Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Նույն ուժերը նույն հետադիմական քարոզչությունն են իրականացնում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Հասարակություն - Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017, 16:19


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագծի շուրջ երեկ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ մի խումբ անձինք փորձել էին խոչընդոտել քննարկումը և նախագծի դեմ ելույթներ էին ունեցել: Այսօր արդեն այդ խմբերի կողմից «Զգացեք տարբերությունը» խորագրով թռուցիկներ են տարածվել, որոնցում համեմատական է տարվում Ռուսաստանում ու Արևմուտքում ընտանեկան արժեքների միջև: Համեմատությունը հօգուտ ռուսական ընտանիքների է, վատաբանվում են եվրոպական արժեքները:

“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրադարձություններին՝ ասաց, որ Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթն ստորագրելու նախաշեմին նորից նույն իրավիճակն է ստեղծվում Հայաստանում, ինչպես դա եղավ 2013 թվականին՝ գենդերային հավասարության մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ: Նույն ուժերը նույն հետադիմական քարոզչությունն են իրականացնում և նույն համեմատությունները տանում՝ Ռուսաստան, թե Եվրամիություն:

“Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ նույն ուժերի կողմից տեղի է ունենում եվրոպական և մարդու հիմնարար իրավունքներ և արժեքներ կոչվող երևույթների խեղաթյուրում: Ապատեղեկատվություն է տարածվում, հատկապես կանանց իրավունքների, հավասարության, երեխաների իրավունքների վերաբերյալ՝ սրելով ավանդական ապրելակերպով հասարակություններում ընտանիք արժեքի վերաբերյալ քննարկումները և վախերը: Այդ վախերի վրա են աշխատում և եվրոպական արժեքները, որոնք հենց մարդու իրավունքներին վերաբերող արժեքներ են, խեղաթյուրելով դա՝ վերագրում են հայկական ընտանիքը քանդելուն”,- ասաց նա:

Երեկվա քննարկումներն, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, ցույց տվեցին, որ որևէ ճշմարտանման փաստարկ չկա այս անձանց հայտրարություններում, որովհետև մտացածին դրույթներ են առաջ բերում:

“Նրանք խոսում էին հատկապես երեխաներին ընտանիքից օտարելու և ծնողական իրավունքների մասին: Նման դրույթներ նախագծում ընդհնարապես չկան: Նախագիծն անդրադառնում է միայն բռնության ենթարկվածներին պաշտպանություն և աջակցություն ցուցաբերելուն: Անգամ պատժիչ բնույթ չի կրում այն: Եվ երեկ տարօրինակորեն նկատեցի, որ նրանք կողմնակից են պատժիչ քաղաքականության ուժեղացմանը, այսինքն՝ բռնարարին քրեական պատասխանատվության ենթարկելուն: Դրան ժամանակին մենք էլ ենք կողմ արտահայտվել: Բայց նրանք բացարձակապես կողմնակից չեն, որպեսզի ընտանեկան բռնությունը կանխարգելվի”,- ասաց նա:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ հնարավոր չէ սահմանափակվել միայն պատժիչ գործողություններով, որովհետև բռնությունը նաև պետք է  կանխարգելվի, և ընտանեկան բռնությունից տուժածներին պետք է աջակցություն ցուցաբերվի: Որևէ պատժիչ օրենսդրություն չի աշխատում ընտանեկան բռնության ենթարկվածի դեպքում:

Հարցին, թե դեմ արտահայտվողների ներկայացրած փաստարկները կարո՞ղ են հանրային ընդհանուր կարծիքը փոխել, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա կախված է օրենքի հեղինակ Արդարադատության նախարարությունից, թե ինչպիսի քարոզչություն կտարվի նախարարության կողմից: Որքան էլ ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպությունները քարոզչություն են իրականացնում, բայց ռեսուրսները սահմանափակ են:

“Մենք չենք կարող, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական հոլովակներ տեղադրել: Իսկ պետության ֆունկցիան հենց այն է, որպեսզի կարողանա իր կրթական և տեղեկատվական բոլոր խողովակներն օգտագործելով՝ ներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում օրենսդրությունը, ինչն է կարգավորում և ինչը չի կարգավորում: Նախարարությունը կարծես վճռական է տրամադրված նման օրենքի ընդունման  հարցում, բայց քարոզչության հարցում կառավարությունը թերանում է: Մեկ տարի առաջ օրենքի նախագիծը հանվեց նախարարության կայքից, և մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արվել հանրային գիտակցությունը բարձրացնելու համար: Սա ես բացթողում եմ որակում”, ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com