Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Ավանակների ճակատագիրը ԵՏՄ-ում

Lragir.am
Հասարակություն - Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017, 11:16


2015 թվականի հունվարին, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ, սահմանվեց 11 հազար անուն ապրանքների ցանկը, որոնք ԵՏՄ երկրներից Հայաստան տեղափոխելու դեպքում մաքսատուրք չէր գանձվելու: Հայաստանը երկու տարով որոշակի արտոնություններ ստացավ, սակայն այդ ժամկետն արդեն անցնում է: Այսինքն, 2018-ի հունվարի 1-ից սպասվում են թանկացումներ:

ԵՏՄ-ին անդամակցությունից հետո արդեն իսկ ավելացել է 6300 անուն ապրանքների մաքսատուրքը, եւս 700 ապրանքատեսակների դրույքաչափերի թանկացում սպասվում է առաջիկա տարիներին, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դեղորայք, շաքարավազ, թռչնամիս, գյուղտեխնիկա, մեքենաներ, որոնցից կախված է մարդկանց կյանքի որակը:

Թանկացող ապրանքատեսակների մեջ է նաեւ ավանակը: Ավանակների ներմուծման Հայաստանում գործող դրույքաչափը ներկայում 0 է, ԵՏՄ երկրներում՝ 5, եւ դա նշանակում է, որ շուտով Հայաստան ներկրվող ավանակների գինը կավելանա նվազագույնը 5 տոկոսով:

Սա էական հանգամանք է, այն առումով, որ Հայաստանում կարելի է զարկ տալ ավանակների բազմացմանը, ներկրումը փոխարինելով տեղական արտադրությամբ: Առավել եւս, որ ավանակների պահանջարկը կարող է մեծանալ, նկատի առնելով գյուղտեխնիկայի, մեքենաների եւ էներգակիրների թանկացումը:

Ընդհանրապես, ավանակն առավել լավ է ադապտացվում սոցիալ-տնտեսական բարդություններին, ավելին՝ անտարբեր է դրանց հանդեպ, պահանջատեր չէ ուտելիքի ու խնամքի հարցերում, լավ կողմնորոշվում է մթության մեջ եւ այլ կարեւոր հատկանիշներ ունի:

Միակ թերությունը բարձրագոչ ու անհասցե զռռոցն է, սակայն այս խնդիրը կարելի է լուծել Ռոսկոմնադզորի սելեկցիոներների ջանքերով: Թեեւ, մյուս կողմից, այդ զռռոցն էլ կարելի է վերագրել ազատ խոսքին ու ազատ կամարտահայտությանը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com