Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Ռուսական բազան կոպտորեն խախտել է Հայ-ռուսական պայմանագրի դրույթները

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Քաղաքականություն - Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 15:41


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը հերթական անգամ կոպտորեն խախտել է Հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթները, երբ ռազմաբազայից զինծառայողի անհետանալու մասին անմիջապես չի հայտնել հայ իրավապահներին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի անհետացման մասին ռուսական ռազմաբազյի ղեկավարությունը հայ իրավապահների տեղյակ է պահել ապրիլի 18-ին: Այնինիչ, ըստ ոստիկանության, ռուս զինծառայողը փախուստի է դիմել ապրիլի 16-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում: Հիշեցնենք, որ հայ իրավապահներն անմիջապես տեղյակ չէին պահվել նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված ռուս զինծառայող Պերմյակովի փախուստի մասին:

«Հերթական անգամ ռուս-հայկական միջպետական պայմանագրով սահմանված դրույթի կոպիտ խախտում է սա: Նման դեպքերում անհապաղ պետք է տեղյակ պահվեն Հայաստանի իրավապահ մարմիները, բայց դա չի պահպանվել: Հայկական կողմը պետք է համապատասխան նոտա հղի ՌԴ դեսպանատանն ու իշխանություններին, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը խախտել է միջպետական պայմանագրի նորմերը»,- ասաց Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի՝ այս դեպքով առաջին հերթին արձանագրում ենք, որ ռուսական բազայում ծառայողների հետ կապված խնդիրներ կան, որոնք ուղղակիորեն վերաբերում են ռուսական բազայում նրանց ծառայության պայմաններին կամ ծառայության հետ կապված հարցերին: Եվ Հայաստանի հանրությունը պատշաճ իրազեկված չէ ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի մասին:

Երկրորդ, ըստ Սաքունցի, արձանագրում ենք, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը նույնիսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստից հետո հետևություններ չի արել՝ ՀՀ հանրությանը պատշաճ տեղեկատվություն տրամադրելու այն միջադեպերի կամ խնդիրների վերաբերյալ, որոնք վերաբերում են ռուսական բազային և որոնք կարող են նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացու համար:

«Բոլոր այն ենթադրյալ պնդումները կամ արդարացումները, թե իբր դա ռուսական բազայի ներքին խոհանոցի խնդիր է, չենք կարող հիմնավոր համարել, որովհետև ՀՀ սահմանի և անվտանգության պաշտպանության խնդիրների որոշ մասը վերապահված է մի բազայի, որում տիրող իրավիճակը չի կարող չհետաքրքրել հանրությանը, քանի որ այդ կառույցը զբաղվում է այդ նույն հասարակության անվտանգության ու պաշտպանության հարցերով»,- ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ մյուս կողմից հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ իշխանությունների կողմից ռուսական բազայում տիրող իրավիճակի, հնարավոր խնդիրների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների չտիրապետման մասին: Այսինքն՝ ՀՀ իշխանությունների կողմից վերահսկողությունը, մշտադիտարկումը բացակայում է: Մյուս կողմից էլ, ՌԴ-ն՝ հանձինս ռազմաբազայի ղեկավարության, իրեն պարտավորված չի զգում համապատասխան հաշվետվություն ներկայացնելու Հայաստանի իշխանություններին:

«Եթե ներկայացնում է, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր են ամեն հարցի վերաբերյալ տալ պատշաճ բացատրություն: Խոսքը չի վերաբերում ինչ-որ գրասենյակի, խոսքը զինված խմբի մասին է, որտեղ կա զենք, պետք է լինի զինվորական կարգապահություն, որպեսզի մենք վստահ լինենք, որ այն վտանգի աղբյուր չի հանդիսանում: Բայց մինչ հիմա չեն փարատվում այն մտահոգությունները, որ ռուսական բազան հանդիսանում է մեր անվտանգության սպառնալիքը, քաղաքացիների կյանքի անվտանգության սպառնալիքը»,- ասաց Սաքունցը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com