Շաբաթ, 19 Օգոստոսի, 2017

Արտակարգ իրավիճակ. Լատենտ պատերազմ Հայաստանում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Շաբաթ, 11 Փետրվարի 2017, 13:38


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 11-ին ուժ գիշերը Լոռիում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, չորսը տեղափոխվել են հիվանդանոց: Տեղեկություն է ստացվել նաեւ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի մասին, որի հետեւանքով իննը մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ողբերգական վթարների մասին տեղեկությունները տարիներ շարունակ հանդիսանում են հայաստանյան լրահոսի բովանդակությունը կազմող հիմնական տարրերից մեկը: Ընդ որում, բավական լավ «սպառվող» տարրը, թե համացանցում, թե հեռուստաեթերում: Մահվան ելքով վթարները եթե ամենօրյա պատահար չեն, ապա տեղի են ունենում երկու-երեք օրը մեկ սարսափելի կանոնավորությամբ: Եթե վթարը ողբերգական չէ մահվան ելքի իմաստով, ապա առնվազն լինում են ծանր վիրավորվածության դեպքեր, որոնք իրենց հետքն են թողնելու քաղաքացու հետագա առողջության վրա՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական:

Հայաստանում ավտովթարներից, վրաերթերից մահվան վիճակագրությունը տարեկան կազմում է մի թիվ, որը զգալիորեն կգերազանցի օրինակ թե ապրիլյան պատերազմում զոհերի թիվը, թե ընդհանրապես պատերազմական իրավիճակի հետեւանքով կորուստների վիճակագրությունը, որ դժբախտաբար տեղի են ունենում առաջնագծում:

Հայաստանի ավտոճանապարհներին տեղի է ունենում լատենտ պատերազմ, որտեղ զոհը Հայաստանն է, իսկ հակառակորդը՝ կրկին Հայաստանը, բազմաթիվ խնդիրներով, որոնք առաջացնում են ճանապարհային երթեւեկության անվտանգության լրջագույն ռիսկեր:

Այդ խնդիրներն առնչվում են թե ճանապարհային երթեւեկության մշակույթին, որն էլ իր հերթին առնչվում է ընդհանրապես հանրային կյանքի մշակույթին, օրինապահության մշակույթին, իրավագիտակցությանը եւ անվտանգություն հասկացության հանդեպ հանրային մտքի համարժեքությանը, թե խնդիրներ կան պարզապես ճանապարհային անվտանգության չափանիշների մասով: Հայաստանի ճանապարհները անորակ են, կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք մեծացնում են վթարային ռիսկերը, չկա լուսավորություն, չկան վտանգավոր ոլորանների եզրային արգելափակոցներ, չկան բավարար թվով ցուցանակներ, որոնք մի կողմից կկողմնորոշեն վարորդներին զուտ ճանապարհային ուղղությունների, մյուս կողմից էլ հնարավոր այն հատվածների մասով, որոնց կապակցությամբ վաղօրոք հստակ իրազեկվածությունը կարող է նվազեցնել ռիսկը:

Աներկբա է, որ Հայաստանի ճանապարհային երթեւեկության հարթության վրա առկա լատենտ պատերազմը պահանջում է անվտանգության բարձրացման համալիր եւ արագ միջոցառումներ, որոնք պետք է ներառեն պետական կառավարման մի շարք գերատեսչություններ:

Հայաստանում գործնականում ճանապարհային արտակարգ իրավիճակ է: Իհարկե խնդիրը այդ իրավիճակը հայտարարելը չէ, բայց մոտեցումները պետք է լինեն հենց այդ ռեժիմից բխող:

Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը, ստանձնելով պաշտոնը, հայտարարել էր, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հարցում պետք է սերտանա արտակարգ իրավիճակների նախարարության գործակցությունը պաշտպանության նախարարության հետ:

Ճանապարհային երթեւեկության մշակույթն ու դրա կազմակերպման խնդիրները գուցե ուղիղ իմաստով չեն տեղավորվում քաղաքացիական պաշպանության դասակարգման մեջ, սակայն մի երեւույթ, որը տարեկան խլում է հարյուրավոր կյանքեր եւ առաջացնում հարյուրավոր մարդկանց ֆիզիկական եւ հոգեբանական առողջության խնդիրներ, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանական խնդիրների շարքում:

Հետեւաբար, հարցը պետք է ներառվի արտակարգ իրավիճակների նախարարության ռազմավարական առաջնահերթությունների շարքում, եւ նախարարության գերակայությամբ պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգի տարբեր գերատեսչություններ ներգրավող անհրաժեշտ թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ գործողություններ՝ լատենտ պատերազմը կանգնեցնելու եւ Հայաստանի ճանապարհներին «խաղաղություն» հաստատելու համար:

Աներկբա է, որ այդ խնդրի հանդեպ պետական ուշադրությունը մինչ այժմ եղել է անբավարար: Ճանապարհային ոստիկանության գործունեությունն այդ առումով նույնպես եղել է անարդյունավետ, թեեւ խնդրի ընդգրկումն այնպիսին է, որ միայն ՃՈ-ն օբյեկտիվորեն անկարող էր աձագանքել եւ լուծումներ գտնել:

Արտակարգ իրավիճակը պահանջում է համարժեք բուրգի կառուցում՝ արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման եւ պատասխանատվության ներքո, անելիքների եւ միջոցառումների, նաեւ դրանց համար արդեն ոլորտային պատկանելության իմաստով պատասխանատու կառավարման օղակների գործողությունների հստակ, չափելի սահմանումներով՝ ներառյալ թե կապի ու տրանսպորտի նախարարությունը, թե ոստիկանությունը, թե այլ կառույցներ:

Ճանապարհներին ընթացող «լատենտ պատերազմը» հնարավոր չէ «շահել» առանց «հրամանատարաշտաբային» հստակ հիերարխիայի ձեւավորման եւ «ռազմական գործողությունների» հստակ պլանի:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com