Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Ինչպես է ներում շնորհվելու դատապարտյալին. Նոր կարգ

Lragir.am
Իրավունք - Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018, 11:34


Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում սահմանվել է, որ ներման հետ կապված հարաբերությունները պետք է այսուհետ կարգավորվեն օրենքով:

Օրենքի նախագծով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնող սուբյեկտները, ՀՀ Սահմանադրության պահանջն է, որ խնդրագիրը պետք է ներկայացնի դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Միաժամանակ, չեն բացառվում գործնականում այն դեպքերը, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, դատապարտյաների հարազատները, հեղինակություն ունեցող անձինք ներման միջնոդրությամբ կարող են հանդես գալ ու դիմել ՀՀ նախագահին:

Նախագծով չի սահմանվել այն սուբյեկտների ցանկը, ովքեր իրավասու են նման միջնորդությամբ հանդես գալ, և, ըստ Քրմոյանի, ներման միջնրդությունը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ կա դատապարտյալի խնդրագիրը:

Թեև նախագահի լիազորությունն է ներում շնորհելը, բայց օրենքի նախագծով սահմանվել է նաև այն, թե ինչ հանգամանքներ պետք է ուսումնասիրվեն այս գործընթացում: Այդ թվում՝ հանցագործության վտանգավորության աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի վերաբերյալ և այլն:

Նախագծով սահմանվել են ներման դրսևորումները, ըստ այդմ՝ նախագահի հրամանագրով դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակի ազատվել պատժից, բացի այդ, պատժի չկրած մասը կարող է փոխարինվել մեղմ պատժատեսակով:

Կարևորագույն դրույթներից է այն, որ չի հանվելու դատվածությունը: «Եթե մենք դատվածությունը հանեինք, հետագայում նույն անձի կողմից հանցագործություն կատարելու դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն տարբեր տդատապարտյաների միջև», ասաց Քրմոյանը:

Սահմանվել է, որ ներման հետ կապված նախագահին առաջարկություն է ներկայացնելու վարչապետը: «Ուզում եմ հատուկ նշել, որ Սահմանադրության պահանջ է, որպեսզի լինի մի պաշտոնատար անձ, ով այդ առաջարկությամբ հանդես է գալու: Այդ ուղղությամբ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, տարբեր երկրներում այս փորձը կա: Միևնույն ժամանակ, պահպանել ենք ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գործունեությունը, և վարչապետին կից կգործի հանձնաժողով», ասաց փոխնախարարը:

Նաև սահմանվել է, որ ներման խնդրագիրը մերժելու դեպքում դատապարտյալը մեկ տարի հետո միայն կարող է նորից դիմել, բացառությամբ բացառիկ հանգամանքների:

«Գործընթացը հետևյալ կերպ է իրականացվելու: Ներման խնդրագիրը ներկայացվելու է Արդարադատության նախարարություն: Եթե քրեակատարողական հիմարկի միջոցով է ներկայացվել ներման խնդրագիրը, եռօրյա ժամկետում հիմնարկը պարտավոր է ներկայացնել նախարարություն: Առավելագույնը 30 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունը պետք է կազմի անձնական գործ և ներկայացնի ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետն իր հերթին 5-օրյա ժամկետում այն ներկայացնելու է ներման հանձնաժողովին, որից հետո խորհրդատվական զեկույցը 20-օրյա ժամկետում ներկայացվելու է վարչապետին: Այնուհետև վարչապետը ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելու է ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատախսան հրամանագիրը կամ իր առարկություններով հետ վերադարձնել վարչապետին: Այդ դեպքում վարչապետը կարող է խմբագրել նախագիծը կամ չընդունել կամ նորից ներկայացնել նախագահին: Դրանից հետո նախագահը կամ այն ընդունում է, կամ դիմում Սահմանադրական դատարան», մանրամասնեց Սուրեն Քրմոյանը: 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com