Չորեքշաբթի, 29 Մարտի, 2017

Սերժ Սարգսյանը խրախուսում է ոստիկանների գործելաոճը. Ժաննա Ալեքսանյան

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Իրավունք - Հինգշաբթի, 05 Հունվարի 2017, 18:58


Ոստիկանության ղեկավարությունը Սերժ Սարգսյանի կողմից խրախուսվում է, որպեսզի 2017 թվականին անցկացվելիք ընտրությունների ժամանակ շարունակի նույն գործելաոճն ու պաշտպանի իշխանությունների շահը: Այս կարծիքին է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ տարեվերջյան որոշումներին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, իսկ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը «իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար» պարգևատրվել էր «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով:»

Իրավապաշտպանը սա զարմանալի է համարում այն ֆոնին, որ 2015-2016 թվականներին մարդու իրավունքների խախտման դեպքերը զանգվածային բնույթ են կրել Հայաստանում, և հատկապես բարձրաստիճան ոստիկաների գործողություններն են նպաստել դրան:

«Առջևում ընտրություններ են, և պարգևատրումները հենց նրա համար են, որ ոստիկանները շարունակեն նույն ոճով և նույն կերպ: Այսինքն՝ ընտրությունների նախաշեմին ոստիկանները խրախուսվում են: Սա ոչ թե նոր տարվա համար է, այլ  խրախուսվել է հինը, այն, ինչ արվել է: Եվ դա նշանակում է, որ հետագայում էլ ոստիկանությունը կշարունակի նույն կերպ գործել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Սարի թաղի դեպքերից հետո ոստիկանության ղեկավարությունը, հատկապես Վլադիմիր Գասպարյանն ու Լյովա Երանոսյանը պետք է հեռացվեին համակարգից: «Քաղաքացիների նկատմամբ այդ բռնությունների, բարբարոսական հարձակումների համար նրանք պետք է պատժվեին: Հավանաբար Սերժ Սարգսյանը դրա համար էր լրագրողներին ասում՝ մոռացեք, որպեսզի այդ պարգևատրումներն աներ»,- ասաց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունները բարձր  են գնահատել հատկապես Երանոսյանի հայհոյանքը՝ ուղղված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

«Երանոսյանին պարգևատրեցին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հայհոյելու համար: Իսկ ի՞նչ պահանջ ունի Սերժ Սարգսյանը, նա անտեսում է հանրության պահանջը, արհամարհում է: Եթե դու Երանոսյանին ես պարգատրում, իսկ խայտառակություն է նման ոստիկան ունենալը, մյուսները կհետևեն նրա օրինակին: Երանոսյանն անձամբ իր հայհոյանքներով պաշտպանում է իշխանություններին, որովհետև ոստիկանությունը բացի իշխանությունների շահերը պաշտպանելուց, ոչ ոքի չի պաշտպանում»,- ասաց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ոստիկանությունն այսօր խայտառակ կարգավիճակում է, անգամ հետամնաց երկրներում նման ոստիկանություն չկա: Հետևաբար, ըստ նրա, այս պայմաններում իշխանությունները հանրությանը որևէ պահանջ ներկայացնելու իրավունք չունեն, ինչպես Սերժ Սագսյանն էր պահանջներ ներկայացնում մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Իրավապաշտպանը կանխատեսում է, որ հետագայում էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից իրավիճակը չի փոխվի, առջևում ընտրություններ են, և էլ ավելի կվատանա վիճակը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com