Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

«Հայկազ Բարսեղյանի դիակը գտնելուց հետո Գնել Թևոսյանը շարքում կանգնած Գոռ Ասլանյանին ասաց՝ հետ մի նայի, դեմդ նայի»

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Իրավունք - Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017, 23:21


«Հայկազ Բարսեղյանի դիակը գտնելուց հետո Գնել Թևոսյանը շարքում կանգնած Գոռ Ասլանյանին ասաց՝ հետ մի նայի, դեմդ նայի: Երբ Գոռը նորից հետ նայեց, Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»,- Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ժամանակ այսօր պատմեց վկա Արայիկ Թամրազյանը: Նա սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, դեպքի օրը թեև ոչինչ չի տեսել, բայց հաջորդ օրը առավոտյան, երբ գտել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դիակը՝ կախված վիճակում, վկան շարքում լսել է այս խոսակցությունը:

Շուտով լրանում է այս սպանության երեք տարին, բայց գործը դեռևս քննվում է  դատարանում: 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Հայկազի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: 

Առանցքային ամբաստանյալը Գնել Թևոսյանն է, ում հայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանն է: Նա դեպքից հետո աշխատանքից ազատվել էր և մեղադրվում էր այն բանի համար, որ որդու՝ Գնել Թևոսայանի սովորելու ընթացքում նրա համար զորամասում արտոնյալ պայմաններ էր ստեղծել՝ պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով:

Այս փուլում վկաների հարցաքննությունն է: Վկաների մեծ մասը պատճառաբանում են, թե վաղեմության պատճառով չեն հիշում դեպքի և դրան հաջորդած օրերի իրադարձություններն ու հարցերի մեծ մասին պատասխանում են, թե չեն հիշում կամ չեն կարող ստույգ ասել:

«Սպանության առավոտյան, երբ արթնացա, միջանցքից գոռոց լսեցի: Դուրս եկա սենյակից, սպանությունը որ ննջարանում եղել էր, այդ ննջարանի կողքը հավաքվել էին: Մոտեցա, նայեցի տեսա, որ Հայկազի անկողինը արյունոտ էր, իսկ Հայկազը չկար: Դուրս եկանք ման գալու: Իրեն գտել էին, ես վազելով գնացի, տեսա, որ բոլորը հավաքվել էին, էլ չմոտեցա»,- պատմեց վկա Արայիկ Թամրազյանը:

Վկաներից Հովհաննես Հովհաննիսյանն էլ միջանցքում տեսել էր, թե ինչպես դեպքի ուշ երեկոյան վերոնշյալ չորս ամբաստանյալները թևանցուկ տարել են Հայկազ Բարսեղյանին: Ըստ վկայի՝ Հայկազի վիճակն արտառոց էր, նա ուշագնաց էր: Թե ուր տարան, վկան ասաց, որ չգիտի, իսկ առավոտյան իմացավ, որ Հայկազը չկա, գնացին նրան փնտրելու, հետո գտան կախված վիճակում: Վկան ասաց, որ չէր պատկերացնում, թե նրան թևանցուկ տարած ամբաստանյալները կարող էին կապ ունենալ Հայկազի վատ վիճակի հետ: Հայկազին փնտրելու գործին մասնակցել են նաև ամբաստանյալները: Հետո դեպքից որոշ ժամանակ անց ինստիտուտի ղեկավարությունը կուրսանտներին ասել է, որ սա ինքնասպանություն չէ, սպանություն է:

«Ես տեսել եմ, որ Հայկազին տարել են, բայց չեմ տեղեկացրել հերթապահին կամ մեկ այլ անձի, մտածել եմ, որ տեղյակ են: Ես մտածում էի, տեղեկացրել են, նոր են Հայկազին իջեցնում»,- ասաց վկան:

Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը Lragir.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ վերջին ամիսներին դատավորը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է նիստերը, գործի քննությունը ձգձգվում է: Հայրը նաև նշեց, որ փոփոխություն է նկատում նիստ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի պահվածքում, նա կարծես ամբաստանյալների օգտին է  հանդես գալիս:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com