Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում

Lragir.am
Իրավունք - Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 10:45


ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում, դատավորի ակտիվ դերակատարմամբ, ինչպես նաև աշխատողին կտրվի ավելի  պաշտպանված  կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը:

Նրա խոսքով` նոր օրենսգրքով դատարանը առանձին աշխատանքային վեճերով վարույթի կարգով քննելու և լուծելու է 3 բնույթի` աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը:

«Այս երեք բնույթի վեճերը քննելու համար սահմանվել է հստակ ժամկետ` 3 ամիս, որը բավականին սեղմ է: Կրճատվել է նաև հայցադիմումի վարույթի ընդունման ժամկետը` 7-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 3 օր: Երբ դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթը, գործատուից անմիջապես պահանջում է հետևյալ ապացույցները. առաջին` իրավական ակտում վկայակոչված փաստերի վերաբերյալ ապացույցներ, երկրորդ` իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, երրորդ` աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց Մարկոսյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ նոր կարգավորմամբ գործատուն պետք է այդ երեք խումբ ապացույցները ներկայացնի յոթնօրյա ժամկետում, իսկ եթե չներկայացնի կհամարվի, որ դրանք գոյություն չեն ունեցել:

«Այլ կերպ ասած` գործատուն կհայտնվի շատ անշահեկան վիճակում, որովհետև չի կարողանա հիմնավորել, որ այս փաստերը գոյություն ունեցել են: Միայն մեկ բացառություն կա, երբ գործատուն հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»,- ընդգծեց Մարկոսյանը:

Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով` քննարկվող վարույթի կարգով գործը դատաքննության նախապատրաստելիս, ի տարբերություն այլ վարույթների, դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները, պարզել և գնահատել անհրաժեշտ ապացույցները:

«Այսինքն` դատարանը այստեղ ակտիվ դերակատարում կունենա, որպեսզի վճիռը համապատասխանի ոչ թե դատական, այլ օբյեկտիվ ճշմարտությանը»,- ասաց Մարկոսյանը:

Առանձին աշխատանքային վեճերով վարույթներում գործատուն կրելու է իր ընդունած ակտի  հիմքում դրված փաստերի ապացուցման բեռը: «Ինչու, որովհետև, օրինակ, գործատուն աշխատողին նկատողություն է անում կամ այլ տույժի ենթարկում՝ ինչ-որ բան խախտելու համար, ուրեմն տիրապետել է բավարար տեղեկատվության, որ աշխատողը նման վարքագիծ է դրսևորել»,- նշեց Մարկոսյանը:

Մարկոսյանի խոսքով` հստակ կարգավորվել է նաև, թե որ դեպքերում է գործատուի իրավական ակտը ճանաչվում անվավեր:

Ըստ օրենսգրքի` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը կամ գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագրի սահմանված կարգը։ Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայության հաստատումը  բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի կարծիքով` բոլոր կողմերի համար շահեկան են սույն կարգավորումները` և աշխատողի և գործատուի: «Այս կարգավորումները շահեկան են նաև այն առումով, որ կվերանա իրենց միջև անորոշությունը: Նախ  աշխատողի համար պարզ կլինի՝  նա աշխատելու է այնտեղ, թե նոր աշխատանք  փորձի փնտրել, երկրորդ` գործատուի համար էլ է շատ կարևոր լինելու, քանի որ նա էլ  չգիտի՝ համալրի նոր անձով տվյալ հաստիքը, թե նախորդ աշխատողը ամեն դեպքում կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց Մարկոսյանը:

Նա առանձնացրեց ևս մի կարևոր հանգամանք, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով եթե անձն ապօրինի ազատվել է աշխատանքից և դատական կարգով վերականգնվում է նախկին հաստիքում, նրա օգտին գանձվում է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ վերականգնման անհնարինության դեպքում նրան պետք է վճարվի նաև մինչև միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում:

«Ինչպես տեսնում ենք, որքան երկար կտևի այս վարույթը, այդքան գործատուի վրա ֆինանսական բեռի ռիսկը կավելանա»,- եզրափակեց Մարկոսյանը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com