Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Դատարանը կորոշի Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը

Lragir.am
Իրավունք - Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017, 16:00


Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի գործի քննությունը: Դատական նիստի հենց սկզբում Անդրիաս Ղուկասյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ որպես կալանավորմանն այլընտրանք խափանման միջոց իր նկատմամբ կիրառել 1.5 մլն դրամի գրավ կամ ողջամիտ համարվող այլ գումարի չափ:

Նա ասաց, որ քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ հիմք չի տալիս ողջամտորեն ենթադրել, որ ինքը կկատարի այնպիսի գործողություններ, որ հնարավոր չէ խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով:

«ՀՀ քեաական դատավարության մասին օրենսգրքի 137, 138, 143 հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է: Գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խոչընդոտի գործի քննությանը, չեմ խուսափի վարույթ իրականացնող մարմինից: Վստահեցնում եմ, որ գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խախտի գրավի պայմանները»,- դատարանում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Մեղադրող դատախազն առարկեց՝ ասելով, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է: Ըստ դատախազի՝ նրան մեղադրանք է առաջադրվել երկու առանձնապես ծանր հանցագործությունների փորձ կատարելու և մեկ ծանր հանցագործության փորձ կատարելու համար և այս պահին նպատակահարմար չէ գրավ կիրառելը:

Դատախազը հայտարարեց, որ որպես խափանման միջոց կալանավորման համար հիմք է հանդիսացել հետևյալը. գործի հանգամանքները վերլուծելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է ենթադրյալ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, մասնավորապես, այն, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որն ուղղված է հասարակության անվտանգության դեմ: Ըստ դատախազի՝ դա ծանր հանցագործությունների շարքին է դասվում, որի համար նախատեսված է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Նա նաև հիշեցրեց, որ ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը, նրա կողմնակիցները նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում աստիճանաբար բորբոքել են հավաքված հանրության կրքերը, հանձնարարել են առաջին շարքերում գտնվող կանանց ու երեխաներին փոխարինել տղամարդկանցով, բռնություն գործադրելու համար հավաքել քարեր, որից հետո հրահրել են բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատամամբ: «Կազմակերպված խումբը նպատակ է ունեցել զանվթելու ՊՊԾ գունդն ու ստեղծված իրավիճակը սրել»,- ասաց դատախազը:

Դատարանն այս միջնորդությունից հետո հեռացավ խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com