Չորեքշաբթի, 29 Մարտի, 2017

Հանգուցալուծում. Խորհրդարանի ընտրությունից դուրս մնացած կարեւոր ցուցակը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017, 19:19


Հայաստանում հանգուցալուծվեց ամենամեծ նախընտրական ինտրիգը՝ ցուցակների հարցը: Հանրության համար պարզ դարձավ, թե որ ուժն ինչ ցուցակով է մասնակցելու ընտրությանը:

Ընդհանուր առմամբ, նախընտրական իրավիճակը թողնում է դեժա-վյուի տպավորություն, քանի որ գերակշիռ մասով հանրությանը ներկայանում են նույն դեմքերը, որոնք անցնող երկու տասնամյակում կազմել են հայկական քաղաքականության «պերճանքն ու թշվառությունը»: Տեղի ունեցող փոփոխություններն էլ գերակշիռ մասով կոսմետիկ են:

Ըստ էության, առանձնահատուկ հռչակված ընտրությունը՝ Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ պայմանավորված, ընթանալու է հայկական քաղաքական կյանքի համար շատ սովորական ընթացքով:

Ավելին սպասել թերեւս պետք էլ չէր, ոչ թե փայլուն ինտուիցիայի կամ կանխատեսելու կարողության, այլ պարզապես անցնող գործընթացների ականատեսության հիմքով: Բանն այն է, որ չի կարող քաղաքականությունը որակյալ դառնալ միանգամից, եթե մինչ նախընտրական շրջանը այն չի ցուցաբերել որակական փոփոխության շոշափելի եւ գործնական, կենսունակ ու մրցունակ միտումներ: Չի կարող քաղաքականությունը հանկարծ շեշտակիորեն փոխվել նախընտրական շրջանում:

Մյուս կողմից, քաղաքականությունը չի փոխվի, քանի դեռ չի փոխվել հասարակությունը: Հայաստանում այդ իմաստով ամենամեծ քաղաքականությունը ոչ թե այն է, ինչը տեղի է ունենում քաղաքական փաթեթավորման ներքո, քաղաքական ֆորմատների, ցուցանակների անվան տակ, այլ այն, ինչը առարկայորեն միտված է հանրությանը փոխելուն: Ըստ այդմ, Հայաստանում օրինակ կորպորատիվ կառավարման որեւէ նոր մշակույթի կրող փոքր ձեռնարկությունն ավելի մեծ քաղաքականությամբ է զբաղված, քան ամենամեծ եւ հոծ քաղաքական կուսակցությունը:

Եվ այս տեսանկյունից, թերեւս շատ ավելի կարեւոր է Հայաստանում իրատեսական ներդրումային ծրագրերի ցուցակը, այսինքն այն, թե մոտ կամ ոչ այնքան մոտ ապագայում ինչպիսի իրական ներդրումներ են սպասվում Հայաստանում, ովքեր են ներդրողները, ինչպիսի բիզնես մշակույթի եւ մտածողության կրողներ, հանրային ինչ շրջանակներ են դրանք շոշափելու, հետեւաբար հանրային մտածողության ինչ նոր շերտեր են դրանք բացելու եւ շոշափելու:

Ընդ որում, խոսքը միայն առեւտրա-տնտեսական ներդրումների մասին չէ, նաեւ գուցե ներդրումների, որոնք կարվեն քաղաքացիական սեկտորի ուղղությամբ, բայց ոչ թե քաղաքացիական բյուրոկրատիայի ձեւավորման, այլ քաղաքացիականությունն իրապես հանրային համակեցության օրգանիզմի բաղադրիչ դարձնելուն միտված: Բայց դրա համար էլ պահանջվում են շատ կոնկրետ ֆինանսական ներդրումներ:

Եթե կլինի Հայաստանում արդիականությանն ուղղված ներդրումների այդպիսի խոստումնալից ցուցակ, գուցե հնարավորություն կա, որ ինչ որ մի ընտրություն Հայաստանում իսկապես կդառնա առանձնահատուկ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com