Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

ՄԻԵԴ-ում նախադեպ չեն տեսել

Lragir.am
Իրավունք - Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018, 15:53


Ազգային ժողովում այսօր քննարկվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ դատավորներին դատական նիստերի ժամանակ իրավունք է տրվում դատական սանկցիաներ կիրառել փաստաբանների ու դատախազների նկատմամբ: Տուգանքի չափը 100 հազար դրամ է, ինչը հարուցել է փաստաբանների բողոքը, նրանք գործադուլ ու ակցիաներ են արել:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ երկրներ կան, որտեղ ավելի խիստ պատիժ է սահմանվում խախտում թույլ տված փաստաբանների նկատմամբ, օրինակ՝ կալանքը: 

«Դա ընդունելի չէր մեզ համար, բայց տուգանք սանկցիան կա: Ասել, որ այս սանկցիաները կիրառում ենք հենց փաստաբանների դեմ, տեղի չէ, որովհետև նույն կերպ մենք բոլոր մասնակիցների հետ ենք վարվում, դատախազը ևս դատական նիստում կարգ ու կանոն պետք է պահպանի: Եթե դատավորը կչարաշահի իր լիազորությունները և անհիմն սանկցիաներ կկիրառի փաստաբանների նկատմամբ, առավելագույն  խստությամբ կպատժվի նոր սահմանադրական օրենքի շրջանակներում»,- ասաց փոխնախարարը:

Արթուր Հովհաննիսյանը, ով նախկին փաստաբան է, ասաց, որ փաստաբանի տեսանկյունից նայելով էլ ինքը խնդիր չի տեսնում այստեղ, քանի որ դատավորները երբեք արհեստական սանկցիաներ չեն կիրառում: Հետևաբար, նրա խոսքով, բարեխիղճ փաստաբանների համար այս սանկցիաները ոչ մի վտանգ չեն ներկայացնի:

Նշենք, որ փաստաբանները հայտարարել են, որ եթե այդ սանկցիաներն ուժի մեջ մտնեն, իրենք դրանց դեմ հայցեր կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցին, թե կառավարությունը մտավախություն չունի՞, որ ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճիռներ կկայացնի, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Եվրադատարանի նախադեպերին ծանոթ եմ, նրանք խնդիր են տեսնում, երբ դատարանը  կալանք է սահմանում փաստաբանի համար: Տուգանքի հետ կապված խնդիր չկա»:

Մանրամասները տեսանյութում


© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com