Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Freedom House-ը շեղվել է դասական մեթոդաբանությունից. Դավիթ Հարությունյան

Lragir.am
Իրավունք - Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 14:21


Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցին, որտեղ նշվում է, որ Հայաստանը ենթակա է ավտորիտարիզմի մեջ գլորվելու վտանգին: Այս զեկույցում նաև որպես ավտորիտարիզմի օրինակ է բերվում այն, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նորից ղեկավարել երկիրը:

«Անշուշտ, Freedom House-ը հեղինակավոր կազմակերպություն է, բայց ոչ բոլոր զեկույցներն են բացարձակ օբյեկտիվ: Բայց որպես կանոն այնտեղ կան խորհելու հարցադրումներ: Սա առաջին անգամ է, որ ես տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը Freedom House-ը որպես կանոն որդեգրել է»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այս զեկույցը, զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ:

«Օրինակ՝ ասվում է՝ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի: Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա: Մեկ այլ օրինակ բերեմ, խոսվում է «Սասնա ծռերի» մասին: Ուսումանասիրեք այդ զեկույցը և տեսեք՝ մի տեղ հիշատակվո՞ւմ է արդոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Ինձ չհաջողվեց գտնել: Ցավով պետք է նշեմ, որ սա Freedom House-ի առաջին զեկույցն է, որն ինձ թվում է՝ արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որը նրանք կիրառում էին», ասաց նա:

Դավիթ Հարությունյանը հավելեց, որ ինքը երբևիցե չի տեսել զեկույցներ, որտեղ քաղաքական գործիչներին որոշակի պիտակավորում է տրվում: Քննադատություն՝ այո, բայց երբեք ոչ պիտակավորում: Իսկ դա այն զեկույցն է, որտեղ, նրա խոսքով, առկա են նաև պիտակներ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com