Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Քանի դեռ Ադրբեջանը զառանցում է Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին. Սերժ Սարգսյան

Lragir.am
Քաղաքականություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 15:22


Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ու անիրատեսական ակնկալիքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախագահական նստավայրում հայտարարեց Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը: 

«Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,-ասաց նա` հավելելով, որ բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցությունները ինտենսիվացնելու Հայաստանի պատրաստակամության մասին, բայց, ցավոք, դրանք փոխադարձ չեն եղել Ադրբեջանի կողմից:

Սերժ Սարգսյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման դրդապատճառը չի կապում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արագ կարգավորման ցանկության հետ: Նրա խոսքով` ինքը դժվարանում է հավատալ, որ Ադրբեջանում հանկարծ առաջացել է ԼՂ խնդիրը լուծելու անհագուրդ ցանկություն: 

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին համոզված եմ, որ տեղյակ եք: Չեմ կարծում, որ Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին լուծում տալու առումով, բայց, ցավոք սրտի, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին», ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշմանը` Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռումեն Ռադևին Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ (նկատի ունի լրագրողին- հեղ.) մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ` պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը իբր շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, իրականության մեջ դա պրովոկացիա էր, բայց մենք պրովոկացիաների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին ու գիտենք նրանց իրական դիրքորոշումը», ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա հիշատակեց նաև մեկ այլ հանգամանք, որը կարող էր առաջացնել Բուլղարիայի դիրքորոշման վերաբերյալ հարցադրում, ինչը, սակայն, այդ երկրի պետական դիրքորոշման արտահայտումը չէ: 

«Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պետք է տեսնենք, թե այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Այս հարցում մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում, նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ ձևակերպումներ կան: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», եզրափակեց Սարգսյանը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com