Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Իրանի տհաճ անակնկալը Հայաստանի իշխանությանը

Lragir.am
Քաղաքականություն - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 09:13


Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Երեւանի Պետհամալսարանում մասնակցել է իրանագիտության դասասենյակի բացմանը եւ մի շարք ուշագրավ հայտարարություն արել, պատասխանելով ներկաների հարցերին:

Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին: Նա ասել է նաեւ, որ հաղորդակցությունների առումով Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու ու երկաթուղու հարցում. Դուք դեռ ձեր բաժինը կառուցեք, մնացածը մենք կանենք, մոտավորապես ասել է դեսպանը:

Իսկ ամենահետաքրքիրը եղել է դեսպանի արձագանքը Եվրասիական միության մասով: Իրանական կողմը որեւէ շոշափելի բան չի ստացել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից, ասել է Սաջադին՝ պատասխանելով դիտարկմանը, թե Իրանը կարող է օգտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից: «Եթե նկատեք, մեզ տեղեկացրեք այդ մասին», ասել է Սաջադին:

Իրանցիները սովորաբար նման բաց տեքստերով հայտարարություններ չեն անում, չհաշված նախորդ դեսպանի՝ գազի գնի վերաբերյալ հայտարարությունը, որը Հայաստանի այն ժամանակվա վարչապետը գնահատեց որպես «դիվանագիտական վրիպակ»:

Էներգետիկայի ու հաղորդակցությունների հարցում իրավիճակը միարժեք չէ. Հայաստանը ստորագրել է ռուսական կողմի հանդեպ պարտավորությունների տակ, որոնք խոշոր հաշվով բացառում են դիվերսիֆիկացիան: Դա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունը, մյուս կողմից՝ իրանական կողմի ակնարկներն էլ չեն պարունակում կոնկրետություն, օրինակ՝ ինչ գնով է Իրանը պատրաստ գազ վաճառել Հայաստանին: Եթե դեսպանները խոսում են հարմար գնի մասին, ապա այդ երկրի գազային համալիրի պատասխանատուները հայտարարում են, թե չեն կարող ռուսականից էժան գազ վաճառել Հայաստանին:

Սակայն գլխավոր խնդիրն այստեղ Հայաստանի ինքնիշխան որոշումներն են, որոնց կարող է բախվել Իրանը՝ իր հերթին որոշումներ կայացնելու համար: Օրինակ, Իրանը չի կարող ներդրումներ անել որեւէ խոշոր հաղորդակցության կամ օբյեկտի կառուցման մեջ, եթե վստահ չէ, որ այն ի վերջո չի դառնալու Ռուսաստանի սեփականությունը: Դրա փորձն իրանցիներն ունեն:

Այսպիսով, Հայաստանի ու Իրանի միջեւ ստեղծվել է յուրահատուկ մի իրավիճակ, որը եթե անվստահություն չէ, ապա կարելի է բնութագրել որպես «առաջին քայլի» իրավիճակ. Իրանցիներն այդ քայլը սպասում են Հայաստանից, Հայաստանը՝ Իրանից:

Փաստացի, Իրանը կասկածի տակ է դնում Հայաստանի իշխանության ինքնիշխան որոշումներ կայացնելու, խոշոր նախագծեր իրականացնելու կարողությունը, միաժամանակ ակնարկելով ԵՏՄ-ի «կամուրջ» դառնալու միջոցով մակաբուծելու ցանկությունը: Իրանը փաստացի մերժում է այն:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com