Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Ոչ ոք չէր հավատում, բայց դա տեղի ունեցավ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 16:02


Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, ապրիլի 13-ի հանրահավաքը բազմամարդ անցավ, բացի այդ պայքարի ելած ուժերը կարծես համախմբվել են։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող զարգացումները, արդյոք քաղաքացիները արդարացնո՞ւմ են ձեր սպասելիքները։

Իմ ասածը ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ վերջին 3-4 օրերին հայտարարությունները, որ պայքարի ելած ուժերը ընդհանուր պայմանավորվածության են հանգել և համատեղ գործողություններ են անելու, հանգեցրեց ակտիվ գգործողությունների։ Թե մարզերից, թե Երևանից ինձ բազմաթիվ ազդակներ եկան այդ համախմբումից հետո, նախկին ակտիվ քաղաքացիներ հայտարարեցին, որ անպայման կմասնակցեն բողոքի գործողություններին։ Դրա համար, այն ինչ ասում էի, հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Եթե մեկ շաբաթ առաջ ասեինք, որ նման հանրահավաք տեղի կունենա, ոչ ոք չէր հավատա, բայց այսօր ունեցանք։ Այս պահին էլ ես գտնվում եմ Ֆրանսիայի հրապարակում, բավականին մարդաշատ է։ Մարդիկ հոգնել են, բայց չեն հեռանում։

Ձեր կարծիքով, այն ծրագիրը, մարտավարությունը, որ որդեգրել է Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես փողոցներ, նաև խանութներ փակելու գործընթացը, կարո՞ղ է անսպասելի իրավիճակ ստեղծել իշխանությունների համար։

Նախ ասեմ, որ ոչ մի առանձին քայլ չի կատարվել որևէ ուժի կողմից, ոչ էլ վաղը կկատարվի։ Բոլոր քայլերը քննարկվում և միասնական իրականացվում են։ Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա մենք գրեթե նույն մարտավարությունն ենք ունեցել։ Անգամ դետալների մակարդակով շատ մեծ տարբերություն չկար, դրա համար որևէ խնդիր չի եղել։ Ընդհանուր ռազմավարությունից մինչև դրա իրականացում նախօրոք քննարկվել է և հետագա ռազմավարությունն էլ քննարկման փուլում է։

Ազգային ժողովի շենքը, պատգամավորների տները շրջափակելու ծրագիրը արդեն պատրա՞ստ է, արդեն գիտե՞ք, թե որ կետից եք սկսելու, ինչ գործողություններ եք անելու։

Մենք արդեն այդ գործողությունների մեջ ենք։ Մինչև վարչապետի բուն քվեարկության օրը դեռ 2-3 օր ունենք։

Արդեն հստակ քննարկե՞լ եք ձեր գործողությունների ծրագիրը առաջիկա օրերի համար։

Մի մասը քննարկված է, մի մասն էլ եթե անհրաժեշտություն է լինում, քննարկում ենք։

Կարծում եք՝ հաջորդ օրերին հանրահավաքներն ավելի մարդաշա՞տ կլինեն, որ հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել։

Իհարկե, 200, 300 հազար հոգի էլ որ հավաքվեն լավ է, բայց 50 հազարը բավական է այս քաղաքական պրոցեսը հաջող ավարտելու համար։

Իսկ կարծում եք կհավաքվի՞ այդքան մարդ։

Սրանից մեկ շաբաթ առաջ որևէ մեկը, այդ թվում նաև ես, նման չափի հավաք չէի սպասում, բայց մենք դա ունեցանք։

Այս անգամ կարծեք թե ոստիկանների գործողությունները տարբերվում են նախորդներից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Այո, տարբերվում են, և ես հույս ունեմ, որ մինչև վերջ էլ այդպիսի դրական առանձնահատկությամբ կտարբերվեն նրանց գործողությունները, որովհետև, ըստ էության, մեր խաղաղ բողոքն իրականացնելիս որևէ խնդիր չի առաջանում։ Մեր վարորդներին, մեր քաղաքացիներին ենք մի փոքր նեղություն տալիս, բայց օրինակ Ֆրանսիայում մի ամբողջ երկաթուղային և օդային տրանսպորտ է ժամանակ առ ժամանակ գործադուլի դիմում և միլիոնավոր մարդիկ են տուժում։ Բայց իրենք շատ ըմբռնումով են մոտենում, և կարծում եմ՝ մեր քաղաքացիներն էլ կդրսևորեն իրենց։ Շարունակենք, տեսնենք, թե ինչ կստացվի։

Կարծում եք սա 2008 թվականից հետո ամենամեծ հավա՞քն էր։

Ոչ, 2008-ից հետո եղել են նաև 2013-ի հանրահավաքները, դրանից հետո եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը, որը եղել է այս հանրահավաքից մարդաշատ, բայց ոչ կրիտիկական զանգվածի հասնող։ Բայց կրիտիկական զանգված ունեցել ենք 2014 թվականի նոյեմբերին՝ Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ։ Հույս ունենանք, որ այդքան կգան։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com