Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Վարչապետի առաջարկից հետո ընդդիմության այդ մի հույսը մարեց

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - Կիրակի, 15 Ապրիլի 2018, 16:50


Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Կա՞ հնարավորություն, որ հրապարակը կարող է հաջողել այս անգամ։

Կարծում եմ՝ հաջողել ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Հաջողել ի՞նչը: Մարդաշատության հարց լուծե՞լ, հուժկու լինե՞լ, ինչպես շատերն են այս օրերին ասում , ապացուցե՞լ, որ Հայաստանը Թուրքմենստան չէ: Հաջողել-չհաջողելը հասկանալու համար պետք է դուրս գանք զգացական մեկնաբանությունների դաշտից և նայենք երկու հարցի՝ ինչ նպատակ է դրված հրապարակի կողմից և արդյոք այդ նպատակն իրականանալի է հրապարակի այս ռեսուրսներով, թե ոչ: Իսկ դրված, ամեն դեպքում հայտարարված է նպատակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու: Կարո՞ղ է Փաշինյանի նախաձեռնած հրապարակը կասեցնել Սարգսյանի վարչապետությունը: Տեսականորեն՝ այո, բայց գործնականում, աչքի տակ ունենալով հրապարակի մարդկային, քաղաքական ռեսուրսը՝ ոչ. վերջին օրերին բազմաթիվ հնչող կարծիքներում նույն միտքն է՝ գիտենք, որ հնարավոր չի լինելու Սարգսյանի վարչապետությունը կասեցնել, բայց... Բայցից հետո արդեն կարևոր էլ չէ, թե ինչ է ասվում՝ հայտարարված նպատակը իրականանալի չի թվում, դրա համար բավարար քաղաքական ուժ, կշռույթ չկա, միգուցե կա քաղաքացիական ոգևորություն, բայց կշռույթ, որի առաջ իշխանությունը կընկրկեր, չկա:

Առավելագույնը, որ կարող է անել Փաշինյանը, փչացնել Սարգսյանի վարչապետության մեկնարկը: Հենց այստեղ է, որ կարևոր է տարբերել հայտարարված և իրական նպատակները: Ինչքան էլ Փաշինյանին կասկածենք արկածախնդրության մեջ, նա ամեն դեպքում հայաստանյան քաղաքական կյանքի խորքերին ծանոթ ու պրագմատիկ անձնավորություն է և գիտի հաշվել: Եվ ըստ այդ հաշվարկի, հաջողում է նախ ինքը, հետո արդեն հրապարակը ու հրապարակում դրված նպատակը: Իսկ հաջողում է, որովհետև փաստացի դառնում է հանրության ընդդիմադիր հատվածի համար թիվ 1, եթե ոչ միակ ընդդիմադիրը, ով ըստ նույն այդ հատվածի պատկերացումների՝ բավարար քաջություն և ինքնազոհողություն է դրսևորում ընդդեմ իշխանության: Փաշինյանը նաև լավ հասկանում է, որ իր ու ԵԼՔ-ի հռչակած ինստիտուցիոնալ ընդդիմության պահանջարկը հասարակության շրջանում մոտ է զրոյին: Այնպես, որ այս գործընթացի արդյունքում Փաշինյանը, անկախ գործընթացի ելքից, դուրս է գալու բավական շատ դիվիդենտներով:

Իշխանության լռությունն, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։ Մտածում են՝ կարող է սրվե՞լ իրավիճակը միջամտելու դեպքում։

Բնականաբար: Իհարկե, եթե հարց հնչեցնենք նրանց, թե ինչու եք լռում, կպատասխանեն, որ որևէ առիթ չկա խոսելու, որևէ անհանգստացնող բան չկա, մարդիկ ընդամենը իրենց բողոքն են արտահայտում: Բայց պարզ է, որ այդպես չէ: Վտանգ միշտ կա իշխանության համար, նույնիսկ իշխանափոխության նպատակներ չդնող քաղաքացիական շարժումներում են նրանք վտանգ տեսել: Բայց կա նաև գիտակցում, որ ազդեցությունը ծնելու է հակազդեցություն: Հենց իշխանությունը մտնի պոլեմիկայի մեջ, թեկուզ հեռահար, ավտոմատ դրվելու է ընտրության հարց: Իշխանություն, թե հրապարակ, Սերժ Սարգսյան, թե Նիկոլ Փաշինյան: Եվ բնականաբար այդ երկընտրանքն ավելացնելու է հրապարակում հավաքվածների թիվը: Այդ ընտրությունից իշխանությունը խուսափում է և փորձում է իր լռությամբ ստեղծել երկու իրարից իզոլացված գործընթացների տպավորություն: Այդ իսկ պատճառով շատ կազմակերպված և միահամուռ լռում են: Սերժ Սարգսյանի համար հիմա ամենակարևորը վարչապետության փափուկ սկիզբն է, առնվազն վարչապետության ընտրության խաղաղ ընթացքը:

Ընդհանրապես Դուք նկատո՞ւմ եք գործողությունների հստակ ծրագիր։ Տեսակետ կա, որ խնդիրը պահանջի՝ սխալ ձևակերպված լինելու մեջ է։

Այս հարցին արդեն մասսամբ պատասխանեցի: Ես նկատում եմ, որ հայտարարված և իրական (կամ հընթացս առաջ եկած) նպատակները տարբեր են: Նկատում եմ, որ հայտարարված նպատակը հրապարակ եկողների համար մոտիվացնող չէ, մոտիվացնող են այլ նպատակներ, ամեն մեկի համար դրանք կարող են տարբեր լինել՝ բողոքի ձայն արտահայտել, ցույց տալ, որ մենք Թուրքմենստան չենք, ցույց տալ, որ երկրում կան պայքարող քաղաքացիներ: Սա, իսկապես, շատ կարևոր ու ինչ-որ տեղ հուզիչ պահ է: Հասարակության մի հատված, անկախ քաղաքական տեքստերից ու քաղաքական դեմքերից, ունի այնքան քաղաքացիական գիտակցություն, որ պատրաստ է լինել հրապարակում ու ինչ-որ դիմադրություն ցույց տալ ինքն իրենով: Բայց ինչքան էլ այս ամենը մարդկային առումով գեղեցիկ լինի, քաղաքական առումով այն որևէ արդյունք չի կարող տալ: Ստացվում է մարդիկ հավաքվում են ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, կոնկրետ նպատակի շուրջ, կոնկրետ գործողությունների, այլ հավաքվում են, որովհետև հավաքվում են: Հայաստանում նույն կերպ ամեն անգամ ընտրում են ընդդիմադիր կուսակցության կամ գործչի, բայց երբ ընտրություններից հետո գալիս է պահը, երբ այդ ընտրողների ձայները պետք է կապիտալացվեն, երբ պետք է այդ ընտրողների վրա հիմնվելով ստեղծվեն մարզային ու համայնքանին շտաբեր, կամ այդ մարդիկ չկան, կամ ընդդիմությունը չի գտնում այդ մարդկանց: Ընդդիմության համար իշխանության հանդեպ դժգոհություն ունեցողների առկայությունը դառնում է ծուղակ, այդ դժգոհությունը նրանք շփոթում են իրենց հանդեպ համակրանքի հետ: Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ-ի օգտին քվեարկել է շուրջ 70.000, իսկ պառլամենտական ընտրությունների ժամանակ՝ շուրջ 120.000 մարդ: Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման տվյալների՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջ 5000 մարդ է եղել: Սա վերը ասածիս վառ վկայությունն է:

Նախորդ հարցազրույցում նշում էիք, որ 60-ականների կոնտեքստից ներմուծված պրակտիկան թե որքանով է արդյունավետ մեր օրերում ու մեր միջավայրում, կարող ենք տեսնել այն հանրային աջակցության աստիճանով, որն առկա է այժմ Փաշինյանի գործողության շուրջ: Հիմա հանրային արաջակցությունն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք բավարա՞ր է։

Այդ մեթոդաբանության արդյունքում ունենք բավական երիտասարդ հրապարակ: Արդեն նշեցի, որ այն իր բովանդակությամբ բավական մոտ է էլեկտրիկԵրևանին: Զուտ գեղագիտական իմաստով, իսկապես, բավական աշխույժ, ակտիվ, կրեատիվ գործընթացի հետ գործ ունենք: Բայց կրկնում եմ: Գործընթացի նախաձեռնողը կոնկրետ քաղաքական ուժ է, կոնկրետ քաղաքական անձ, որը հռչակել է կոնկրետ քաղաքական նպատակ: Ցանկացած քաղաքական նպատակի հասնելու համար պետք է ունենալ մի քանի կարևոր ռեսուրս՝ մարդկային ռեսուրսի այնպիսի քանակ, որի դեմ ոստիկանական ուժերը չեն կարողանա խաղաղ տարբերակով գործողություններ իրականացնել ու ցրել հավաքվածներին: Եվ ամենակարևորը, քաղաքական իրավիճակ, քաղաքական ուժերի մոբիլիզացիա, քաղաքական թիմ: Մենք հիմա հարթակում տեսնում ենք մեծիմասամբ հենց Փաշինյանին: Ինչո՞ւ: Որովհետև այլ քաղաքական դեմքեր չկան: Չկան Փաշինյանի մակարդակի քաղաքական դեմքեր նրա կողքին, և նա ստիպված է միայնակ լինել այդ ամենի խոսափողը, բնականաբար հազվադեպ այդ խոսափողը զիջելով նաև այլոց: Եկեք նայենք, ովքեր են քաղաքական ուժերից միացել ու աջակցում Փաշինյանին: Եկեք նայենք, արդյոք ստացվում է այս գործողությամբ իշխանության ներսում ճաքեր առաջացնել, թե ոչ: Այն, ինչի մասին այդքան խոսվում է, որ Սարգսյանի անիշխանության օրերին հնարավոր է լինելու իշխանության ներսում գտնվող դժգոհներին բերել հրապարակ: Այս իմաստով, Հայաստանի նման երկրներում, հրապարակները հաջողում են այն ժամանակ, երբ իշխանության ներքին խմորումները դուրս են գալիս կուլիսներից: Կարծում եմ՝ Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո ընդդիմության հույսն այս առումով մարեց:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com