա լինելու է բյուրեղ, որի շուրջը ձևավորվելու է հաջորդ իշխանությունը, իսկապես 4-րդ հանրապետություն։  Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան շարժման շուրջը ձևավորվեց ժողովրդավարական և անկախական իշխանությունը 1990-ական թվականներին։ Այդպիսի հեռանկար այսօր ես տեսնում եմ։ Իսկ այսօրվա եվրասիական օրենքներով իջեցնում են Հայաստանի կարգավիճակը, անմանդատ իշխանություն են դարձնում։ Դիկտատորի տեղապահի կամ ցարի տեղապահի համար Սահմանադրություն է գրվել, բայց դա աշխատում է նաև հակառակ իմաստով՝ եվրասիականությունը պաշտպանող իշխանությունն է կործանվում այս Սահմանադրությամբ։ Ես կարծում եմ՝ չի լինի սուպերվարչապետություն, որովհետև չի լինելու ստալինիզմ, չի լինելու Ալեքսանդր 3-րդ, չի լինելու բոլշևիկյան իշխանություն։ Ռուսաստանում չի լինի, այստեղ էլ չի լինի։ Մենք գնում ենք դեպի քաղաքակրթություն։

Որտեղի՞ց այս լավատեսությունը՝ հաշվի առնելով, որ շատերի գնահատմամբ՝ վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը, նա էլ կշարունակի իր գործունեությունը։ Շատերը նշում են, որ Սահմանադրությունը հենց նրա անձին է հարմարեցված։

Թվում է, թե հին կադրերով շարունակելու են, հին կադրերն իրենց ընդունակություններին, իրենց կարողություններին հարմար իշխանություն են ձևավորել, ոչ թե Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, խնդիրներին համապատասխան, այդ պրոբլեմները լուծող իշխանություն, այլ հակառակը։ Իմ կարծիքով թույլ, անկարող, ոչ կոմպետենտ մարդիկ իրենց են հարմարեցնում իշխանությունը։ Այսինքն հայկական պետության կործանումը, անկումը նրանք չեն կանխում, ինչքան կարող են, այնքան տնտեսական աճ են ապահովում, ինչքան կարողանում են, այնքան ղեկավարում են։ Խորենացին ասում էր՝ պարսիկները մեր միջի վատերին նշանակում էին մեզ իշխանավոր, բոլոր իմպերիաները այդպես են վարվում, ու հիմա էլ ԵՏՄ-ն սելեկցիա է կատարում և մեր միջի ամենավատերին նշանակել է մեզ իշխանավոր։ Նրանք ընտրված են բացասական սելեկցիայի իմաստով։ Նրանք հենց իրենց համար էլ իշխանության ու կառավարման երազանք ունեն։ Իրենց իդեալը  բացասականն ու կործանարարն է, բայց իրենցով չի լինելու, նրանք հեռանալու են։ Այս ռեզերվացիայի ցեղապետության իշխանավորները անպայման կհեռացվեն իշխանությունից, ժամանակ է պետք, որովհետև գլխավոր ուժը, որը Հայաստանում ձևավորում է իշխանությունը, որը ստիպում է Հայաստանին ղեկավարվել այդ կարգով, նրա ուժը չի պատելու Հայաստանում պահելու իր դրածոներին։ Իմ լավատեսությունը դա է, որ Ռուսաստանը չի կարողանալու, նրա սվինները չեն բավարարելու, որ նա պահի իր դրածոներին։ Իսկ դրածոները, անկախ իրենց ազգանուններից, զբաղեցրած պաշտոններից, հեռացվելու են։

Առաջին խորհրդանշական անձը Արմեն Սարգսյանն է։ Միանշանակ է, որ դեռ 1997 թվականին նրան հեռացրեցին եվրասիացիները։ Դա նրանց առաջին հաղթանակներից մեկն էր։ Դրանից հետո սկսվեց անկումը մինչև անկախականների հրաժարականները։ Դա առաջին հրաժարականն էր։ Իսկ հիմա ես ասում եմ, որ իմպերիան արդեն այնքան ուժ չունի, որ որ իր դրածոներին պահի։

Այսինքն՝ ռուսական իմպերիան Հայաստանին հանգի՞ստ է թողել։

Ռուսական իմպերիայի ուժը չի պատում վասալացնելու Հայաստանին։ Ռուսաստանի բռնապետական իշխանության ուժը չի պատում նույնիսկ իր ներսում իշխանությունը պահելու համար, էլ ուր մնաց հեռավոր ծայրագավառում։ Նրանք Հայաստանը կլքեն, կլքեն նաև իրենց դրածոներին, իսկ այդ դեպքում այստեղ կձևավորվի իսկական, հայկական իշխանություն, որը կղեկավարվի հայ ժողովրդի շահերով։ Ռուսական իմպերիան պարտվում է ժողովրդավարությանը և անկախությանը։ 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com