Չորեքշաբթի, 28 Հունիսի, 2017

Ինչ է ենթադրում վրաց-ռուսական գազային համաձայնությունը

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Քաղաքականություն - Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017, 18:33


Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել, որ եթե Վրաստանը լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա, այն կգնի Ռուսաստանից և ավելի էժան գնով՝ 1000 խմ դիմաց վճարելով 185 դոլար, նախկին 215-ի փոխարեն: Այս համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման հարցի շրջանակներում:

Ռուսաստանը ցանկանում էր Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսի չափով: Սպասվում էր, որ վրացական կողմը պետք է նվազեցներ տարանցման գինը, այդ մասին նաև հայտարարել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ դա դիտարկելով որպես գազի սակագնի նվազեցման գործոններից մեկը: Բայց ինչպես պարզ է դառնում բանակցություններից, նվազեցման մասին խոսք չկա, միայն նշվում է, որ առաջին տարում տարանցման դիմաց կվճարվի և գազով, և գումարով:

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն այս բանակցությունների հիմնական մեխն այն է համարում, որ ռուսական «Գազպրոմը» ցանկանում է, որպեսզի Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ ծավալի գազը հենց իրենից գնվի: Վրացական կողմն էլ իր օգուտն է ունեցել, որոշակի արտոնություն է կորզել և անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից ավելի էժան գազ կգնի: Ըստ Եղիազարյանի՝ 1000 խմ դիմաց 185 դոլար գինն ավելի էժան է, քան այն գինը, որն Ադրբեջանն էր վերջերս առաջարկել Վրաստանին:

Lragir.am-ի հետ զրույցում Աշոտ Եղիազարյանն ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքի վրա, որ մինչ այս Վրաստանը ցանկություն էր հայտնել լրացուցիչ գազը գնել Իրանից: Իսկ այդ դեպքում տարանցման երկիրը պետք է լիներ Հայաստանը, անգամ այդ նպատակով ընկերություն էր ստեղծվել Հայաստանում: Այս իրավիճակում, ըստ տնտեսագետի, վնաս կրող երկիրը Հայաստանն է:

«Հայկական կողմը զրկվում է այն տարանցիկ վճարումներից, որոնք կարող էր ստանալ, եթե Հայաստանի տարածքով գազն Իրանից տարվեր Վրաստան: Էլի տուժող կողմը մենք ենք: Եթե Գազպրոմը պայմաններ է առաջարկում, որ Վրաստանն իրենից կարող է գազ գնել, այսինքն՝ այդ հարցի շուրջ բանակցություններ են գնացել, կարելի է ենթադրել, որ դա կապված է Իրանից գազի գնման ծրագրի հետ»,- ասաց Եղիազարյանը:

Այն, որ փոփոխության չի ենթարկվել Հայաստանին մատակարարվող գազի տարանցման գինը, Աշոտ Եղիազարյանը մեկնաբանում է հետևյալ կերպ՝ վրացական կողմը, բնականաբար, չի ուզում զրկվել այն եկամուտներից, որոնք ստանում է Հայաստան գազ մատակարարելուց և ուզում է առավելագույնս վճարվել դրա համար:

«Այս բանակցություններում և կնքվելիք համաձայնագրում կան բավական անորոշություններ: Եվ սա ըստ էության պետք է դիտարկել որպես միջանկյալ փաստաթուղթ, քանի որ կողմերի համար սա իմիջի հարց է, իրավական փաստաթուղթ գոյություն չունի»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Եղիազարյանի՝ մեր տարածաշրջանում գազային ոլորտում կարծես թե բազմակողմ հարաբերությունների կամ խաղի դաշտ է ձևավորվում, և կողմերը կարծես փորձում են դիրքավորվել: Բնականաբար, ռուսական «Գազպրոմը» մտահոգ է տարածաշրջանում իր ապագա ներկայության մասով:

Այս պահին Հարավային Կովկասում գազի ոլորտում «Գազպրոմը» ներկա է Հայաստանին մատակարարվող գազի շնորհիվ, նաև որոշակի հարաբերություններ է պահպանում Վրաստանի հետ՝ տարանցման խողովակաշարի շնորհիվ: Մյուս կողմից, կարծես թե իրանական կողմն է փորձում ակտիվանալ այս ոլորտում:

Արդեն հայտնի է, որ թուրքմենական կողմն է ապագայում փորձում որպես խաղացող հանդես գալ Կովկասում գազատրանսպորտային համակարգի քարտեզի վրա ազդեցության տեսանկյունից: Դրան գումարվում է թերթաքարային գազի հեղափոխությունն ու համաշխարհային շուկայում գազի գների նվազումը: Այսինքն՝ սպասվում է, որ այս ոլորտում տեղի կունենան փոփոխություններ, և կողմերը փորձում են դիրքավորվել:

«Կարծում եմ՝ Գազպրոմի առավելությունն այն է, որ հսկում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, այսինքն՝ Հայաստանը մեծ կախվածություն ունի Գազպրոմից: Եվ նա պետք է փորձի խաղալ Հայաստանի միջոցով, փորձեր անի, որ Հայաստանն այս տարածաշրջանում ներկայացնի իր գազային շահերը: Բայց թե դա ինչպես կլինի, շատ դժվար է պատկերացնել: Եթե վրացական խողովակաշարով Հայաստան գազ չգա, մեկ այլընտրանք է մնում՝ Իրանից ներմուծել: Այդ դեպքում, թեկուզ և գազատրանսպորտային համակարգը համարվում է Գազպրոմի սեփականությունը, բայց Իրանը կսկսի իր պայմանները թելադրել: Այս խնդիրներն ավելի շատ մտահոգություններ են ստեղծում Գազպրոմի համար: Եվ, ի վերջո, շատ պարզ տրամաբանություն կա՝ գազը, որը տարացման ճանապարհով գալիս է Հայաստան, Վրաստանին վճարելու դեպքում բնական է, որ այդ գազը թանկ է նստում: Իսկ Հայաստանում գնի հետ կապված լուռ և բարձրաձայնվող բողոք կա: Դրանք Գազպրոմի համար պրոբլեմներ են ստեղծում», նկատում է Աշոտ Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ Հայաստանի սպառողների համար գազի գնի նվազումը կապվում էր նաև այն բանի հետ, որ վրացական կողմը պետք է նվազեցներ տարանցման գները, հնարավո՞ր է, որ առաջիկայում սակագինը դարձյալ թանկանա, տնտեսագետը պատասխանեց, որ այս պայմաններում ամեն ինչ հնարավոր է, բայց դա ավելացնում է «Գազպրոմի» խնդիրները:

«Դա մեզ համար, իհարկե, գնի առումով ստեղծում է պրոբլեմներ, բայց միաժամանակ ավելացնում է Գազպրոմի նկատմամբ անվստահությունը, Գազպրոմի՝ տարածաշրջանում ներկայացվածության հեռանկարները վտանգվում են», հավելեց նա:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com