Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Հանրությունը կանգնեց դաժան ընտրության առաջ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հասարակություն - Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017, 16:49


Հայաստանում այսպես ասած հանրային քննարկման է դրվել Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Նախագծի առկայության մասին հայտնի էր վաղուց: Այն Հայաստանի քաղաքակրթական արդիականացմանն ուղղված թերեւս եզակի առարկայական քայլերից մեկն է, թեւ կասկածից վեր է, որ օրենքի առկայությունն ինքնին դեռեւս չի նշանակելու ոչինչ՝ օրենքը պետք է նաեւ գործի, ինչը դեռեւս մեծ հարց է: Թեեւ դեռեւս մեծ հարց է նաեւ օրենքի ընդունման հնարավորությունն իսկ, հաշվի առնելով այն մոտեցումները, որ առկա են հանրային տարբեր խմբերում:

Օրենսդրական այդ նախաձեռնությամբ իշխանությունը դրսեւորեց հատկանշական կամք: Կա մտայնություն, որ օրենքը արվում է Եվրոպայի պահանջով: Իրականում պահանջ, որպես այդպիսին, չկա: Կա իհարկե եվրոպական կամ արեւմտյան քաղաքակրթական խաղի կանոնների համախումբ, եւ այդ տեսանկյունից Հայաստանն իհարկե մի կողմից ինքն է որոշում դրանց միանալը, մյուս կողմից միանալով դրանց՝ պարտավոր է համապատասխանել քաղաքակրթական համակարգին ամբողջապես:

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենսդրական նախաձեռնությունը մի քայլ է քաղաքակրթական արդիական համակարգի ուղղությամբ, այդ առումով իշխանության կամքի մի դրսեւորում: Իհարկե, դա վճռորոշ քայլը չէ, հատկապես, կրկնեմ, երբ հարց է ընդունվելու դեպքում իրավակիրառական արդյունավետությունը, որը պետք է բերի ամենակարեւորին՝ բռնությունը ընտանեկան եւ ընդհանրապես հանրային հարաբերությունների հարցում եթե ոչ բացառելուն, ապա զրոյացնելուն մշակութային, մտածողության մակարդակում: Դա է բուն խնդիրը՝ ոչ թե լուծել խնդիրը պատժի սպառնալիքով, այլ պատասխանատվության կոնկրետ ինստիտուտի ներդրմամբ հասնել մտածողության արդիականացման եւ մշակութային վերափոխման, երբ, օրինակ «ապտակով մեծացած երեխան անպաշտոն չի մնա» արտահայտությունը կդադարի լինել միջին վիճակագրական հայաստանցու խոհափիլիսոփայական շերտերի արտահայտիչ:

Բայց, ինչպես եւ սպասելի էր, այդ քայլն արժանանում է մեծ հակազդեցության: Կա՞ դրա տակ քաղաքական շարժառիթ, ենթատեքստ, երեւալու՞ է որեւէ մեկի ականջը, թե ոչ, թե՞ իշխանությունն է յուրօրինակ խաղ խաղում՝ ասենք, նախաձեռնում է օրենքը, իսկ տակից էլ հրահրում «քարանձավային ընդդիմախոսություն» դրա դեմ, այդպիսով ցույց տալով, թե որքան արդիական է ինքը՝ որպես իշխանություն, եւ որքան բարբարոսական ու վայրենի է հանրությունն իր ընկալումներում: Դրանով էլ հնարավոր է լուծել քաղաքական հարցեր: Միմյաց դեմ հարցեր կարող են լուծել նաեւ իշխանական տարբեր խմբեր ու թեւեր, եւ իհարկե անգամ կարող է լուծվել աշխարհքաղաքական նշանակության հարց՝ Հայաստանում Ռուսաստանի հակազդեցությունն Արեւմուտքին:

Այդ ամենից վեր սակայն երեւի թե առավել խորքային մի հարց է, երբ հնարավոր է, որ Հայաստանի հանրության բավական նկատելի շրջանակներում Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքի նախագիծը ընկալվի կամ արդյունավետորեն լսելիորեն մատուցվի որպես «հայ ընտանիքի» դեմ նախաձեռնություն:

Ապշեցուցիչ է՝ բռնության կանխարգելման դեմ նախաձեռնությունը ներկայացվում է իբրեւ դավադրություն հայկական ընտանիքի, «օջախի» դեմ:

Այդպիսով, անուղղակիորեն, գիտակցական կամ ենթագիտակցական մակարդակում հաստատվում է, որ հայ ընտանիքը հիմնված է «երեխայի հանդեպ ծնողի բռնության իրավունքի» վրա՝ չկա այդ իրավունքը, չկա ընտանիք: Ընդ որում, թերեւս ամենամտահոգիչն այն է, որ դա հանրայնորեն «լեգիտիմ» ընտանեկան հիմք է, եւ երեխայի հանդեպ ըստ անհրաժեշտության ուժի, բռնության կիրառումը համարվում է ծնողի «անօտարելի իրավունքը»:

Ընտանիքն այդպիսով իսկապես վերածվում է «օջախի», բայց բռնության օջախի, հոգեբանական բարդույթների օջախի, որով ձեւավորվում են ամբողջ սերունդներ եւ մտնում հանրային կյանք, կամ չեն մտնում հանրային կյանք, բայց թույլ չեն տալիս նաեւ, որպեսզի հանրային կյանքը մտնի զանգվածային շոշափելի շերտեր: Այդպիսով խեղվում է պետության կյանքը, եթե անգամ ինչ որ հրաշքով այդ հանրույթները ստանում են պետություն ունենալու հնարավորություն:

Ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ՝ Հայաստանի հանրությունը կանգնում է բռնությունը լեգիտիմացնելու եւ բռնությունը կանխարգելելու ընտրության առաջ: Ընդ որում, տվյալ պարագայում մերկ, այսպես ասած իշխանությամբ եւ ոստիկանական համազգեստով չքողարկվող ընտրության մասին է խոսքը: Այսինքն, երբ հանրությունը կանգնած է ոչ թե իշխանության այս կամ այն օղակի, այլ իր իսկ բռնության դեմ պայքարելու, հենց իրեն բռնության իրավունքից զրկելու իսկապես «դաժան», բայց խորքային առումով հեղափոխական ու արդիական որոշման, կամ էլ իշխանության բռնությունը «օջախի» մակարդակով լեգիտիմացնելու առաջ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com