Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Փոլ Գոբլ. Միայն բախտը կարող է օգնել Ալիեւին

Lragir.am
Քաղաքականություն - Ուրբաթ, 13 Ապրիլի 2018, 15:02


«Ինչ-որ բան հուշում է, սակայն, որ Իլհամ Ալիեւը շրջվելու է Արեւմուտքի կողմ: Առավել եւս, եթե Մոսկվան չպնդի օկուպացված տարածքների վերադարձը: Բայց եթե Ռուսաստանն օգնի վերադարձնել Ղարաբաղը, Ադրբեջանը կարող է դառնալ նրա դաշնակիցը Հարավային Կովկասում: Ամեն դեպքում, Իլհամ Ալիեւը դեռ կարողանում է պահպանել հավասարակշռությունը: Նրա հայրը փայլուն քաղաքական վարպետ էր, կարծում եմ, որ նրան էլ կհաջողվի հոր քաղաքականությունը վարել՝ չնայած առջեւում ավելի շատ դժվարություններ են, քան առաջ էր: Իլհամ Ալիեւին ոչ միայն հմտություններ, այլ նաեւ բախտ կպահանջվի, որ անցնի այն ամենով, ինչ սպասվում է», ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Փոլ Գոբլը:

Նա ընդգծում է, որ հիմա դժվար է չեզոք լինելը, որովհետեւ եւ Մոսկվան, եւ Վաշինգտոնն աջակցության են սպասում:

Հիշեցնենք, որ Փոլ Գոբլը ղարաբայան կարգավորման հայտնի պլանի հեղինակն է, որը ենթադրում էր տարածքների փոխանակում եւ Մեղրիի միջանցքի փոխանցում ադրբեջանցիներին:

Հայր Ալիեւը Քի Վեսթում մերժել էր Գոբլի պլանը, ով Ռոբերտ Քոչարյանի ու Փաուելի հետ հանդիպելուց հետո հրապարակել էր այն ու դրանով իսկ աղբամանը նետել: Ինչպես նշում են, Գոբլի պլանը ժամանակավոր կարգավիճակ էր նախատեսում Ղարաբաղի համար:

Գոբլի պլանից հետո բազմաթիվ առաջարկներ եղան, այդ թվում՝ Կազանի ու Լավրովի պլանները, չնայած Լավրովը հերքում է, որ պլան է հեղինակել: Այս բոլոր պլաններում մեկ առանցքային տարր կա՝ հայկական կողմից տարածքային զիջումներ հետաձգված կարգավիճակի, որից հետո՝ հաղորդակցությունները բացելու եւ պատերազմ չսկսելու Ադրբեջանի խոստումների դիմաց:

2016 թվականի ապրիլին հայկական կողմը մերժել է այս բոլոր պլանները, երբ բավարար կլիներ նահանջելու հրամանը եւ հայ հանրության պարտվողական տրամադրությունը, որ դրանք իրականություն դառնային: Բայց հրաման չեղավ, եւ բանակը ոչ միայն կանգնեցրեց հարձակումը, այլ նաեւ հայտարարեց հակահարձակման անցնելու մտադրության մասին: Ռուսները ստիպված էին դադարեցնել պատերազմը, որ Ադրբեջանի համար դրությունն անշրջելի չդառնար: Ղարաբաղում համազգային մոբլիզացիա հայտարարվեց, եւ այն գրողի ծոցն ուղարկեց բոլոր պլանները:

Հիմա էլ Փոլ Գոբլն ասում է, որ ռուսները կարող են «օգնել» Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը, որ Բաքուն դեպի Արեւմուտք չշրջվի: Նա ակնարկում է, որ եթե Մոսկվան «չվերադարձնի» Ղարաբաղը, Բաքվի համար միեւնույն է դժվար է լինելու դեպի Արեւմուտք շրջվելը: «Ալիեւին միայն բախտը կօգնի», - ասում է Գոբլը՝ ակնարկելով նուրբ հանգամանքները:

Ալիեւն անկյուն է քշված, եւ Փոլ Գոբլը «հուշում է», թե ուր է պետք նայել:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com