Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

«Մեր այցերը հայ բժիշկներին ավելի են ուժեղացնում»

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Հարցազրույց - Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 22:19


Lragir.am-ի զրուցակիցն է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում Հայատանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը

Պարոն Աբգարյան, 2015 թվականից ԱՄՆ-ից բժիշկների խմբով գալիս եք Հայաստան ու բժշկական սպասարկում տրամադրում մարզերում ու Արցախում: Կմանրամասնե՞ք ձեր նախաձեռնությունը, ընդհանրապես ինչպե՞ս ծնվեց այն:

Հենց իմ նշանակման օրը Ֆրեզնոյի հայ համայնքին ներկայացրեցի, որ պաշտոնը տրվում է այն բանի համար, որպեսզի ներդրում բերես հայրենիք: Ես ասացի, որ ցանկանում եմ համայնքի օժանդակությամբ բժշկական առաքելություն իրականացնել: Եվ համայնքի ֆինասնավորմամբ 2015 թվականի սեպտեմբերին կայացավ առաջին այցելությունը Հայաստան, 23 բժիշկներ կային մեր խմբում: Ասեմ, որ մեր այցերը ֆինանսավորում է Կալիֆորնիայի համայնքը, բայց միայն հայերը չեն ֆինանսավորում, օտարներն էլ կան այդ գործում: Ամերիկացիները շատ հոգատար են, նրանք բարի գործ շատ են անում:

Առաջին տարին մեք Արցախ չգնացինք, Հայաստանի մարզերում առաքելություն իրականացրեցինք: Նախքան մեր վերադարձը ԱՄՆ, արդեն պարզ էր, որ առաքելությունը հաջողված էր: Այդ ընթացքում մենք հանդիպում ունեցանք հանրապետության նախագահի հետ, նա մեզ ջերմությամբ ընդունեց և ինձանից խնդրեց, որ դա շարունակական աշխատանք լինի: Ես խոստացա, որ բոլոր ջանքերը կներդնեմ, որպեսզի դա շարունակական լինի: ԱՄՆ վերադառնալուց հետո մենք բժիշկների հետ խորհրդակցեցինք, և արդեն պարզ էր, որ իսկապես պետք է շարունակվեր դա: 2016 թվականին ավելի ընդլայնված կազմով մենք սեպտեմբերի 28-ին եկանք Հայաստան, մնացինք մինչև հոկտեմբերի կեսը: Բայց 2016 թվականին արդեն որոշեցինք ծրագրում ներգրավել Արցախը, և մեկ շաբաթ առաքելություն իրականացրեցինք Հայաստանի մարզերում, մեկ շաբաթ՝ Արցախում: Արցախը ևս մեզ հաճույքով ու ջերմությամբ ընդունեց: Նախորդ տարի ևս նույն ժամանահատվածում մենք այց կատարեցինք Հայաստան ու Արցախ:

Նախորդ տարի արդեն մեր խմբում ընդգրկված բժիշկների թիվը բավական մեծացավ՝ կազմելով 37 մասնագետ: Եվ բժիշկների մեծ մասը հայեր չեն, ինչը կարևոր հանգամանք է: Տարեցտարի բժիշկների թվի ավելացումն ապացուցում է, որ աշխատանքն արդյունք է տալիս: Օտար բժիշկները Հայաստանում ու Արցախում այդ երկու շաբաթների ընթացքում մեծ հաճույքով աշխատում էին առավոտից մինչև երեկո: Եվ իրենք զգում էին մարդկանց ջերմ ընդունելությունը, հիվանդների գոհ լինելը: Դա նրանց համար խթան հանդիսացավ, որ կրկին վերադառնան: Դա կարևոր է, որ օտար երկրի բժիշկները առանց շահ հետապնդելու, իրենց աշխատանքը թողնում են ու գալիս այստեղ:

Այդ հետազոտություններն անվճա՞ր են կատավում տեղի բնակչության համար:

Այո, անվճար են կատարվում: Մենք մշտապես կապի մեջ ենք Հայաստանի մարզերի հիվանդանոցների և պոլիկլինիկաների ղեկավարների հետ, թե ինչի կարիք կա: Նրանք նախօրոք հերթագրում են հիվանդներին, որպեսզի մեր աշխատանքը կանոնակարգված լինի: Մենք նաև այցելությունների ժամանակ դեղորայք ու սարքավորումներ ենք բերում ու տրամադրում բուժհիմնարկներին: Նախորդ տարի, օրինակ, լապորոսկոպիկ վիրահատության երկու նորագույն սարքավորում ենք բերել Հայաստան ու նվիրել բուժհիմնարկներին: Մեկը նվիրել ենք Ախուրյանի Մոր ու մանկան առողջության կենտրոնին, մյուսը՝ Ստեփանակերտին: Եթե հաշվարկենք, նախորդ տարի մենք մոտ 1 մլն դոլարի աշխատանք ենք իրականացրել, դա ներառում է և Հայաստան բերված բուժսարքավորումներն ու դեղորայքը, և բժիշկների աշխատանքը: 2016 թվականին մեզ հետ բերել էինք աչքի հետազոտության արդիական սարքավորում, որը նախատեսված է շաքարախտով հիվանդների տեսողությունը ստուգելու համար: Դրա առանձնահատկությունն այն է, որ երբ այստեղ բժիշկները նկարում են հիվանդի աչքը, նույն րոպեին այդ նկարը ստանում են ԱՄՆ բժիշկները: Այնտեղի աչքի մասնագետը նայում է այդ նկարը և այստեղի բժշկին անմիջապես ասում է ախտորոշումը:

Ձեր երեք տարիների աշխատանքի փորձն ի՞նչ է ցույց տալիս, ինչի՞ կարիք ունեն Հայաստանի ու Արցախի բուժհիմնարկները:

Մենք մեր այցերի ժամանակ նկատել ենք, որ Հայաստանի բժիշկները բարձր մակարդակի բժիշկներ են, և հոգատար են, և մասնագիտական մեծ պատրաստվածություն ունեն: Մեր այցերը նրանց ավելի են ուժեղացնում: Մեր նպատակը ոչ թե մի քանի վիրահատություն անելն ու դեղորայք տրամադրելն է, այլ շատ ավելի մեծ է: Առաջին հերթին այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանի և օտարազգի բժիշկները շփվեն միմյանց հետ, փորձի փոխանակում իրականացնեն: Եվ նրանց միջև հարազատ կապ է ստեղծվում, այդ կապը երկու շաբաթվա համար չէ, ամբողջ տարվա ընթացքում կա: Երբ Հայաստանի մարզերի բժիշկները մի դժվար խնդրի առաջ են կանգնում, իրենք կապեր ունեն ԱՄՆ-ում, կարողանում են կոնսուլտացիա անել իրենց այնտեղի գործընկերների հետ: Ամերիկացի բժիշկներն իրենց հերթին գնահատում են Հայաստանի բժիշկների պատրաստվածության մակարդակն ու կարողությունները: Դա շատ կարևոր է, նրանք արձանագրել են, որ հայաստանցի բժիշկները լավ պատրաստված մասնագետներ են:

Երկրորդ, մենք մեզ հետ Հայաստան ենք բերում երիտասարդ բժիշկների, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց ուսուցումը: Նրանք շփվում են հայաստանցի երիտասարդ բժիշկների հետ: Ամերիկացի գինեկոլոգներից մեկը, ով մասնակցում էր մեր այցին, պատմեց. «Վիրահատության ընթացքում ես հայ բժիշկին սովորեցնում էի մի բան, ինքն էլ ինձ այլ բան էր սովորեցնում»: Այսինքն՝ իսկապես փորձի փոխանակում է տեղի ունենում, և երկու կողմերն էլ իրենց լավ են զգում, որ նման հարաբերություններ են:

Երրորդ դրական կողմն այն է, որ մենք մեր այցերի ընթացքում նաև դասընթացներ ենք անցկացնում: Դրանց մասնակցում են ինչպես մայրերը, թե ինչպես խնամեն իրենց նորածին երեխաներին, այնպես էլ բժիշկներն ու բուժքույրերը: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր աշխատանքը տարեկան երկու շաբաթով չի սահմանափակվում:

Հայաստանում կոնկրետ մարզե՞ր եք ընտրել ձեր այցերի համար, թե՞ հերթականությամբ այցելում եք բոլոր մարզերը:

Մեր այցերն ընդամենը երեք տարվա պատմություն ունեն, մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի ավելի զարգացնենք ու արդյունավետ դարձնենք աշխատանքը: Կարելի է ասել՝ առաջին մեկ-երկու տարին փորձնական շրջան է եղել: Այս տարի արդեն ավելի արդյունավետ ենք աշխատում, անմիջական կապի մեջ ենք մարզերի կենտրոնական հիվանդանոցների ղեկավարների հետ, կարիքների մասին քննարկումներ ենք ունենում, գնահատում ենք, թե առաջնահերթ ինչի կարիք ունեն: Այս տարի մենք կենտրոնանալու ենք Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերի բուժհիմնարկների վրա: Բնականաբար, դարձյալ այցելելու ենք Արցախ: Յուրաքանչյուր տարի մարզերը փոփոխում ենք, որպեսզի բոլոր մարզերում լինենք:

Իսկ երբ գնահատում եք իրավիճակը, ի՞նչ եք պարզում, հիմնականում ի՞նչ մասնագետների կարիք կա մարզերում, ինչ հետազոտությունների կամ վիրահատությունների կարիք ունեն մարդիկ:

Օրինակ, գինեկոլոգիական ծառայություններն են պահանջված, նյարդաբանների, մանկաբույժների կարիք կա: Մենք մեր աշխատանքի համար ընտրում ենք թիրախ խմբեր, ծնողազուրկ երեխաներին էլ ենք բուժսպասարկում տրամադրում: Տարբեր մարզերում տարբեր կարիքներ կան: Բժիշկները արտահայտվում են, որ ծխախոտ օգտագործողների թիվն այստեղ շատ է, նկատել են, որ ժողովրդի 80 տոկոսը ծխում է: Իսկ մենք բոլորս գիտենք, որ ծխելը վատ հետևանքներ է առաջացնոում սրտի, ճնշման հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման համար:

Առաջիկա տարիներին ի՞նչ ծրագրեր ունեք ձեր այցերի հետ կապված:

Մեր ամենակարևոր նպատակն այն է, որ ավելի ամրապնդենք հայաստանցի և օտար բժիշկների կապերը: Իսկ ամենակարևոր քայլը, որը ես փորձում եմ իրագործել, դա այն է, որ փորձում ենք համաձայնագիր ստորագրել Երևանի բժշկական համալսարանի և մեր Կալիֆորնիայի հիվանդանոցի միջև: Մեր հիվանդանոցը համաձայնագիր ունի Սան Ֆրանցիսկոյի բժշկական դպրոցի հետ: Իմ նպատակներից մեկն այն է, որ այստեղից նոր ավարտած կամ դեռ չավարտած երիտասարդ բժիշկներին փոքր խմբերով տանենք ԱՄՆ, 4-6 շաբաթվա ընթացքում նրանց այնտեղ վերապատրաստենք: Նաև պետք է փորձենք այնտեղից երիտասարդ մասնագետներ բերել այստեղ և փորձի փոխանակում իրականացնել:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com